a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ալ.Հարությունյանին նվիրված համերգ՝ խաչատրյանական փառատոնի շրջանակում

խաչատրյան

Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 24-ին կայացած սիմֆոնիկ համերգը նվիրված էր անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյա հոբելյանին։ Ծրագիրը ներառում էր ինչպես Հարությունյանի գործերը, այնպես էլ՝ ռուս և ֆրանսիացի կոմպոզիտորների երկեր, այդ թվում հայաստանյան պրեմիերա (Պյոտր Չայկովսկի՝ «Ռոմեո և Ջուլիետ» ֆանտազիա-նախերգանք, Կամիլ Սեն-Սանս՝ «Մուսան և պոետը» ջութակի, թավջութակի և նվագախմբի համար, հայաստանյան պրեմիերա, Ալեքսանդր Հարությունյան՝ Պարային սյուիտ, Թեմա և վարիացիաներ շեփորի և նվագախմբի համար)։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկան մեծահամբավ երաժիշտներ՝ իսպանաբնակ ջութակահար Զոհրաբ Թադևոսյանը, Գերմանիայում բնակվող թավջութակահար Միքայել Հախնազարյանը և Ռուսաստանն ու Իսրայելը ներկայացնող շեփորահար Սերգեյ Նակարյակովը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ այս համերգը շատ կարևոր էր իր և նվագախմբի համար։ «5 տարի առաջ մենք նշեցինք Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյակը։ Այսօր նա մեզ հետ չէ, բայց մենք ունենք նրա երաժշտությունը, որ այնքան սիրում ենք։ Այս երեկոն շատ պարտավորեցնող է։ Մենք երբեք չենք մոռանա մաեստրո Հարությունյանի դրական լիցքերը, որ նա մեր համերգների ընթացքում դահլիճից փոխանցում էր մեզ։ Նա մեծ դեր է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գործունեության ընթացքում։ Մենք նոր-նոր էինք սկսում մեր աշխատանքը, կոլեկտիվը նոր էր ձևավորվում, երբ կատարեցինք Հարությունյանի ստեղծագործություններից։ Եվ տեսնել էր պետք երաժիշտների աչքերը, երբ լսեցին մաեստրոյի ոգևորող, քաջալերող խոսքերը»,- նշեց Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ Ալեքսանդր Հարությունյանի գործերը Երիտասարդական նվագախումբը շատ

հաճախ է կատարում։ Ըստ դիրիժորի՝ մաեստրո Հարությունյանն այն կոմպոզիտորն է, որ հնչեցրել է 21-րդ դարի արդեն ձևավորված երաժշտությունն ու սիմֆոնիզմը։

Սերգեյ Նակարյակովն աշխարհի ամենահայտնի շեփորահարներից է։ Համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում, համագործակցում է ամենահայտնի դիրիժորների, նվագախմբերի և կատարողների հետ։ Նա թողարկել է ավելի քան 15 ձայնասկավառակ։ Սերգեյ Նակարյակովը Հայաստանում է 5-րդ անգամ, սակայն Երիտասարդական նվագախմբի հետ համագործակցում է առաջին անգամ։ Նա նշում է, որ իր շփումը հայկական երաժշտության հետ եղել է 10 տարեկանում, երբ առաջին անգամ ելույթ ունենալով նվագախմբի հետ՝ կատարել է Ալեքսանդր Հարությունյանի կոնցերտը, որից հետո այդ կոնցերտը միշտ իր հետ է։ Սերգեյ Նակարյակովը, խոսելով Երիտասարդական նվագախմբի հետ աշխատանքի մասին, նշում է, որ շատ տպավորված է, և նվագախումբը հնչում է հիանալի։

Թավջութակահար Միքայել Հախնազարյանը, որ ջութակահար Զոհրաբ Թադևոսյանի և Երիտասարդական նվագախմբի հետ խաչատրյանական երեկոյին Հայաստանում առաջին անգամ ներկայացրեց ֆրանսիացի կոմպոզիտոր Սեն-Սանսի «Մուսան և պոետը» ստեղծագործությունը ջութակի, թավջութակի և նվագախմբի համար, նշում է, որ իր համար հաճելի է նոր գործ նվագել։ Միքայել Հախնազարյանն ընդգծում է, որ Հայաստանի երաժշտական կյանքը բավականին հագեցած է։ Նա հատկապես առանձնացնում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը։ Ընդ որում, թավջութակահարը նկատում է, որ թեև մանկուց ճանաչում է Զոհրաբ Թադևոսյանին, Եվրոպայում բազմիցս հանդիպում են, սակայն շնորհիվ խաչատրյանական փառատոնի առաջին անգամ են հանդես գալիս միասին։

Իսպանաբնակ ջութակահար, մանկավարժ Զոհրաբ Թադևոսյանն էլ նշում է, որ Խաչատրյանի անվան փառատոնը կազմակերպվել է բարձր մակարդակով։ Ըստ նրա՝ փառատոներին մասնակցությունը մեծ աճ է երաժշտի համար, շփում այլ երկրների երաժիշտների հետ, ինչը մեծ ձեռքբերում է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0