a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Դավիթ Խանջյանի հիշատակին նվիրված երեկո՝ խաչատրյանական փառատոնում

խանջյան

Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցող համերգները յուրատեսակ երաժշտական նվիրում են մեծանուն արվեստագետներին։ Հոկտեմբերի 13-ին Կամերային երաժշտության տանը հրավիրված համերգը նվիրված էր անվանի դիրիժոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր Դավիթ Խանջյանի 75-ամյակին։

Երեկոյի ընթացքում հանդես են եկել թավջութակահարներ Սուրեն Բագրատունին (ԱՄՆ) և Հակոբ Աթյանը, դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը և Զարուհի Խանջյանը։ Հակոբ Աթյանը, ի դեպ, Դավիթ Խանջյանի թոռն է, իսկ Զարուհի Խանջյանը՝ դիրիժորի դուստրը։ Երեկոյի ընթացքում հնչեցին Հենդելի, Բախի, Շոպենի, Մոցարտի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը բարձր է գնահատում Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչների վերաբերմունքը Դավիթ Խանջյանի հանդեպ։ «Դավիթ Խանջյանն անզուգական երաժիշտ էր, կարճ ժամանակաշրջանում գծեց մի ամբողջ դարաշրջան, եղավ նորարար թե՜ ծրագրային փոփոխությունների, թե՜ կոնցեպտուալ հարցերի, թե՜ կազմակերպչական առումներով։ Նա մեծ ծառայություններ է մատուցել քրմի նվիրվածությամբ։ Դիրիժորական վահանակի հետևում մոլեռանդ արտիստ էր։ Ցավոք, շատ շուտ ավարտվեց նրա կյանքը, սակայն ինձ թվում է՝ նա մեզ հետ է, և այսօրվա երեկոն դրա ապացույցն է։ Ես սակավաթիվ մենակատարներից եմ եղել, որը մշտապես նրա հետ նվագել է, ունեցել եմ այդ երջանկությունը»,- նշեց Սվետլանա Նավասարդյանը։

Զարուհի Խանջյանն ընդգծում է, որ հայրը հպարտ կլիներ՝ տեսնելով, որ զավակները շարունկում են իր գործը, ապրեցնում իր գաղափարները։ Նա նկատեց, որ ուրախ են հատկապես այս կազմով մասնակցել խաչատրյանական փառատոնին։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0