a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
15/08/2015

Եթե տարին 5 անգամ էլ այդ երաժիշտները գան Հայաստան, հայ արվեստը դրանից չի զարգանա

9599fd001bee1239a86821d06269bd56

- Պարոն Չաուշյան, այսօր մեր երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք, որոնք Ձեր մտահոգությունների կենտրոնում են։ 

– Բոլոր ոլորտներն էլ մտահոգում են, չի լինում, որ մի ոլորտը լավ լինի, մնացած ոլորտները՝ վատ, դրանք միացյալ են, բայց, իհարկե, ինձ ավելի մոտ է երաժշտական մշակույթը։ Ուզում եմ նշել, որ ունենք փայլուն երիտասարդներ եւ ավելի շատ, քան ուրիշ ժամանակներում՝ օժտված տաղանդով, աշխատասիրությամբ, բայց, մի կողմից էլ, այդ երիտասարդներն այստեղ չեն տեսնում ապագա, հատկապես, եթե բարձր կարգի երաժիշտներ են։ Ավելին՝ նույնիսկ միջին կարգի երաժիշտներն աշխատում են գնալ այնտեղ, որտեղ կվարձատրվեն ավելի շատ, դա բնական երեւույթ է։ Իհարկե, եթե հայրենասիրությունն ավելի հզոր նստած լիներ երիտասարդների մոտ, գուցե շատ շատերն աշխատեին մնալ ու պայքարել, օգտակար լինել հայրենիքին։ Բայց այդ հասկացողությունը կամաց-կամաց «ջրվում» է: Հիշում եմ՝ Սովետական Միության տոտալիտար տարիներին այդ հայրենասիրության զգացումը շատ ավելի հզոր էր, միգուցե նրանից էր, որ չունեինք անկախ երկիր, բայց 65 թ.-ին ժողովուրդը դուրս եկավ փողոցներ, եւ այդ միասնականության զգացումը շատ հզոր էր։ Սա այն կարեւորագույն զգացումն է, որ մեր ժողովրդին պակասում է։ Եվ երբ մեր ժողովուրդը համախմբվել է, նա հաղթանակներ է տարել, բայց, ցավոք, այսօր այդ համախմբվածությունը չկա, կան հզոր անջրպետներ ժողովրդի տարբեր շերտերի մեջ, կա ահավոր աղքատություն եւ ահավոր հարստություն, որը, երեւի, բնորոշ է կապիտալիստական ռեժիմին։ Մեզ մոտ տեղի ունեցավ արժեքների վերագնահատում, եթե տարիներ առաջ մեր ժողովրդի մեջ շատ բարձր դիրք ունեին գիտնականները, արվեստագետները, ապա այսօր նրանք 3-րդ, 4-րդ պլանում են, ինչը ցավալի երեւույթ է, որովհետեւ նրանց մասնակցությունը նույնիսկ քաղաքական հարցերին շատ կարեւոր կլիներ։

– Մոտ մեկ ամիս առաջ Բաղրամյան պողոտայում կարծես տեսանք այդ միասնականությունը, դա արդյոք ոչ մի հույս չի՞ ներշնչում։

– Ես շատ ոգեւորված էի, ասեմ ավելին, երբ սկսվեց Մաշտոցի պուրակի, հետո տրանսպորտի գների թանկացման գործընթացը, երիտասարդները կարողացան իրենց միասնականությամբ հաղթել։ Նրանք փչացած չեն ոչ սովետական ռեժիմով, ոչ ճորտային մտածելակերպով, դա շատ կարեւոր է։ Բայց այս վերջին շարժումը մի տեսակ իր ավարտը չունեցավ, նույնիսկ՝ զարգացումը։ Մյուս կողմից գնահատեցի նաեւ ղեկավարության պահվածքը, որ սկզբում դիմեցին «սովորական» քայլերի, հետո զգացին, որ դա ճիշտ չէ։ Ինքս էլ գնում էի այնտեղ, ու ինձ շատ էր դուր գալիս երիտասարդների պահվածքը, սա նոր մշակույթ է մեր երկրում, բայց հիմա առանձնապես հեռանկար չեմ տեսնում այդ շարժման հետ կապված, որովհետեւ իրենք էլ չեն իմանում, թե որն է իրենց նպատակը, եթե խոսքը գնում է 7 դրամի մասին, ապա հարցն ինչ-որ ձեւ լուծվել է, բայց 7 դրամը շատ փոքր պատճառ է, դա ունի ավելի խորքային պատճառներ, 7 դրամը որտեղից է գալիս…

- Առնվազն քաղաքական հիմքեր ունի․․․

– Այո, այո… այդ միասնականությունն ամենակարեւորն է, որ մեր երկիրը պետք է կարողանա վերջապես ստեղծել ղեկավար այնպիսի կառույց, որին ժողովուրդը հավատա։ Չգիտեմ՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ, մեր պատմությունը ցույց է տվել, որ չի եղել նման բան, շատ քիչ բացառություններով, բայց դա է միակ տարբերակը, որ կարողանա Հայաստանն իսկապես ոտքի կանգնել եւ կառուցողական երկիր դառնալ։ Դրա համար մենք ունենք բոլոր տվյալները եւ գործարար մարդկանց, եւ բանվորական, եւ արվեստի-գիտության, այսինքն՝ ոչ մի բանով մենք չպիտի զիջենք Իսրայելի պես պետությանը, բայց այսօր համեմատելու եզրեր չունենք Իսրայելի հետ։

- Վերջին ամիսներին շատ է խոսվում նաեւ սահմանադրական բարեփոխումների մասին, Դուք ինչ-որ հույսեր կապո՞ւմ եք դրա հետ, ինչքանո՞վ այն կբարելավի հասարակ մարդու կյանքը, կենցաղը, հատկապես որ տեսնում ենք՝ գործնականում օրենքներից ու սահմանադրությունից շատ քիչ բան է կախված, եւ հարկ եղած դեպքում մահակն իջնում է նաեւ անմեղ մարդու գլխին։

– Ես չեմ կարծում, որ մեր սահմանադրության մեջ կան խայտառակ թույլ հոդվածներ, որոնց առկայությունը խանգարում է մեր կյանքին։ Իհարկե, սա ունի ավելի հեռահար նպատակներ, բայց մի բան եմ հասկանում, որ խորհրդարանական հանրապետությունը պահանջում է ավելի կազմակերպված հասարակություն, քան նախագահականը, որովհետեւ մեր ժողովուրդը սովոր է ունենալ մի տեր, որին ծառայում է։ Իհարկե, մենք գիտենք, որ կան երկրներ, որ չունեն նախագահ եւ շատ լավ գոյատեւում են ու զարգանում, օրինակ՝ Անգլիան թագուհի ունի եւ շատ լավ երկիր է: Այնպես որ, կարեւորը ոչ թե կառուցվածքն է, այլ այն դերակատարները, որ այդ կառուցվածքի մեջ են։

– Իսկ մշակութային դաշտում ի՞նչ իրադարձություններ կառանձնացնեք:

– Այս տարին ինձ համար անցնում է միայն 100-ամյակի ներքո։ Ես գիտեմ, որ ստեղծվել են մի շարք նոր ստեղծագործություններ, որոնց մեջ կան արժեքավորները, որոնք, հուսամ, մինչեւ տարվա վերջ կհնչեն։ Անձամբ ես գրել եմ «remember 1915» կոչվող կվարտետ, որի պրեմիերան կլինի սեպտեմբերի 8-ին, գրել եմ երգ՝ «Սրբազան Հայաստան», որն արդեն հնչել է ԱՄՆ-ի 4 քաղաքներում։ Ինչպես մի երիտասարդ կոմպոզիտոր ասաց՝ այսօր կոմպոզիտոր լինելը շատ թանկ հաճույք է, եւ կամաց-կամաց կոմպոզիտորի մասնագիտությունը վերածվում է հոբբիի, նա չունի ոչ մի հնարավորություն փող աշխատելու, որովհետեւ մեր կինոարտադրությունը չի դիմում կոմպոզիտորներին, թատրոնները՝ նույնպես, կարող է 1-2 դեպք լինի, բայց դա չի կրում ընդհանուր միտում։ Հետո՝ մեզ մոտ համարյա ոչ մի երաժշտական դպրոցում, ուսումնարանում չեն ուսուցանվում կոմպոզիցիայի դասեր, ինչը բերեց նրան, որ այս ընդունելության տարում ընդամենը մի դիմում եղավ կոմպոզիտորականի համար, որն ահավոր թույլ էր, եւ մերժեցինք: Փաստորեն, պատմության մեջ առաջին անգամ ոչ ոք չի ընդունվել կոմպոզիցիայի բաժին։

- Քանի որ Կոնսերվատորիայի ընդունելության հանձնաժողովում եք եղել, ընդհանուր դիմորդների մակարդակն ինչպե՞ս կգնահատեք։

– Ես միայն կոմպոզիցիայի հանձնաժողովում էի, եւ միջին մակարդակն ինչ-որ տեղ պահպանվում է։ Առաջ երաժշտության տալը շատ կարեւոր հանգամանք էր, նույնիսկ օժիտի համար մի դիպլոմ պատրաստում էին, բոլորի տանը երաժշտական գործիքներ կային, հիմա դրանց հսկայական մասը վաճառված է, եւ այդ ձգտումն էլ չկա, եթե կա՝ մի նպատակով, որ մի բան սովորի ու գնա։ Բոլոր դեպքերում, ծաղկունքի շրջանում չէ Կոնսերվատորիան, ինչպես եւ մնացած օջախները։ Իսկ դա ինքն իրեն երբեք չի շտկվի, պետք է պետական վերաբերմունք։ Նախ՝ ուսանողների, դասատուների թիվը սարսափելի ուռճացված է, ժամանակին ընդունել ու ընդունել են։ Հայաստանի պես երկրի համար, եթե տարին 1-2 դաշնակահար ավարտեն, դա լիովին բավական է՝ պահանջարկի տեսակետից։ Ժողգործիքների բաժինն է մեծ, մեզ համար այսօր ամենակարեւորը լարային, փողային գործիքների բաժիններն են, որոնք կամաց-կամաց պակասում են։ Վճարովի տեղերի համար հիմնականում դիմում էին պարսիկ ուսանողները, որոնք սկզբնական շրջանում բավական լավ տպավորություն էին թողնում եւ, ի տարբերություն մերոնց, անընդհատ ուզում էին սովորել: Հիմա նրանց մակարդակն էլ է բավական ընկած։ Պրոբլեմներ շատ կան Կոնսերվատորիայում, սկսած աշխատավարձից, մթնոլորտից եւ նույնիսկ ինտերիերից։

– Դեռ մի քանի տարի առաջ բողոքում էին զուգարանների, լսարանների վիճակից, փաստորեն, շատ բան չի փոխվել։

– Ամեն ինչ գալիս է ֆինանսից, եթե չկան գումարներ, զուգարաններն էլ կեղտոտ կլինեն, դահլիճ էլ չի լինի, Կոնսերվատորիան մինչեւ հիմա մեծ դահլիճ չունի, լսարանների ակուստիկայի մասին մտածելն անգամ ավելորդ է։ Եթե խոսենք Կոմպոզիտորների միության մասին, ապա նույնը պետք է ասեմ՝ ֆինանսներն անհրաժեշտ են, բայց, իհարկե, բարելավում կա միությունում վերջին համագումարից հետո, միությունն սկսեց մի թեթեւ շունչ քաշել, վերականգնվեցին մասնաճյուղերը, բավականին շատ համերգներ եղան Ամերիկայում, Ռուսաստանում, վրաց կոմպոզիտորները եկան այստեղ, հայ երիտասարդները գնացին Ռուսաստան: Սա այն շարժն է, որ պետք է լինի, բայց, իսկապես, մեծ քայլեր անելու համար պետք են գումարներ։

– Որքանով գիտեմ, Կոմպոզիտորների միությունում էլ ամեն ինչ բարվոք վիճակում չէ, նույն ինտերիերից սկսած։

– Բարվոքը՝ չգիտեմ, բայց որ հիմա այն ավելի շատ նման է Կոմպոզիտորների միության, քան առաջներում, դրանում խոսք չկա։ Հիմա մի մարդու փոխարեն կա գործող վարչություն, խորհուրդ, եւ մարդիկ մտնում են միություն՝ ակտիվ ինչ-որ հարցեր լուծելու, ոչ թե խոնարհվելու նախագահին։ Այդ տեսակետից կա պրոգրես, բայց իսկական գործունեությունը կարող է լինել լավ ֆինանսական բազայով։

Ավելին՝ Hraparak.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0