a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երիտասարդական նվագախումբը և Արա Մալիկյանն Իսպանիայում «1915» ստեղծագործությամբ ոգեկոչեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը

2

Ավստրիայի հեղինակավոր «Բրուքներֆեստ» միջազգային փառատոնում և Վիեննայի «Մյուզիքֆերեյնում» ելույթներ ունենալուց հետո Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հերթական կանգառն Իսպանիան էր։ Երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, երկու համերգով հանդես է եկել աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանի հետ, ով առաջադրվել է լատինամերիկյան Գրեմմի մրցանակի։ Այս մասին տեղեկանում ենք Երիտասարդական նվագախմբի պաշտոնական կայքից։

Սեպտեմբերի 25-ի ելույթը կայացել է իսպանական Սարագոսայի «Մոցարտ»  համերգասրահում, իսկ սեպտեմբերի 26-ի համերգը՝ Մադրիդի Թագավորական թատրոնում։ Նշենք, որ համերգների տոմսերը ելույթից դեռ շաբաթներ առաջ սպառվել էին։
Երաժիշտներն արժանացել են հանդիսատեսի աննախադեպ ընդունելության։ Հնչել են Խաչատրյանի, Մենդելսոնի, Պագանինիի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները, կատարումներ «Լեդ Զեփելինի» ռեպերտուարից։ Երաժիշտները կատարել են Արա Մալիկյանի «1915» ստեղծագործությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ընդ որում, «1915» գործը գրված էր հենց այս համերգների համար։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ նվագախմբի և իր՝ որպես դիրիժորի համար շատ հետաքրքիր է աշխատել Արա Մալիկյանի նման ինքնատիպ արտիստի հետ։
Արա Մալիկյանը ծնվել է Բեյրութում, ուսանել է Լոնդոնում, այժմ բնակվում է Մադրիդում։ Նա վիրտուոզ ջութակահար է՝ վառ արտահայտչականությամբ։ Թողարկել է մի քանի տասնյակ ձայնասկավառակ։ Նրա ջութակը երաժշտական աշխարհում ամենաօրիգինալ և նորարարական ձայներից է։ Մալիկյանը հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է, տարեկան ունենում է ավելի քան 450 համերգ աշխարհի մոտ 40 երկրում:
Սերգեյ Սմբատյանը նշում է, որ 2016-ին փորձելու են հրավիրել Արա Մալիկյանին Հայաստան, քանի որ նա հայ ժողովրդի հերոսներից է։ «Մենք միշտ հայերի ենք փնտրում այլ ազգերի մեջ, բայց մոռանում ենք, որ ունենք իրական հայ հերոսներ, ովքեր աշխարհում մտածելակերպ են փոխում, ձևավորում հայ մարդու կերպարը Հայաստանի սահմաններից դուրս»,- ասում է Երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0