a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ինձ համար մեծ պատիվ է նվագել հայրենիքում». Լյուսի Խանյան

Lucy Khanayan

Հին հույները մի առասպել են հյուսել Օրփեոս երգչի մասին, ում երգը հրաշքներ էր գործում այնտեղ, ուր չէին օգնում նետն ու սուրը, ուժն ու արիությունը:

Երաժշտությունն արվեստի տեսակ է, որի հիմքում ընկած են ձայնն ու լռությունը, և որի ընդհանուր տարրերն են բարձրությունը, ռիթմը, դինամիկան: Եվ չնայած նրան, որ երաժշտությունը բաժանվում է ժանրերի և ենթաժանրերի, որոնց միջև առկա փոխհարաբերությունները հաճախ ճկուն են, բայց և այնպես, այդ փոխհարաբերությունները երբեմն կախված են անձնական մեկնաբանությունից և երբեմն նույնիսկ հակասական են։ Այդօրինակ ժանրերի թվին է դասվում ֆյուժնը (թարգմ. խառնուրդ), որտեղ մեկտեղվում են անհամատեղելի թվացող երևույթները:

Հայ ազգային երաժշտության յուրահատուկ ջազային մեկնաբան Լյուսի Խանյանը կարողացավ ստեղծել իր ուրույն ոճը հենց այս ժանրում՝ հիմնվելով հայ ազգային երաժշտական ակունքների վրա՝ միաժամանակ համատեղելով ֆոլկ, ջազ և էթնիկ էլեմենտները: Ինքնուրույն կատարելագործելով երաժշտական ունակությունները՝ նա ներկայանում է  իր օրիգինալ ստեղծագործություներով, որոնք առանձնահատուկ են իրենց բազմազանությամբ և հուզականությամբ: Երաժիշտն այս պահին Երևանում է և պատրաստվում է ներկայանալ համերգներով: Բայց մինչ այդ…
Խորը և ոգեշունչ, զգացմունքային և տածող, պարուրող իր անսահման ջերմությամբ, այս կերպով կարելի է բնութագրել Լյուսիի երաժշտական աշխարհը, ով շարունակելով իր ստեղծագործական եռանդուն աշխատանքը՝ արդարացրեց իր ունկնդիրների սպասելիքները և 2015թ.-ին թողարկեց իր առաջին ձայնասկավառակը՝ “Vision”-ը: Իսկ թե ի՞նչ է երաժշտությունը Լյուսիի համար առհասարակ, Culture.AM-ի հետ զրույցում երաժիշտը նշեց.

-Ինձ համար երաժշտությունը գոյաձև է, որն իր մեջ պարունակում է ավետիս տիեզերքից: Ես ընդամենը միջնորդ եմ ՝ վերարտադրելու տիեզերքի ելևէջները: Ես համոզված եմ, որ երաժշտությունն ամենազորեղ ապաքինող ուժն է աշխարհում:

Դե իսկ ֆյուժն ժանրում ստեղծագործելու որոշումը Լյուսի Խանյանը կայացրել է Միացյալ Նահանգներում.
- Առնչվելով ամերիկյան տարբեր երաժշտական ժանրերի հետ՝ ես հավատարիմ մնացի հայի ստեղծած մշակութային արժեքներին, ու ծնվեց ազգային տարբեր, բազմաժանր, հոգեպարար երաժշտություն:

Ստեղծագործել երաժիշտը սկսել է դեռևս վաղ հասակից, ունի մի շարք ստեղծագործություններ, որոնցից 7-ը՝ ֆյուժն ժանրում կներկացավեն սպասվող համերգների ընթացքում: Երաժշտական եռյակով հանդես կգան թմբկահար Մովսես Էբեջյանը, բաս կիթառահար Գուրգեն Էբեջյանը, ստեղն. գործիք՝ Լյուսի Խանյանը:

Համերգը կկայանա Ակումբ 12-ում  սեպտեմբերի 15-ին և Կամի ակումբում Սեպտեմբերի 27-ին. նաև տեղի կունենա ձայնասկավառակի շնորհանդես,- տեղեկացրեց երաժիշտը և հավելեց.
Ինձ համար մեծ պատիվ է նվագել հայրենիքում և ներկայանալ իմ ստեղծագործություններով հայ լսարանին:

Սյուզաննա Գարեգինյան (Culture.AM)
Լուսանկարը՝ Հայկ Ատոմթսի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0