
22/05/2015
|
Կայացել է «Մշակութային ժառանգության վերածնունդ» խորագրով սկավառակների շնորհանդեսը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մայիսի 21-ին կազմակերպվել էր «Մշակութային ժառանգության վերածնունդ» խորագրով սկավառակների շնորհանդեսը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Սկավառակներից մեկը կազմված է հայ երգի մեծ երախտավոր, բանահավաք, ազգագրագետ, երգիչ Հայրիկ Մուրադյանի կատարմամբ երգերից, իսկ երկրորդը՝ «Կարին» ազգագրական երգ ու պարի խմբի կատարմամբ պարերից: Սկավառակների հետ տպագրվել է նաև գրքույկ, որն ամփոփում է երգերի նոտաները, բառերը, ներկայացված են պարերի մասին տեղեկություններ, պարերի նկարագրությունն ու խորհուրդը։
Ծրագրի նախաձեռնողը «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպությունն է, որն իր գաղափարը կյանքի է կոչել ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:
«Հայրիկ Մուրադյան» ՀԿ նախագահ, երաժիշտ Նարինե Դելլալյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում առաջիկա ամիսների ընթացքում Գավառ, Եղեգնաձոր, Արմավիր, Գյումրի, Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքներում հարյուրավոր հայ պատանիներ և երիտասարդներ մասնակցելու են իրենց նախնիների մշակույթի մասին իրազեկող միջոցառում-դասընթացների, սովորելու են ազգային երգն ու պարը։ Մարզեր կմեկնեն և դասընթացները կանցկացնեն «Կարին» ավանդական երգ ու պարի համույթի անդամները։ Նպատակը երիտասարդ սերնդի մեջ ազգային մշակույթի տարածումն է։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի «Ցեղասպանություն» և «Մերօրյա հերոսներ» անվանակարգերի ծրագրերի համակարգող Գայանե Մանուկյանն ընդգծեց, որ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների շրջանակներում կարևորվում են մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնությունները։
Ավելին՝ Tert.am կայքում