a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Չին արվեստագետները տպավորված էին հայ երաժշտությամբ, ճարտարապետությամբ ու կինոյով

a (11)

Հայաստանի կոմպոզիտորների միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան և Չինաստանի երաժիշտների ասոցացիայի գործընկերությամբ կազմակերպել էր հայ-չինական ժամանակակից երաժշտության փառատոն, որն անցկացվեց ՀԿՄ «Համագործակցություն» նախագծի շրջանակներում.
– Քանի որ Կոմպոզիտորների միությունը նպատակ ունի ընդլայնել տարբեր երկրների հետ մշակութային կապերի աշխարհագրությունը, ուստի ստետծվեց այս նախագիծը, որի շրջանակներում արդեն կայացել են հայ-ռուսական և հայ-վրացական ժամանակակից երաժշտության համերգներ: Այսօր Չինաստանն այն երկիրն է, որը զբաղեցնում է աշխարհում կարևորագույն տեղ, բացի այդ, այն հին քաղաքակրություն, մշակույթ ունեցող երկիր է, և բնական է, որ մեր ուշադրությունից դուրս չմնաց որպես գործընկեր: Շուրջ երկու տարի առաջ նամակով դիմեցինք դեսպանատուն և երկարատև աշխատանքի արդյունքում այսօր նախագծի հայ-չինական համագործակցությունն իրականություն է, – նշում է նախագծի հեղինակ, ՀԿՄ աշխատակազմի ղեկավար, կոմպոզիտոր Սվետլանա Ալեքսանյանն ու ավելացնում, որ նախագիծը չէր իրականանա, եթե չլիներ Միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի աջակցությունն ու քաջալերումը:

Հուլիսի 8-ի երեկոյան Հայաստան էին ժամանել Չինաստանի երաժիշտների ասոցացիայի փոխնախագահ և գլխավոր քարտուղար Հան Սինյանը, Չժեցչյան նահանգի կոնսերվատորիայի տնօրեն Սյուի Մընգունը և Չինաստանի ժողովրդական երաժշտության հրատարակչության տնօրեն Մոո Յունհուեյը: Հյուրերը հուլիսի 9-ին նախ այցելել են Եղեռնի հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին, որից հետո եղել են Եղեռնի թանգարան-ինստիտուտում և Փարաջանովի տուն-թանգարանում: Հետաքրքրական է, որ հյուրերը շատ էին տպավորվել հուշահամալիրի տեսքով: Ինչպես իրենք էին նշում՝ նորովի բացահայտում էր թե Հայաստանը, թե իր ճարտարապետությունը, թե երաժշտությունն ու առհասարակ մշակույթը: Փարաջանովի տուն-թանգարանում հյուրերին ուղեկցել է թանգարանի տնօրենը, ով ներկայացրել է Փարաջանովի կյանքը, գործունեությունը, հայ կինոն: Հյուրերը  տպավորված լինելով նաև հայ կինոյի մեծանուն ներկայացուցչի գործունեությամբ՝ որոշում հայտնեցին խորապես ուսումնասիրել նաև հայ կինոարտադրությունը:

Մինչ համերգը հյուրերն այցելել են նաև  Հայաստանի կոմպոզիտորների միություն: Հանդիպմանը  ՀԿՄ նախագահը կարևորելով այցը Հայաստան՝  ներկայացրել է հյուրերին հայ պրոֆեսիոնալ երաժշտության զարգացման ընթացքը և հույս հայտնել, որ սա հիմք կհնանդիսանա երկու կողմերի ապագա սերտ համագործակցության համար: Հանդիպումից հետո հյուրերն այցելել են նաև Կոմիտասի պանթեոն:

Երեկոյան արդեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ համերգը: Բացման խոսքով հանդես եկավ Սվետլանա Ալեքսանյանը, ով նշեց նախագծի կարևորության մասին և ներկայացրեց հյուրերին: Ի դեպ, Չինաստանից ժամանած հյուրերի հետ համերգին ներկա էին նաև  ՉԺՀ-ի դեսպանատան ներկայացուցիչները՝ հյուպատոսի գլխավորությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ նաև Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ով նշեց, որ երկու ժողովրդներին միմյանց կապում է հին պատմությունը և նոր ժամանակներում զարգացման նոր ուղիներ որոնելու ձգտումը :

Համերգի առաջին բաժնում հնչեց չինական երաժշտություն: Նախապես հայտնի էր, որ  հյուրերի հետ Հայաստան էր ժամանելու Չինաստանի հայտնի տենորներից մեկը,ով պետք է ներկայացներ երկու չինական  ժողովրդական երգ, սակայն հարգելի պատճառներով նրա այցը չիրականացավ:Նախագծի հեղինակի նախաձեռնությամբ՝ համարը դուրս չէր եկել ծրագրից, փոխարենն այն հնչեց հայ երաժիշտների կատարմամբ, որը շատ մեծ ջերմությամբ ընդունվեց հյուրերի կողմից: Հետաքրքրական է, որ երեկոյին հնչած ևս երկու չինական ստեղծագործություն էլ գրվել էր հատուկ այս համերգի համար:

Համերգի երկրորդ բաժնում էլ հնչեց հայ երաժշտություն, ներկայացվեց հայկական վիոլա գործիքն իր ամբողջ հմայքով. Գրիգոր Առաքելյանի կատարմամբ հնչեց Լոռվա գութաներգի մշակումը: Երեկոյի ընթացքում  հնչեցին նաև Ա. Սաթյանի, Գ. Հովհաննիսյանի, Ս. Ալեքսանյանի և Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործությունները:

ՀԿՄ փոխանցմամբ՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այս համագործակցությունը կլինի շարունակական: Հաջորդ տարի նախատեսվում է հայ երաժշտության համերգ արդեն Չինաստանում:

 

Ֆոտոշարքը՝ Մարիամ Ղազանչյանի (Culture.AM)

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0