a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հիշողությունը, ճանաչումը, դատապարտումն այդ սոսկալի ոճրի կանխարգելման միակ երաշխիքն են․ Շվեյցարիայում ՀՀ դեսպան

ժնևի կոնս․

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման Շվեյցարիայի հանձնախմբի նախաձեռնությամբ և Ժնևի քաղաքային խորհրդի բարձր հովանու ներքո Ժնևի Կոնսերվատորիայի մեծ սրահում տեղի է ունեցել ոգեկոչման երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Շվեյցարահայ հայտնի դիրիժոր Լյուկ Բաղդասարյանի գլխավորած «Ժնևի Սիմֆոնիկ վարիացիաներ» նվագախմբի կատարմամբ ներկայացվեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Գուգեն Ալեմշահի ստեղծագործությունները:

Ինչպես հաղորդում է hayernaysor-ը, միջոցառմանը բացման խոսքով հանդես  է եկել Ժնևի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Սամի Կանաանը, որի խոսքով «20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի` Հայոց Ցեղասպանության լիարժեք և ամբողջական ճանաչման, դատապարտման, ինչպես նաև հիշողության տուրքի անհրաժեշտությունը»: Նա դատապարտել է  Հայոց Ցեղասպանության ժխտման փորձերը, «որոնք խոչընդոտում են ժողովուրդների խաղաղ և ներդաշնակ ապագային»: Սամի Կանաանը հույս է հայտնել նաև, որ հաջորդ տարվա ընթացքում արդեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշողության լապտերներ» հուշակոթողն իր արժանի տեղը կգտնի Ժնևում:

Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանն իր ելույթում ընդգծել է, որ «ցեղասպանությունը մեկ ժողովրդի դեմ իրագործված ոճիր չէ, այն ծանրագույն հանցագործություն է ողջ մարդկության դեմ, մարդկության համընդհանուր պարտությունը: Եվ միայն հիշողության համընդհանուր տուրքն է, որ ի զորու է մեղմել արնածոր վերքի ցավը»:

Նաընդգծել է, որ «Հիշողությունը, ճանաչումը, դատապարտումն այդ սոսկալի ոճրի կանխարգելման միակ երաշխիքն են: 1939 թվականին Հիտլերի խոսքերը «Ով է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին» ևս ցույց են տալիս այն անմիջական կապը, որ առկա է ժխտման, անպատժելիության և ոճրի կրկնման միջև»:

Դեսպանորդ Տոլմաջյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակն առիթ է նաև վերստին հիշելու և երախտագիտություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր մեր ժողովրդի կողքին են եղել իր պատմության այդ դժնի օրերին: Նա երախտիքի խոսքեր ուղղեց շվեյցարացի ժողովրդին՝ ի համերաշխություն հայ ժողովրդի Շվեյցարական Համադաշնության ողջ տարածքում սկիզբ առած լայնածավալ շարժման համար: Հազարավոր հայերի կյանքն ու արժանապատվությունը փրկելուց զատ շվեյցարացի նվիրյալներն օգնեցին մեր ժողովրդին վերագտնելու մարդկության հանդեպ սասանված հավատը, հայրենիքի ապագայի և վերածննդի կորսված հույսը և դարձան հայ-շվեյցարական բարեկամության իրական դերակատարներ և խորհրդանիշներ:

Ոգեկոչման միջոցառմանը ներկա են եղել Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի պատգամավորներ, Ժնևի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և բազմաթիվ շվեյցարացիներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0