a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգին կմասնակցի 700 երաժիշտ-կատարող

music_notes

Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգի խորհուրդն անկախության սերունդն է, այն սերունդը, որը ծնվել և ապրում է ինքնիշխան և անկախ Հայաստանում: Դրանով է պայմանավորված ծրագրի գաղափարը՝ մեկ միջոցառման շրջանակներում միավորել հայ պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողների, երգչախմբերի և երգիչների Հայաստանի մարզերից և Արցախից: Այս առիթով կազմավորվող «Անկախության սերունդ» անվանումը կրող համահայաստանյան նվագախումբը և երգչախումբը կհամախմբեն մարզերում ապրող և երաժշտական կրթություն ստացող տաղանդավոր սաներին և հնարավորություն կտան նրանց մաս կազմելու մեր կարևորագույն տոնակատարություններից մեկին:

Նախագիծը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ մեկ երեկոյի ընթացքում հանդես կգա անկախության սերնդի շուրջ 700 հայ երաժիշտ-կատարող, իսկ ծրագրում ներառված կլինեն հայ կոմպոզիտորների նախկինում և նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ստեղծված, ինչպես նաև հատուկ այդ օրվա համար գրված ստեղծագործություններ:

Ինչպես հայտնում է «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպությունը, նախադեպը չունեցող այսպիսի մեծ կազմի համար կատարվում են նոր գործիքավորումներ՝ հայ ժամանակակից կոմպոզիտորների և գործիքավորողների կողմից: Իսկ հնչող բոլոր ստեղծագործությունները թվայնացվում են, որոնց պար­տի­տուրների թվային տարբերակները հետագայում կբաժանվեն Հայաստանում և արտերկրում գործող կոլեկտիվներին և ուսումնական հաստատություններին: Բոլոր ստեղծագործությունները հատուկ ձայնագրվելու են և տրամադրվելու պետական և մասնավոր կազմակերպություններին՝ ոչ կոմերցիոն օգտագործման համար:

Նախագծի իրականացումը պահանջում է կազմակերպչական և մաս­նա­գի­տա­կան երկարատև նախապատրաստական աշխատանք, որի իրա­կա­նացմանը ներգրավված են Երևանի և մարզերի մանկավարժներ, կոմպոզիտորներ, գործիքա­վո­րողներ, խմբավարներ, ռեժիսորներ և կազմակերպչական անձնակազմ: Մաս­նա­գի­տական պարապմունքներ են անցկացվում թե’ մարզերի, թե’ Երևանի պատանի և երի­տասարդ կատարողների հետ` կատարելագործելու նրանց վարպետությունն ու կա­տարողական հմտությունները: Այնուհետև բոլոր մասնակիցները հավաքվելու են Երևանում, անցկացնելու են ընդհանուր փորձեր, որոնց արդյունքում էլ կիրա­կա­նաց­վի բուն համերգային ծրագիրը: Երևանում մարզերի մասնակիցները կբնակվեն մոտ 10 օր և այդ ընթացքում փորձերին զուգահեռ կայցելեն նաև մայրաքաղաքի թանգարաններ, մշակութային այլ օջախներ:

Հատուկ այս միջոցառման համար որպես մենակատարներ աշխարհի տար­բեր անկյուններից Հայաստան են հրավիրվելու հայ կատարողական արվեստի երիտա­սարդ լավագույն ներկայացուցիչները, ովքեր նորանկախ Հայաստանի պատ­մու­թյան ընթացքում պատվով են ներկայացնում Հայաստանն ամբողջ աշխարհում:

Ընդհանուր առմամբ նախագիծը կներառի Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից շուրջ 700 մասնակից, 50 ուսուցիչ, 10 մենակատար, կկազմակերպվի մոտ 1100 վար­պե­տու­թյան դաս մարզերի երաժիշտների համար և 350 խմբակային պարապմունք:

Ծրագրի երկարաժամկետ նպատակն է Հայաստանի Հանրապետության և Արցախի պատանի և երիտասարդ երաժիշտների կարողությունների ուսումնասի­րումը, վարպետության դասերի միջոցով կատարողական մակարդակի բարձ­րա­ցումը, և համերգի իրականացումից հետո առաջիկա տարիներին տաղանդավոր երա­ժիշտ-կատարողներին տարբեր հանրապետական և միջազգային ծրա­գրե­րում ներգրավումը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0