a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
17/08/2015

«Հուսո առագաստ-2015»՝ ոչ մի սահմանափակում, ոչ մի գրաքննություն

fdc528d236de298c6a47ba2b101cd7217

Hraparak.am-ը գրում է․ Հարցազրույց երգահան, հեղինակ-կատարող Էդուարդ Զորիկյանի հետ

– Պարոն Զորիկյան, «Հուսո առագաստ-2015» հեղինակային երգի փառատոնն իր ձեւաչափի մեջ 1-ին անգա՞մ է անցկացվում, թե՞ նախապատմություն ունի։

– Առաջին անգամ այս երգաոճի առկայության մասին Հայաստանում բարձրաձայնեցին դեռ կոմունիստների օրոք: Այն ժամանակ՝ գորբաչովյան տարիներին, Հայաստանի պետական հեռուստատեսությունը մի հավաք կազմակերպեց: Հենց հեռուստաաշտարակի մերձակա անտառում, խարույկի շուրջ տեսագրեցին կիթառի նվագակցությամբ երգեր կատարող մի քանի երիտասարդի եւ այդ տեսանյութը եթեր հեռարձակեցին, նրանք նույնիսկ հեղինակ-կատարողներ չէին, բայց այս երգաոճի մեծ սիրահարներ էին: Մասնակիցների թվում իմ համակուրսեցի Արմեն Ղազարյանն էր, ղարաբաղյան պատերազմում զոհված իր ընկերներից՝ Արմեն Երիցյանն ու եւս մի երկու հոգի: Այս հավաքը, իհարկե, փառատոն չէր, բայց փառատոնային շարժման համար ելակետային հենք հանդիսացավ: Հետագայում, հեղինակային երգի մրցույթ-փառատոններ կազմակերպվեցին Եղեգնաձորում: Նախաձեռնողներից մեկն ու շարժիչ ուժը մեր Արմեն Ադամյանն էր՝ սիրված հեղինակ-կատարող: Ինքս միշտ խույս էի տալիս նման մրցույթներից, քանզի գտնում էի, որ մրցույթ ասվածը սպորտային կատեգորիա եւ չափանիշ է: Արվեստին բնորոշ են անհատականությունը, յուրօրինակությունը, գործի գեղեցիկ եւ ազդեցիկ մատուցումը, նոր խոսքի, ասելիքի առկայությունը: Այնուհանդերձ, ընկերոջս՝ Վահան Արծրունու հորդորով երկու անգամ մասնակցեցի Եղեգնաձորի փառատոնին, ծանոթացա Հայաստանի տարբեր մարզերից ժամանած հեղինակ-կատարողների հետ, ովքեր այսօր հայտնի եւ սիրված արտիստներ են: Հետո եղավ պատերազմ եւ ընդմիջում: Հետո հեղինակային երգի «Ոսկե լար» Երևանյան փառատոնն էր, որին մասնակցեց նաև հայ ժամանակակից հեղինակային երգի հիմնադիրներից՝ Ռուբեն Հախվերդյանը: Նորից ընդհատում: Հաջորդը հեղինակային երգի «Ընթացք» հանրապետական փառատոնն էր, ուր ես հրավիրված էի որպես ժյուրի և առաջին անգամ պիտի ոչ թե մասնակցեի, այլ ժյուրիի մյուս անդամների հետ համատեղ  գնահատեի երիտասարդ մասնակիցների ստեղծագործությունները: Հեղինակային երգի «Ընթացք» փառատոնը հիշարժան է այն բանով, որ լավագույն տասնյակի մեջ ընդգրկվեցին առաջին չորս հորիզոնականներում հայտնված չորս երիտասարդներ, ում անուններն այսօր հայտնի են հանրությանն իսկ նրանց երգերը՝ սիրված: Նրանք են Արմինե Հայրապետյանը, Տաթևիկ Աղամիրյանը, Վախթանգ Հարությունյանն ու Արեգ Նազարյանը:Հետո, նորից դադար: «Ընթացք»-ին հաջորդեց հեղինակային երգի «Ոսկե կիթառ» հանրապետական փառատոնը /2006, 2007 և 2008 թվականներին/, որի կազմակերպիչներն էին ՀՀ Մշակույթի Նախարարությունը, «Մշակույթի զարգացման հիմնադրամն» ու «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնը : «Ոսկե կիթառ-ը» բացահայտեց այն ժամանակ ամենաերիտասարդ մասնակից՝ Վարդան Գայստյանին, Ռուբեն Քամալյանին և իհարկե, նրանց հետ մեկտեղ, ևս մի շարք շնորհալի երիտասարդների:Հետո՝ նորից ընդմիջում, որը տևեց 6 տարի: Պատճառը փոքր-ինչ զավեշտալի էր հնչում՝ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի առկայություն: Մենք , «Ոսկե կիթառ» փառատոնի նախաձեռնող ՝ Սամվել Մեսրոպյանի հետ, այդ տարիների ընթացքում մի քանի անգամ դիմեցինք ՀՀ Մշակույթի Նախարարություն և առաջարկեցինք վերսկսել «Ոսկե կիթառ-ը»: Պատասխանն անփոփոխ էր՝ փող չկա:

Բառացիորեն մի քանի շաբաթ առաջ ինձ հեռաձայնեց Վախթանգ Հարությունյանն ու ասաց, որ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ ձեռք է բերել նախնական պայմանավորվածություն՝ «Երգի փառատոն-2015» մեգանախագծի սահմաններում անցկացնել նաեւ հայ հեղինակային երգի փառատոնը: Վախթանգն առաջարկեց ինձ ղեկավարել փառատոնի գեղարվեստական մասը․․․

- Փառատոնին մասնակցելու քանի՞ հայտ է եղել, եւ մասնակիցների մեջ նոր անուննե՞րն են ավելի շատ, թե՞ հանդիսատեսին ծանոթ երաժիշտներ էլ կան։

– Կարծում եմ, որ ոչ մի փառատոն չի կարող կայանալ առանց հայտնի անունների մասնակցության: Այս առումով «Հուսո առագաստ-2015-ը» բացառություն չէ: Փառատոնին մասնակցում են 12 հայտնի անուններ, ոոնց երգերը հանդիսատեսի կողմից սպասված են եւ սիրված, ինչի մասին վկայում է դահլիճում հանդիսատեսի ձայնակցությունը: Փառատոնի պատվավոր հյուրն է Ռուբեն Հախվերդյանը: Երկրորդ փուլն անցած երիտասարդների թիվն առայժմ 15-ն է:

- Գիտեմ, որ փառատոնում տարիքային եւ թեմատիկ սահմանափակում չկա, դա չի՞ դժվարացնում ընտրությունը։

– Իրոք որ, ես ի սկզբանե որոշեցի հանել նման սահմանափակումները: Փորձը ցույց է տալիս, որ ստեղծագործական միտքը ոչ մի կապ չունի տարիքի հետ: Իհարկե, տարիքի հետ փորձառություն ես ձեռք բերում, բայց երիտասարդների անկեղծությունն ու դրանից բխող ինքնադրսեւորումն ինձ համար ավելի կարեւոր են: Եվս մեկ պատճառ կա, ինչի հիման վրա մենք որոշեցինք չսահմանափակել երիտասարդներին որեւէ թեմատիկ պարտադրանքով: Մեզ հետաքրքրում է, թե ինչ է հուզում այսօրվա երիտասարդներին, ուստի նրանց ինքնադրսեւորման բացարձակ ազատություն ենք ընձեռել: Ոչ մի սահմանափակում, ոչ մի գրաքննություն: Միակ չափանիշը կիրթ հայերենն է:

- Ովքե՞ր են ժյուրիում ընդգրկված, եւ 1-2-րդ փուլ ընտրությունն ինչպե՞ս եք արել։ Փառատոնն ի՞նչ հնարավորություններ է ընձեռելու մասնակիցներին։

– «Հուսո առագաստ-2015» փառատոնի ժյուրիի անդամներն են Արմինե Հայրապետյանը, Սվետլանա Ալեքսանյանը, Վախթանգ Հարությունյանն ու ես: Փառատոնի եզրափակիչ փուլում ժյուրիի աշխատանքին ակնկալում ենք նաեւ Ռուբեն Հախվերդյանի մասնակցությունը, քանզի նրա կարծիքը մեզ համար անչափ կարեւոր է: Մինչեւ փառատոնի առաջին փուլը, անցկացվել են նախնական լսումներ, քննարկումներ, ինչի հիման վրա ընտրել ենք այն մասնակիցներին, որոնց ստեղծագործությունները հեղինակային են եւ որոշակիորեն համապատասխանում են բեմից կատարելու պահանջներին: Իհարկե, կային երիտասարդներ, ովքեր գեղեցիկ երգեր էին ներկայացրել, որոնց հիմքում այլ հեղինակի խոսքն էր: Այս հայտատուներին եւս մեկ անգամ բացատրեցինք, թե ինչ ենք հասկանում հեղինակային երգ ասելով: Նրանք այս տարի փառատոնին չեն մասնակցելու, բայց համոզված եմ, որ իրենց մեջ առկա ստեղծագործական ավյունը կստիպի նրանց մինչեւ «Հուսո առագաստ-2016-ը» գրել եւ ներկայացնել հեղինակային երգեր: Երկրորդ փուլ անցած 15 հոգուց բացի, եւս 12 հայտնի հեղինակներ կմասնակցեն դիլիջանյան համերգներին: Կլինեն նաեւ հյուրեր: Դիլիջանում, եզրափակիչ փուլն անցած մասնակիցներից կընտրվի լավագույն տասնյակը, եւ նրանց համար հնարավորություն կընձեռվի երգերը ձայնագրելու եւ CD-ի տեսքով ավելի լայն շրջանակներին ներկայանալու: Երեւանում, Թումանյան 40 հասցեում գործում է բարդերի ակումբը՝ ամենշաբաթյա հավաքների ձեւաչափով: Ակնկալում եմ հետագայում նորահայտ երիտասարդներին տեսնել նաեւ այդ հավաքներին:

Մանրամասները՝ Hraparak.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0