a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Միքայել Հախնազարյան. «Շտրաուսի երաժշտության մեջ ես գտնում եմ ամեն ինչ»

12177300_10207867786671237_1665219753_o

Հոկտեմբերի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանում առաջին անգամ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, Գերմանիայում բնակվող թավջութակահար Միքայել Հախնազարյանի և իսպանաբնակ ջութակահար Զոհրաբ Թադևոսյանի կատարմամբ հնչեց Կամիլ Սեն-Սանսի «Մուսան և պոետը» ջութակի, թավջութակի և նվագախմբի համար։

Միքայել Հախնազարյանն ասում է, որ Խաչատրյանի անվան փառատոնը լավ առիթ էր ներկայացնել Սեն-Սանսի նշված գործը, այն հետաքրքիր է նաև իր համար, քանի որ քիչ կատարվող է։ Ինքն էլ այն նվագում էր առաջին անգամ։

Թավջութակահարը կարծում է՝ լայն ռեպերտուարն անհրաժեշտ է ցանկացած երաժշտի համար։ Ընդ որում, երկացանկում պետք է լինեն և՛ հայտնի, հաճախ կատարվող ստեղծագործություններ, և՛ այնպիսի գործեր, որոնք շատ չեն ներկայացվում։

Ո՞ր կոմպոզիտորն է հատկապես հոգեհարազատ Միքայել Հախնազարյանին։ Թավջութակահարը նշում է, որ այդ կոմպոզիտորները շատ են։ «Ինձ շատ մոտ է Շտրաուսը, չհարցնեք, թե ինչու, դժվարանում եմ ասել։ Նվագել եմ Ռիխարդ Շտրաուսի բոլոր օպերաները հիանալի նվագախմբերի կազմում, և այդ երաժշտության մեջ ես գտնում եմ ամեն ինչ։ Բայց դա չի նշանակում, որ չեմ սիրում այլ գործեր նվագել։ Ես ինձ լավ եմ զգում նաև Հայդըն, Մոցարտ նվագելիս»,- Culture.AM-ի հարցին ի պատասխան նշեց թավջութակահարը։ Ասում է, որ շատ խիտ գրաֆիկով է հանդես գալիս. ամեն ինչ պլանավորված է արդեն 2-3 տարվա կտրվածքով, ինչի պատճառով ժամանակը շատ կարճ է թվում։

Միքայել Հախնազարյանը Հայաստանում վերջին անգամ եղել է երկու տարի առաջ։ Այս անգամ Երևանում է՝ մասնակցելու Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնին։ Խոսելով խաչատրյանական փառատոնի մասին՝ նա նշում է, որ այն ունի կազմակերպչական բարձր մակարդակ և շատ հագեցած բովանդակություն. «Շատ լավ համերգներ են տեղի ունենում, հոյակապ մենակատարներ են մասնակցում փառատոնին։ Մեզ հետ նույն երեկոյի ընթացքում, օրինակ, հանդես եկավ Սերգեյ Նակարյակովը, ով աշխարհի լավագույն շեփորահարներից է։ Ուղղակի հիանալի է ազդագրերի վրա նման մարդկանց տեսնել։ Եվ շատ ուրախալի է, որ երաժշտական այս տոնն անցկացվում է Հայաստանում»։

Նշենք, որ Միքայել Հախնազարյանը 2008-ին միացել է Բեռլինի Kuss Quartett-ին, որը ներկայացումներով շրջագայում է աշխարհի խոշոր համերգասրահներով։ Նա Մյունխենի կամերային նվագախմբի գլխավոր թավջութակահարն է և պարբերաբար ելույթ է ունենում Բեռլինի Ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմում որպես հրավիրյալ երաժիշտ։

 

Լիլիթ Գրիգորյան (հատուկ  Culture.AM-ի համար)

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0