a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կայացել է դաշնակահար Միքայել Հայրապետյանի մենահամերգը

Mikael_Hayrapetyan

Օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Գաֆեսճեան կենտրոնում  տեղի է ունեցել դաշնակահար, «Հայաստանի գաղտնիքներ» երաժշտական ​​նախագծի հիմնադիր և գեղարվեստական ​​ղեկավար Միքայել Հայրապետյանի մենահամերգը, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակիցներ, արվեստագետներ, հյուրեր:

Ինչպես հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը, Միքայել Հայրապետյանը առաջին անգամ հանդիսատեսի դատին է ներկայացրել հայ երգահան Հարո Ստեփանյանի ստեղծագործությունները՝ իր վիրտուոզ կատարումներով շլացնելով հանդիսատեսին:

Հնչել են Հարո Ստեփանյանի՝ ժողովրդական մոտիվներով գրված մանկական պիեսները և 26 նախերգանք դաշնամուրի համար:

Համերգի վերջում ելույթ է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհակալություն է հայտնել տաղանդավոր դաշնակահարին հայ դասական երաժշտության գոհարները աշխարհին ներկայացնելու, հայկական մշակույթը ճանաչելի դարձնելու համար: Նա մասնավորապես նշել է. «Շնորհակալ ենք , որ հանդիսատեսի ուշադրությանն եք ներկայացնում նաև մինչև օրս քիչ հայտնի հայ  երգահանների գործերը: Այսօր համաշխարհային պրեմիերա էր, առաջին անգամ ներկայացվեցին Հարո Ստեփանյանի ստեղծագործությունները: Նորանոր բեմեր և պրեմիարաներ ենք մաղթում ձեզ: Շնորհակալ ենք այսօր մեզ սքանչացումի պահեր պարգևելու համար»:

Միքայել Հայրապետյանն ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական ​​կոնսերվատորիան և ներկայումս ուսանում է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, զբաղվում է հայ կոմպոզիտորների անարդարացիորեն մոռացված ստեղծագործություններին նոր կյանք հաղորդելու և հանրային հետաքրքրությունը դեպի հայկական դասական երաժշտությունը սևեռելու ազգանվեր գործով:

Միքայել Հայրապետյանը «Naxos»-ի միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ է, նրա հայ դասական երաժշտության կատարումների ձայնասկավառակները գրախոսվում են աշխարհի լավագույն երաժշտական ​​ամսագրերի՝ «FANFARE», «International Piano», «American Record Guide», «Music Web International» կողմից:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0