a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Պետք է լսել այն «մեսիջները», որ մեզ ուղարկում է Տերտերյանն իր երաժշտության միջոցով»․Լև Շուլման

Culture.AM ASULIS

Այսօր՝ հուլիսի 17-ին, «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Տերտերյանի ժամանակը» փառատոնին։ Իր տեսակով յուրահատուկ այս նախագիծը, որն անցկացվելու է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում, տեղի է ունենում ՀՀ Մշակույթի նախարարության, Հայաստանի Կոմպոզիտորների միության, ՌԴ Սվերդլոֆյան շրջանի մշակույթի նախարարության, “Մշակույթ և Ապագա” ֆոնդի և Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի համատեղ ջանքերով։
Հուլիսի 29-ին՝ կոմպոզիտորի ծննդյան օրը կայացող այս մեծամասշտաբ միջոցառման ընթացքում կմիավորվեն արվեստի մի շարք ճյուղեր։ Այս և նախագծի մի շարք այլ մանրամասների մասին բանախոսները խոսեցին ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ բանախոսներն էին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, «Մշակույթ և Ապագա» հիմնադրամի նախագահ Կարեն Մկրտչյանը, պրոդյուսեր, «Տերտերյանի ժամանակը» նախագծի և «Մշակույթ և Ապագա» հիմնադրամի համակարգող Լև Շուլմանը, Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը, ինչպես նաև ՀՀ Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը ։
Խոսելով «Տերտերյանի ժամանակը» փառատոնի մասին՝ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանն ասաց․
«Շուրջ մեկ տարի է՝ պրոդյուսեր Լև Շուլմանի հետ բուռն կերպով զբաղվում ենք «Տերտերյանի նախագծով», նրա երաժշտության, նրա փիլիսոփայության պրոպագանդայով: Ուրախ եմ Լևի հետ հանդիման համար. ես Տերտերյանին երկար տարիներ սիրել եմ, բայց մտածում էի, որ նրա ժամանակը գալու է 20-30 տարի հետո: Լևի շնորհիվ մեզ համար նրա ժամանակը եկավ շատ ավելի շուտ: Պետերբուրգում մենք տերտերյանական ընթերցումներ ենք կազմակերպել, Կոնսերվատորիայի մեծ դահլիճում ներկայացվել է Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան: Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում պետք է անպայման միջոցառում կազմակերպեինք, և մտածեցինք, որ ամենալավ ձևաչափը փառատոնն է` նվիրված մեր ազգային հանճարին` Ավետ Տերտերյանին: Փառատոնին ներկա կլինի Եկատերինբուրգի պետական ֆիլհարմոնիայի տնօրենը: Հյուրընկալվելու են նաև նկարիչներ, պոետներ, երաժիշտներ Պետերբուրգից, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մրցույթի հաղթող ուսանողները և այլք: Կարծում եմ՝ փառատոնը արձագանք կգտնի նաև Հայատանում ապրող ռուս բնակչության շրջանում ։ Քանի որ փառատոնը կոչվում է «Տերտերյանի ժամանակը», մենք որոշեցինք շարունակել փառատոնը ողջ տարվա ընթացքում և ոչ միայն Հայաստանում, այլ նաև Եկատերինբուրգում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում և շատ այլ քաղաքներում։ Ժամանակն է աշխարհին բացել մեր հանճարին»:

Կարեն Մկրտչյանի երազանքին ի պատասխան, այն է, որ փառատոնը դառնա ամենամյա, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ հնարավոր է՝ փառատոնը հաջորդ տարի նշվի Դիլիջանում, քանի որ  այնտեղ կա հրաշալի դահլիճ, որը վերանորոգելուց հետո Դիլիջանում նոր կյանք է սկսվելու․ «Մենք անցյալ տարի ունեցել ենք ծրագիր երիտասարդական նվագախմբի հետ համատեղ ՝ նվիրված Տերտերյանին, որ կոչվում էր Տերտերյանական ֆեստ, բայց նման մասշտաբային ծրագիր իր ձևաչափով՝ առաջին անգամ է։ Սա մեծ քաղաքացիական քայլ է Կարեն Մկրտչյանի կողմից, և ես կարծում եմ, որ ամեն բան կանենք, որպեսզի փառատոնը դարձնենք ամենամյա»։

Իսկ թե ինչու է փառատոնը կոչվել հենց «Տերտերյանի ժամանակը», պրոդյուսեր Լև Շուլմանը պատասխանեց, որ հենց ինքն է առաջարկել անվանումը․
«Նախ ասեմ, որ մեծ կոմպոզիտորի 85 ամյակի և 20 տարվա մահվան կապակցությամբ նախաձեռնել էինք ծրագիր, որը կոչվելու էր «Տերտերյանական տարի», սակայն, հանգամանքների բերումով ամեն բան փոխվեց, և տեղի ունեցան լոկալ համերգներ՝ տարբեր քաղաքներում ու համայնքներում։ Այդ իսկ պատճառով որոշեցինք գոնե այս տարի իր ծծնդյան օրը կազմակերպել մեծամասշտաբ այս փառատոնը և այս կերպ տոնել նրա ծննդյան օրը՝ անվանելով այն «Տերտերյանական ժամանակ», որովհետև ես կարծում եմ, որ հիմա է Տերտերյանի ժամանակը։ Պետք է լսել այն «մեսիջները», որ մեզ ուղարկում է Տերտերյանն իր երաժշտության միջոցով»։

Իսկ  ՀՀ Մշակույթի  նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանն էլ իր խոսքում նշեց, որ այսօր ոչ մի կոլեկտիվ առանց Տերտերյանի գոյություն չունի․
«Անցյալ տարի նրա հիշատակին նվիրված համերգի ընթացքում Երիտասարդական նվագախումբը նույնիսկ կատարեց պրեմիերաներ՝ արխիվից հանելով գործեր, որոնք հանրությանը անգամ ծանոթ չէին։ Տերտերյանի երաժշտությունը բոլորը գիտենՏերտերյանը միայն հայինը չէ․ դա համաշխարհային անուն է, չնայած որ նա ամբողջ էությամբ հայ էր։ Կարծում եմ՝ այս փառատոնը կլինի ամենամյա և կշարունակենք ապրել տերտերյանական երաժշտությամբ և արվեստով»։

Հավելենք նաև, որ կազմակերպիչների կողմից կտրամադրվեն անվճար ավտոբուսներ բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան մասնակցել «Տերտերյանի ժամանակը» փառատոնին։ Նշենք, որ ավտոբուսները կշարժվեն Երևանից (Կոնսերվատորիայի մոտից) դեպի Հայրավանք հուլիսի 29-ին, առավոտյան ժամը 10։30-ին և կվերադառնան երեկոյան ժամը 22։00-ին։

 Սյուզաննա Գարեգինյան (Culture.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0