a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/09/2015

Ռուբեն Անտոնյանի ստեղծագործական «ներխուժումները»

Ruben_Antonyan

Առավոտը գրում է. Մշակութային բուհերի հատկապես վերջին կուրսերում նկատվում են այն երիտասարդները, որոնք հետագայում լուրջ հաջողություններ են գրանցելու: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի անցյալ տարվա ավարտական քննություններից հետո ՀՀ արվեստի վատակավոր գործիչ, վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան Ռուբեն Ասատրյանը ներկայացնելով կոմպոզիտորների դիպլոմային աշխատանքները, «Առավոտի» հետ զրույցում հատկապես առանձնացրել էր պրոֆեսոր Արամ Սաթյանի դասարանի շրջանավարտ Ռուբեն Անտոնյանի «Penetration» (թարգմանաբար՝ ներխուժում) կամերային ստեղծագործությունը, պատկերավոր էլ հավելել էր, որ կոմպոզիտորական ասպարեզ է «ներխուժում» մի արվեստագետ, որի ձեռագիրը չես խառնի իր սերնդակից մեկ այլ ստեղծագործողի հետ: Ավարտական քննության ժամանակ հիշյալ երկը հնչեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մատուցմամբ՝ հենց Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ: Դիրիժորն ասել էր նաեւ, թե այդ ստեղծագործությունը կարծես ներկայացնում է տարբեր հոգեվիճակներ. մեկ հանդարտ է, մեկ՝ ըմբոստ, ներքին պոռթկումներով: 2014թ. Ռուբեն Անտոնյանը մասնակցելով կոմպոզիտորների միության Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության առաջին փառատոնին, ներկայացավ մասնագետների բնորոշմամբ՝ հետաքրքիր դաշնամուրային տրիոյով: Իսկ հետո մեր կոմպոզիտորական արվեստ «ներխուժելու» փոխարեն՝ «անհետացավ»: Օրերս էլ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ զրույցում կոմպոզիտորն առանց մանրամասնելու ասաց, որ իր սանը աշնանը կմասնակցի Իտալիայի Կալիարի քաղաքում ավանդաբար անցկացվող երիտասարդ ստեղծագործողների միջազգային փառատոնին:

«Առավոտը» հանդիպեց Ռուբեն Անտոնյանին: Նա հայտնեց, որ ներկայումս ուսանում է Համբուրգի Երաժշտության եւ թատրոնի բարձրագույն դպրոցում: Հարցին՝ ի՞նչը երիտասարդին հասցրեց Համբուրգ, մեր զրուցակիցը նշեց Երեւանի կոնսերվատորիայի բարձրակարգ ուսման մասին, հետո պատասխանեց. «Երեւանի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին հանգամանքների բերումով հաճախ էի լինում Գերմանիայում, հատկապես Համբուրգում, որտեղ էլ ծանոթացա պրոֆեսոր Մանֆրեդ Շտանկեի հետ, որը հանդիսացել է 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտոր Դիերդ Լիգետիի աշակերտը: Պրոֆեսորին հաճախ էի ցույց տալիս գործերս… Այնտեղ կրթական համակարգը «ստիպում» է երաժշտին առնչվել, հետաքրքրվել, ծանոթանալ արվեստի մյուս բոլոր ճյուղերին նույնպես՝ պարարվեստին, կերպարվեստին, կինոյին, գրականությանը… Եթե կոմպոզիցիայի բաժնի ուսանողներս ուսումնասիրում ենք, ասենք, 19-րդ դարի մի կոմպոզիտորի արվեստը, անպայման զուգահեռ պետք է ծանոթանանք այդ կոմպոզիտորի ստեղծագործած ժամանակահատվածի մշակույթի եւ արվեստի բացառապես բոլոր ճյուղերին: Պետք է ուսումնասիրենք, թե հատկապես արվեստի որ ճյուղի հետ է առնչվել այդ կոմպոզիտորը…»: Երիտասարդ ստեղծագործողը նաեւ հայտնեց, որ Արեւմուտքում կոմպոզիցիայի բաժնում ուսանելիս ծանոթանում, ապա ուսումնասիրում են կոմպոզիտորական արվեստի ենթաճյուղերը, այդ թվում՝ էլեկտրոնային երաժշտություն, կինոկոմպոզիցիա, մեդիակոմպոզիցիա, փոփ կոմպոզիցիա եւ այլն:
Հետաքրքրությանը՝ արդեն որոշե՞լ է՝ որ ճյուղում կընթանա իր ստեղծագործական կյանքը, Ռուբեն Անտոնյանը նշեց, թե չի բացառվում, որ կարիերա կանի կինոերաժշտության ոլորտում: Կատակեցինք, թե առանց եվրոպաներում ուսանելու, օրինակ, Տիգրան Մանսուրյանը կամ Յուրի Հարությունյանը ստեղծել են հիանալի կինոերաժշտություն, երիտասարդը պատասխանեց. «Շոստակովիչը կամ Խաչատրյանն էլ են գրել բարձրարվեստ կինոերաժշտություն: Այսօր կինոռեժիսորները կոմպոզիտորներից պահանջում են ներկայացնել «հավաքած» երաժշտություն, այսինքն՝ ոչ թե նոտայագրված, այլ համակարգչով՝ հավաքած: Եթե կինոռեժիսորին գոհացնում է «համակարգչայինը», լավ, եթե ոչ՝ որոշվում է նոտայագրել, ապա ձայնագրել»:
Ավելին՝ Aravot.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0