a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սուրեն Բագրատունի. «Հայաստանն ինձ համար միշտ առաջինն է»

12170916_10207823703609188_501104384_o

Այս օրերին Հայաստանում է աշխարհի ամենահայտնի թավջութակահարներից մեկը՝ մեր հայրենակից Սուրեն Բագրատունին (ԱՄՆ)։ Վերջինս հանդես եկավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից կազմակերպված Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում` մասնակից լինելով կամերային և սիմֆոնիկ համերգների։ Նշենք, որ փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։

Սուրեն Բագրատունին culture.am-ի հետ զրույցում նշեց, որ ոգևորված է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ նվագելով։ Շատ երիտասարդ են ու լավ երաժիշտ՝ այսպիսին է Սուրեն Բագրատունու կարծիքը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի վերաբերյալ։

Խոսելով իր ստեղծագործական ուղու մասին՝ Սուրեն Բագրատունին նշում է, որ կյանքում յուրաքանչյուր փուլ իր համար թանկ է՝ լի տարբեր իրադարձություններով։ Երևանի կոնսերվատորիայում, Մոսկվայում ուսանելու տարիներ, հաղթանակներ մրցույթներում՝ այս ամենը թավջութակահարը մեծ սիրով է հիշում ու նկատում, որ ամեն մի ժամանակաշրջան իր լավ կողմերն ունի։ «Այժմ ես ուրախ եմ, որ կարող եմ դասավանդել և նվագել։ Դասավանդելիս աշակերտներից շատ հաճախ ուսուցիչներն էլ են սովորում։ Դասավանդելն էլ հաղթանակ է, հատկապես երբ տեսնում ես, որ սաներդ մրցույթներում նվաճումներ են ունենում։ Դա ինձ անչափ ուրախացնում է»,- ասում է Սուրեն Բագրատունին։

Նա խոստովանում է, որ Երևանում հանդես գալիս ունենում է այնպիսի մի զգացողություն, կարծես երկար տարիների բացակայությունից հետո վերադառնում է իր տուն. «Հայաստանն ինձ համար միշտ առաջինն է եղել. այստեղ եմ ես առաջին անգամ գործիք վերցրել ձեռքս, հանդես եկել նվագախմբի հետ…»։

Սուրեն Բագրատունին նաև տեղեկացնում է, որ Երևանում առաջին անգամ հանդես եկավ ճապոնացի անվանի դիրիժոր ՀիրոֆումիՅոշիդայի հետ՝ շեշտելով, որ ուրախ է նման համագործակցության համար։

Նշենք, որ Սուրեն Բագրատունին հանդես է գալիս որպես մենակատար և կամերային երաժիշտ՝ ներկայանալով Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում։ Սուրեն Բագրատունին նաև հայտնի մանկավարժ է, նա Միչիգանի պետական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր է, ով վարպետության դասեր է անցկացնում ամբողջ աշխարհում։ Nobilis տրիոյի անդամ է, Cello Plus ամենամյա փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0