a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Քիմ Քաշքաշյան. «Հայաստանը մշակութապես փոխվել է, իսկ Ֆիլհարմոնիկ նվագախումբը պարզապես ֆանտաստիկ է»

KimKashkashyan

Երևանյան 9-րդ միջազգային փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 17-ին կկայանա հերթական համերգը, որին կմասնակցի նաև աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը: Սակայն մինչ համերգը, հայազգի երաժիշտն այսօր վարպետության դասով հանդես եկավ հայ երիտասարդների համար: Էներգիայով լի ալտահարն իսկական տոն պարգևեց ներկաներին, բացառիկ մթնոլորտում անցած վարպետության դասն, իրոք, մեծ տպավորություն թողեց երիտասարդ երաժիշտների մոտ:

Հանդիպման ընթացքում Culture.AM-ը բացառիկ հարցազրույց ունեցավ «Գրեմմիի» մրցանակակիր Քիմ Քաշքաշյանի հետ: Մեզ հետ զրույցում ալտահարրը նշեց, որ վերջին տարիների ընթացքում շատ բան է փոխվել Հայաստանում.
- Շատ… ես չեմ զգում, որ այցելել եմ նույն երկիրը: Հիմա տարբեր ազգերից մարդկանց կարելի է հանդիպել այստեղ, քաղաքն էլ, կարծես գերբնակեցված լինի: Ինչպես նաև մշակութապես է փոփոխվել  Հայաստանը: Հայաստանը փոխել է իր «կենտրոնացումը», չգիտեմ, դա լավ է, թե վատ, բայց երևի դա անհրաժեշտ է գոյատևելու համար:

Քիմ Քաշքաշյանը Հայաստանը չի համարում իր հայրենիքը, բայց վստահ ասում է, որ դա իր պապերի երկիրն է: Անկեղծանում է՝ լեզվին չի տիրապետում, փոքր հասակում եթե անգամ իմացել է որոշ բառեր, կազմել նախադասություններ հայերենով, ապա դպրոցն ավարտելուց հետո ամեն բան փոխվել է, լեզուն էլ՝ մոռացվել: Ուզում է խոսել հայերեն, բայց ինչպես ինքն է ասում, դժբախտաբար,  չի կարողանում: Մեր այն հարցին, թե ինչ գիտե մեր օրերի  հայ մշակույթի մասին, Քիմ Քաշքաշյանը ցավով նշեց, որ հենց լեզվին չտիրապետելու պատճառով է, որ չի կարող կարդալ թերթեր, տեղեկանալ հայ մշակույթում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ուստի նախընտրեց որևէ կարծիք չհայտնել: Բայց այ Ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին չմոռացավ գովեստի խոսքեր հղել.
- Չեմ եղել Ձեր կոնսերվատորիայում, չգիտեմ Ձեր երաժիշտներին անհատապես, բայց այ Ֆիլհարմոնիկ նվագախումբը պարզապես ֆանտաստիկ է: 

Մեր այն հարցմանը,  թե ինչ զգացողություններ են արթանանում, երբ դառնում ես «Գրեմմիի» մրցանակակիր, երաժիշտը համեստորեն պատասխանեց, որ առաջինը ուրախ է բոլոր այն կոմպոզիտորների համար, ովքեր գրում են ստեղծագործություններ հենց ալտի համար.
- «Գրեմմին» հնարավորություն տվեց հանրահռչակելու ալտ գործիքը, ինչի համար որ ես շատ-շատ ուրախ ու երջանիկ եմ: Ես ինձ համարում եմ լավ միսիոներ: 

Սյուզաննա Գարեգինյան (Culture.AM)

Հ.Գ. Հատված այսօրվա վարպետության դասից

 

 

  • KimKashkashyan02
  • Kimkashkashyan03
  • KimKashkashyan01
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0