a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Օպերային թատրոնում և´ կադրային սխալ քաղաքականություն, և´ ռեպերտուարային հոռի գիծ, և՛ շատ այլ խնդիրներ կան

Anna Arevshatyan Culture.AM

Եթե քննադատությունն այսօր գործող չէ և չի բերում որոշակի փոփոխությունների կամ հետևանքների մեր թատերական, երաժշտական կյանքում, կերպարվեստի ոլորտում, ապա այն իմաստազուրկ է դառնում: Նման մտահոգություններ ունի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանը, որոնց մասին խոսեց արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ «Թատրոն-Իքս» 8-րդ հանրապետական փառատոնի մեկնարկին` «Մասնագիտական խոսքի սպասումով» խորագիրը կրող քննարկման ժամանակ, և ընդգծեց, որ իրեն շատ է հուզում այն հարցը, թե որքանով է այսօր մեզանում գործում քննադատությունը և ինչ դերակատարություն ունի:

«Ես իմ համեստ փորձից կարող եմ մի քանի օրինակներ բերել՝ խոսելով այսօրվա մեր երաժշտական կյանքի ամենացավոտ, ամենախոցելի կետերից մեկի՝ Օպերային թատրոնի մասին: Եվ այս օրհասական վիճակը շարունակվում է արդեն տասնամյակներ, երևի թե անկախության ձեռքբերումից ի վեր: Ասում են՝ իսկ ինչո՞ւ չեք գրում, չեք արտահայտվում, չեք բողոքում: Ես ինքս բազմիցս բարձրաձայնել եմ այն խնդիրների մասին, որոնք կան Օպերային թատրոնում՝ և´ կադրային սխալ քաղաքականությունը, և´ ռեպերտուարային հոռի գիծը, և՛ էլի շատ ու շատ հարցեր, բայց ոչ մի տեղաշարժ չեղավ, ոչ մի հետևություն դրանից չարվեց»,- վստահեցրեց արվեստի վաստակավոր գործիչը` ընդգծելով, որ բազմիցս հանդես է եկել մամուլով ու հեռուստատեսությամբ և խոսել է այս խնդիրների մասին, բայց ոչ մի արդյունք. «Դրանից հետո ի՞նչ քննադատության մասին ենք մենք խոսում»:

Ա. Արևշատյանի խոսքով, ազգային թատրոնը կայանում է ազգային երգացանկով, մինչդեռ արդեն քանի տարի է՝ բացի Տիգրանյանի «Անուշ»-ից, Չուխաջյանի «Արշակ Երկրորդ»-ից և Սպենդիարյանի «Ալմաստ»-ից, Օպերային թատրոնում գրեթե ոչինչ չի կատարվում, և անընդհատ իրար են հետևում վերոնշյալ օպերաների նոր բեմադրություններ:

«Դրա իմաստը ես չեմ հասկանում: Մենք դոփում ենք տեղում՝ մոռանալով, որ ունենք հրաշալի ազգային կոմպոզիտորական դպրոց, հրաշալի ստեղծագործողներ, որոնք ունեն բեմական ստեղծագործություններ` օպերաներ, բալետներ, ֆոլկ օպերա-բալետներ, փորձարարական գործեր և այլն»,- ասաց նա` հիշելով, որ վիճակը միշտ չէ, որ այդպիսին է եղել. «Եթե մենք մտովի գնանք 60-ական թվականներ և հիշենք լուսահոգի Էդգար Հովհաննիսյանի տնօրինության տարիները, ապա կարող ենք ասել, որ դրանք մեր Օպերային թատրոնի ամենածաղկուն, վերելքային ժամանակներն են եղել: Բավական է ասել, որ այդ տարիներին մեր Օպերային թատրոնը համարվում էր Խորհրդային Միության լավագույն օպերային թատրոններից մեկը. դրա երգացանկն ընդգրկում էր 62 անվանում` արևմտաեվրոպական դասականներ, ռուսական դասականներ, ազգային դասականներ, հայ ժամանակակից կոմպոզիտորներ և այլն, և այլն: Մարդիկ ուրիշ քաղաքներից գալիս էին, որ մեր թատրոնում դիտեն Ստրավինսկու «Էդիպ արքա» օպերայի բեմադրությունը, որն առաջին անգամ էր ներկայացվում Խորհրդային Միությունում: Էլ չեմ խոսում հայ ժամանակակից կոմպոզիտորների օպերաների և բալետների մասին, որոնք հաջորդում էին իրար: Մենք ամեն տարի ունենում էինք պրեմիերաներ, և դրանց իրականացման համար հրավիրվում էին լավագույն օպերային ռեժիսորները, բալետմաստերները, երգիչները, նկարիչները»:

Այժմ Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վիճակը շատ է մտահոգում արվեստի վաստակավոր գործչին. այո, բեմադրվեցին Տերտերյանի «Երկրաշարժը», Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովան», բայց, մեծ հաշվով, դա «եղանակ չի ստեղծում». «Մեկ-երկուսը չափազանց քիչ է, հատկապես այն պարագայում, որ ունենք այսպիսի կոմպոզիտորական դպրոց»,- նկատեց Ա. Արևշատյանը և հռետորական հարց բարձրացրեց. «Ի՞նչ անի երաժշտագետը, երաժշտական քննադատը, երբ նրա ո´չ գրավոր, ո´չ բանավոր բազմաթիվ ելույթները որևէ արդյունքի չեն բերում»:

Անի Ռափյան (Culture.AM)

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0