a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Եթե Շեքսպիրը համամարդկային արժեք է, Քուչակն առավել համամարդկային է». «Քուչակն ու Մարին» ներկայացման հասույթը կտրամադրվի սահմանամերձ գյուղի դպրոցին

Mari Grigoryan

 

«Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա» չարենցյան տողը միշտ խորհել է տվել՝ ինչո՞ւ հենց Նարեկացի և Քուչակ: Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոնի դերասանուհի Մարի Գրիգորյանն իր մեկնաբանությունն ունի՝ առաջինը մեր հոգևոր գրականության գագաթն է, երկրորդը՝ աշխարհիկ, և դերասանուհին չի ուզում, որ այսօր անուշադրության և մոռացության մատնվի այդ գագաթներից մեկը՝ հայ աշուղ-երգիչ, միջնադարյան բանաստեղծ Նահապետ Քուչակը: Զգացական առումով մեծ ազդեցություն կրելով Քուչակից` դերասանուհին 2013թ. բեմ հանեց իր «Քուչակն ու Մարին» մոնոներկայացումը, որում ընդգրկված են 50 հայրեններ (50-55 րոպե տևողությամբ): Այժմ էլ Մ. Գրիգորյանը աշխատում է ամիսը գոնե մեկ անգամ հանդիսատեսին ներկայացնել իր բեմադրությունը: Նոյեմբերի 21-ին, ժամը` 19-ին, Երևանի Փոքր թատրոնում (Աբովյան 11) կկայանա ներկայացման հերթական ցուցադրությունը. այս անգամ Հայ օգնության միության (ՀՕՄ) նախաձեռնությամբ և «Dundee Precious Metals Kapan» Հրաչ Ջաբրայանի աջակցությամբ, այն բարեգործական բնույթ է կրելու՝ ողջ հասույթը տրամադրվելու է Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի դպրոցին: Ներկայացման, Քուչակի, սիրո, բարեգործության շուրջ զրուցել ենք Մարի Գրիգորյանի հետ:

– Ներկայացումը ծնվեց, երբ ստեղծագործական պարապուրդի մեջ էի՝ որևէ թատրոնում չէի խաղում: Վաղուց մտադրված էի անդրադանալ Քուչակին, և ի վերջո այդ պահը հասունացավ: Ես իմ պարտքն եմ համարում հնարավորինս շատ մարդկանց ուշադրությունը հրավիրել Քուչակի պոեզիայի, լիրիկայի վրա:

- Իսկ ինչո՞ւ հենց մոնոներկայացմամբ, ավելի բարդ չէ՞, երբ ներկայացման ամբողջ «բեռը» մենակ ես կրում:

– Մոնոներկայացման համար դերասանը պետք է հասունանա, ձեռք բերի փորձ, ասելիքը՝ շատ լինի: Դերասաններ կան, որ վախենում են բեմից, իսկ ես բեմի վրա նույնիսկ քնել եմ, լրիվ զգում եմ բեմը, վախ չունեմ բեմից, հանդիսատեսից: Բայց այդ վախը շատ բնական է, և ես դա հաղթահարեցի երեխաներիս ծնունդից հետո. չորս տարի տանը նստելուց հետո, երբ նորից բեմ բարձրացա՝ Աղասի Այվազյանի «Առլեզ»-ում խաղալու համար, զգացի, որ բոլոր վախերս, կոմպլեքսներս այլևս չկային:

Ներկայացման բեմադրիչն ու դերասանը լինելն ավելի շատ պլյուսնե՞ր ունի, թե՞ մինուսններ:

– Երբ ինքդ ես խաղում քո ներկայացման մեջ, վախ կա, որ ինչ-որ բան թերի է, և դու միշտ էլ կողքից աչքի կարիք ես զգում: Այս դեպքում այդ աչքը եղել է իմ տան հայելին: Մենակ աշխատելն ինչ-որ տեղ շահեկան է, որոշ դեպքերում՝ ոչ: Ես մտածում էի, որ եթե ուրիշ մեկը բեմադրի այս ներկայացումը, լրիվ այլ բան կստացվի, որը կշեղի ինձ իմ զգացածից: Այդ առումով ձեռնտու էր միայնակ աշխատելը, բայց շատ լավ կլիներ, որ համախոհներ գտած լինեի, հատկապես, որ ի սկզբանե նպատակ ունեի երկու հոգու` տղայի և աղջկա համար անել բեմադրությունը, բայց վախ կար, որ որոշումս իրագործելու ճանապարհին կկոտրեին ինձ, և եկա այն եզրակացության, որ պետք է մենակ անեմ:

- Ինչի՞ց էիք վախենում:

– Ինձ ասելու էին՝ ի՞նչ Քուչակ, ո՞վ է գալու նայի… Մարդ ես, կարող է կոտրվեի, կարող է համոզեին (ծիծաղում է):

Իսկ գալի՞ս են:

– Գալիս են:

Բայց ինչքանով տեղյակ եմ, ի սկզբանե քիչ է եղել հանդիսատեսը, ինչը, կարծես, մի պահ իրոք կոտրել է Ձեզ:

– Եղել է նման պահ, երբ ասել եմ, որ սա վերջին ներկայացումն էր, բայց քանի որ ինքս ինձ չեմ պարպել այդ ներկայացումով, որոշեցի, որ եթե անգամ մեկ հոգի էլ լինի, խաղալու եմ: Գիտե՞ք՝ այստեղ նաև ադմինիստրատիվ աշխատանքի կարիք կա, քանի որ ամեն մի պրոդուկտ պետք է ունենա իր ներկայացնողը. շահեկան չէ, երբ դերասանն ինքն է իրեն ներկայացնում, սխալ հասկացվելու, ինքնհավան մեկի տպավորություն թողնելու վտանգ կա:

Հետո հանդիսատեսի թիվն աճե՞ց:

– Եղել են մարդիկ, որ անգամ երրորդ անգամ են եկել նայելու ներկայացումը, և ոչ թե այն պատճառով, որ չեն հասկացել, այլ պարզապես ուզել են նորից զգալ այն, ինչ զգացել են:

Ի՞նչ եք կարծում՝ մարդիկ ի՞նչ են ստացել Ձեր ներկայացումից, Դուք ի՞նչ եք ուզում տալ նրանց:

– Երբ որ ներկայացումից հետո 40 տարեկան կինն ինձ ասում է՝ ամբողջ հոգիս տակնուվրա արեցիր, ու նմանատիպ միտք արտահայտողները քիչ չեն, հասկանում ես, որ նպատակիդ հասել ես: Ես այս ներկայացումն իրականում մեծ աուդիտորայի համար չեմ էլ արել. պատահակն չէ, որ 70 հոգու համար նախատեսված դահլիճով թատրոնում եմ խաղում: Ներկայացումը նրանց համար է, ովքեր ուզում են գեղեցիկ պատմության ականատես լինել, որը նրանց նաև կմոտեցնի իրենց արմատներին: Ես հիմա կոմեդիաներում էլ եմ խաղում, մանկական ներկայացումներում էր, բայց այս մեկն ուրիշ է, սա իմ հոգու թելադրանքն է:

Ասացիք՝ սա մարդուն՝ իր արմատներին մոտեցնող գործ է: Զանգվածային մշակույթի, գլոբալացման այս դարում մարդը, կարծում եք, ուզո՞ւմ է հիշել իր արմատների մասին:

– Նույն գլոբալացումը չի խանգարում, որ այսօր էլ աշխարհի թատրոններում Շեքսպիր բեմադրեն: Եթե Շեքսպիրը համամարդկային արժեք է, Քուչակն առավել համամարդկային է՝ սեր է երգում, խրատ է անում, հայրենիք է գովերգում. ո՞նց կարող է դա այսօրեական չլինել:

Բայց ի՞նչ լեզվով:

– Նա խոսում է հայերեն` միջնադարյան հայերենով, որը կարող է և ամբողջովին չհասկացվել, բայց երբ ես գործի եմ դնում դերասանական վարպետությունս և փոքրիկ խորամանկություններ եմ անում, այդ ժամանակ ամեն ինչ հասկանալի է դառնում: Եղել են սփյուռքահայեր, արտասահմանցիներ, ովքեր ներկայացումը նայելուց հետո ինձ ասացին, որ թեև լեզուն իրենց համար հասկանալի չէր, բայց լիովին հասկացել են այն, ինչ ուզում էի ասել. մարդիկ նախևառաջ էմոցիան են ընկալում: Ես նաև խորամանկել եմ՝ ի սկզբանե 450 հայրեններից ընտրել եմ այն 50-ը, որոնք ավելի մաքուր են, օտար բառեր քիչ կան: Իսկ աշխարհիկ հայերենով թարգմանված տարբերակին միշտ էլ դեմ եմ եղել, որովհետև այդպես հայրենների հմայնքը, երաժշտականությունը, վիբրացիան ամբողջովին կորչում է:

Ավելի շատ ո՞ր տարիքային խմբին է ուղղված Ձեր խոսքը:

– Քանի որ Քուչակի բացախոսության մեջ էրոտիկ հիմքեր կան, պատանի տարիքում կարող են և անլուրջ վերաբերվել դրան: Ներկայացումն ավելի շուտ ինտելեկտուալ երիտասարդությանն է ուղղված, և ընդհանրապես ցանկացած մեկը, անկախ տարիքից, ով ունակ է հասկանալ Քուչակի` վեհ ու պարզ սիմվոլիկան, կարող է նայել այն:

Ներկայացումը միշտ նո՞ւյնն է, թե՞ որոշ տարրեր փոխվում են:

– Տարբեր է. կարող են նույնիսկ հայրենների տեղերը փոխվել, մի անգամ էլ երգել եմ միջնադարյան բանաստեղծ Բաղդասար Դպիրի խոսքերով գրված մի երգ: Ի սկզբանե ուզում էի 4 երգով անել ներկայացումը, բայց հետո հրաժարվեցի այդ մտքից, որովհետև առանց այդ էլ սա երաժշտական ներկայացում է՝ սկզբից մինչև վերջ երաժշտություն է հնչում՝ Գյուրջիև, հնդկական ռամաներ, ուդ և այլն: Սկզբում ընտրեցի հայրենները, հետո դրանք, ինչպես խճանկարում, գտան իրենց տեղերը` դառնալով մի երևակայական կենսագրություն, ես կասեի` գծեցին Քուչակի պայմանական ճակատագիրը: Ներկայացման առջին հատվածը պատանեկան կրքի, անհամբերության դրսևորումների արտահայտություն է, հետո գալիս է սիրո փորձառությունը, որին հաջորդում է իսկական, հասուն սիրուն հանդիպումը, իսկ հետո արդեն բաժանումը, հիասթափությունը և մեկուսացումը:

Բացասական նոտայի վրա եք ավարտում փաստորեն:

– Բացասկան չէ, պարզապես խորհելու տեղ է տալիս: «Քուչակ» թուրքերեն բառ է, նշանակում է` սեր խաղացող տղա: Ակնեցիք այդպիսի ասացվածք ունեն` «աղջկան որ իր կամքին թողնես, կգնա քուչակը կառնի», այսինքն` անլուրջ մեկին կընտրի: Ներկայացման սկզբում հենց այդ անլուրջ, սրա-նրա հետ խաղացող տղան է, ով ի վերջո իրոք սիրում է, բայց այդ ժամանակ էլ իրեն են անլուրջ վերաբերվում և ստացվում է` ինչ ցանել ես, այն էլ հնձում ես: Կյանքի այս խճանկարն ինքնաբերաբար հավաքվեց հայրենների միջոցով. ես ի սկզբանե չգիտեի, որ այդպես է ստացվելու:

Ձեզ մոտ միջնադարի հանդեպ յուրահատուկ ձգողականություն եմ զգում, ո՞րն է այդ ժամանակաշրջանի հմայքը:

– Երբ կարդում ես հայրենները, պարզորոշ կերպով պատկերացնում ես, թե ինչ դժվար ժամանակներ են եղել թուրքահպատակ հայերի համար. ինչպես այսօր է տարածված «խոպան» հասկացությունը, այն ժամանակ էլ թուրքական իշխանությունն ամեն ինչ արել է, որ 17-18 տարեկան հայ պատանիները կտրվեն իրենց հող ու ջրից ու գնան դրսում աշխատելու, և նրանք, թողնելով իրենց սիրելիներին, հեռացել են, օտար ափերում են նոր սերեր գտել: Անտանելի դժվար ժամանակներ են եղել, և հայրենները փոխանցում են այդ սարսուռը, ցավը: Բայց միևնույն ժամանակ մի տեսակ խորհրդավորություն կա այդ ժամանակների մեջ, և միջնադարում ինձ գայթակղողը այդ խորհրդավորությունն է և Քուչակի սիմվոլիկան:

- Սիրո դեֆիցիտի զգացում կա՞ Ձեզ մոտ:

– Սովորաբար սիրո իմիտացիաները շատ ավելի շատ են, քան իսկական սերը: Եթե ընդունենք, որ իմ ներկայացման մեջ մեսսիջ կա, ապա դա այն է, որ ինչպես վարվեցիր ուրիշերի հետ, այդպես էլ կվարվեն քեզ հետ, թեև ներկայացումը կառուցելիս շեշտը չեմ դրել դրա վրա, որ Քուչակը սեր խաղաց, վերջում մնաց անսեր, բայց ինքնըտսինքյան այդպես գնաց պատմությունը: Գերագույն նպատակս Քուչակի քնարերգությունը մարդկանց հասցնելն է, Քուչակին հնարավորինս մատչելի դրաձնելը, որովհետև գոհար ենք կորցրել: Նա աշուղ է եղել, բայց ցավոք նրա երգերը մեզ չեն հասել, միայն բառերն են հասել, և հաստատ հենց Քուչակից է ազդվել Սայաթ Նովան: Նա արժանի չէ մոռացության, և ես փորձում եմ նրան հետ բերել մարդկանց: Երբ որ լավ բան ես ունենում, ուզո՞ւմ ես, չէ՞, կիսվել ուրիշների հետ:

- Ինչո՞ւ վերնագրեցիք «Քուչակն ու Մարին»:

– Երբ բեմադրում էի, անուն էի փնտրում, ընկերենիցս մեկն ասաց՝ դու ի՞նչ ես զգում, ասացի, որ զգում եմ, որ ես ու Քուչակն ենք բեմի վրա, և վերնագիրը հենց այդպես էլ դրեցի` «Քուչակն ու Մարին»:

- Բարեգործական ցանկացած միջացառում ուրիշ էներգետիկա է ունենում, Դուք դա զգո՞ւմ եք և ի՞նչ նպատակների է ծառայելու գումարը:

– Խաղի տեսանկյունից ներկայացումն այլ չի լինի, որովհետև ես միշտ ձգտում եմ առավելագույնս լավ ներկայանալ, բայց տրամադրվածությունը, բնականաբար, այլ է. ոգևորությունը շատ ավելի մեծ է: Դեռ հստակ որոշված չէ, թե ինչ նպատակով կծախսվի գումարը, բայց դա, օրինակ, կարող է լինել այն տեսքով, որ այդ դպրոցի երեխաները գան այստեղ, ներկայացում նայեն, նվերներ ստանան և գնան, կարող է նաև դպրոցի տեխնիկական նպատակներին ծառայել: Հույս ունեմ, որ դեկտեմբերին ևս հանդիսատեսին կներկայանամ այս բեմադրությամբ:

 

Հարցազրույցը` Անի Ռափյանի (Culture.AM)

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0