a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մահացել է թատերագետ Լևոն Մութաֆյանը

Մութաֆյան

Կյանքի 61-­րդ տարում մահացել է թատերագետ, գրող Լևոն Մութաֆյանը: Նրա դին հայտնաբերել են Երեւանի կենտրոնում՝ Զաքիյան փողոցի հյուրանոցներից մեկում:

Թատերագետը ծնվել է 1954թ. հոկտեմբերի 7-­ին, Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքում: Մութաֆյանն ունի հարուստ կենսագրություն։ Ավարտել է Հայաստանի թատերական գործիչների միության Կիրովականի բաժանմունքին կից դրամատիկական ստուդիան: Սովորել է Երևանի գեղարվեստա­թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Աշխատել է Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես գլխավոր բեմադրիչի օգնական, Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես գլխավոր բեմադրիչի օգնական և գրական մասի վարիչ, Արտաշատի Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես տնօրենի տեղակալ և գրական մասի վարիչ, ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի դրամատիկական հաղորդումների խմբագրությունում` որպես ավագ խմբագիր, Գյումրու «Բալատոն» վարժարանում` որպես տնօրենի տեղակալ, Գյումրու քաղաքապետի խորհրդական, «Շիրակ» գրական­ գեղարվեստական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, ՀՀ Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ, Գյումրու թիվ 1 վարժարանի տնօրեն, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, «Օրինաց երկիր» պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ, «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ:

Հայերեն է թարգմանել Չեխովի, Լորկայի, Մյուսեի, Բուլգակովի, Գոլդմանի, Գորկու, Պտուշկինայի, Կունիի, Պավլովսկու պիեսները: Հեղինակել է տպագրված 25 գիրք, գրել է առաջաբաններ, հրատարակել 20 գիտական հոդված: Հայկական հանրագիտարանի արվեստի գիտաճյուղային խորհրդի անդամ է: Հանդիսանում է Թատերական քննադատների համաշխարհային ասոցիացիայի նախագահության անդամ:

2007թ. ընտրվել է Հայաստանի թատերական գործիչների միության վարչության քարտուղար և արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: Արժանացել է նաև «Արտիստ» մրցանակի: Հայաստանի գրողների և թատերական գործիչների միության, Ազգային թատերական ստեղծագործական միավորման անդամ է: Պարգևատրվել է «Գրական վաստակի համար» մեդալով: Ընտրվել է Բնության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս:

2013-­14թթ եղել է «Թատրոն Իքս» թատերական փառատոնի մասնագիտական խորհրդի նախագահը: ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժյուրիի անդամ է և Աղասի Այվազյանի անվան թատերական փառատոնի ժյուրիի նախագահը: 2015թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության ոսկե մեդալի:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0