a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
28/08/2015

Միակ «չի կարելին», որն անհրաժեշտ է երեխաներին

Sofya-Aznauryan

Առավոտ-ը գրում է․ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, շուրջ 35 տարվա ընդմիջումից հետո, գալիք թատերաշրջանում կբեմադրվի Սոֆա Ազնաուրյանի «Չիկարելիի արկածները» մանկական օպերան: Այս մասին Առավոտ-ին հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը:
Նկատենք, որ 82-ամյա Ազգային օպերային թատրոնի խաղացանկը հարուստ չի եղել հայ հեղինակների մանկական ներկայացումներով: Տարբեր ժամանակներում բեմադրվել են Յուրի Գեւորգյանի «Խարույկ», Անուշավան Տեր-Ղեւոնդյանի «Բերբերո», Ստեփան Ջրբաշյանի «Գիքորը» եւ 1970-ականների վերջերին՝ Էրիկ Հարությունյանի «Հեքիաթ մեծերի համար» (ըստ Թումանյանի «Մի կաթիլ մեղր»-ի) օպերաները:

Ծանոթանալով Սոֆա Ազնաուրյանի ստեղծագործական դիմանկարին, ակնհայտ է դառնում մի բան, որ ստեղծագործելու առումով կոմպոզիտորի նախընտրելի ժանրը վոկալն է (ռոմանսներ, վոկալ շարքեր եւ այլն): Կոմպոզիտորի առաջին մոնոօպերան՝ «Հույսը», ըստ 19-րդ դ. վերջի եւ 20-րդ դ. սկզբի ճանաչված գրող Զինաիդա Գիպյուսիի «Հորինվածք» նովելի, 2004թ. Կրասնոդարում անցկացված Զատկի փառատոնին մեծ հաջողություն ունեցավ: Այն ռեժիսոր Վիկտորյա Փոշոտյանի եւ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի «ընթերցմամբ» ներկայացվեց նաեւ «Հայֆեստ» փառատոնին: Ազնաուրյանի երկրորդ օպերան՝ «Հայաստան», կամերային էր՝ նվիրված երաժշտագետ Մարգարիտ Ռուխկյանին: Սա հետաքրքիր մեծակտավ ստեղծագործություն է, քանի որ գրված է Օսիպ եւ Նադեժդա Մանդելշտամների բանաստեղծությունների ու նամակների հիման վրա, որոնք 20-րդ դարասկզբին 200 օր անցկացրել են Հայաստանում: Նրանց տպավորությունները՝ հայկական տեսարժան վայրերի, հուշարձանների, հանդիպումները, այդ թվում՝ Չարենցի հետ, տեղ են գտել օպերայում:
Տպավորիչ էր կոմպոզիտորի «Համլետ» մոնոօպերան, որը հատուկ գրված էր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի հիմնած «Արմմոնո» թատերական փառատոնի համար: Այն 2007թ. Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում ներկայացրեց բարիտոն Հրանտ Խաչիկյանը՝ Լեւոն Իվանյանի ռեժիսուրայով:
Առավոտ-ը հանդիպեց Սոֆա Ազնաուրյանի հետ: Խնդրեցինք հակիրճ ներկայացնել իր «Չիկարելիի արկածները» եւ ինչպես եղավ, որ ավելի քան 3 տասնամյակից հետո հենց այդ մանկական օպերան որոշվեց բեմադրել օպերային թատրոնում: Մեր զրուցակիցը նշեց, որ օպերան գրել է ըստ Ռուբեն Մարուխյանի համանուն վիպակի: Ընդ որում, գրողի այս գիրքը դեռեւս խորհրդային տարիներին արժանացել է Կոմերիտմիության մրցանակի եւ 2013-ին ճանաչվել լավագույն ստեղծագործություն երեխաների համար, ստանալով Վախթանգ Անանյանի մրցանակ: Տիկին Ազնաուրյանը հավելեց, որ «Չիկարելիի արկածները» թարգմանվել է 5 լեզուներով եւ ընդգրկված է դպրոցների 5-րդ դասարանի դասագրքում: «Անցյալ տարի Կոմպոզիտորների միության օպերային եւ բալետային բաժնի նիստի ժամանակ ներկայացրի գործընկերներիս: Այդ հարցում ինձ օգնեց մեր կոնսերվատորիայի դոցենտ, դաշնակահար Սահենիկ Մաղաքյանը, որը նաեւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի երգչուհի է, իսկ հետո միության երաշխավորագրով «Չիկարելիի արկածները» ներկայացվեց մեր օպերային թատրոն: Շուրջ մեկ ամիս առաջ էլ թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը հրավիրեց ինձ եւ ասաց, որ որոշել են բեմադրել օպերաս»,- հայտնեց Սոֆա Ազնաուրյանը:

Ավելին՝ Aravot.am

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0