a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Շատ կցանկանայինք վերադարձնել մեր նախկին շենքը, բայց «Թումո» կենտրոնը «ձեռքը դրել» է այդ շենքի վրա».Լևոն Բաղդասարյան

levon baghdasaryan

Հայկական առաջին մանկական թատրոնը՝ Գյումրու տիկնիկային թատրոնն այսօր շարունակում է իր ուժերի ներածին չափով փոքրիկներին  ներկայացնել թվով 14 ներկայացում: Շուրջ 30 տարի առաջ  սովետական իշխանության «վերևների» «թեթև ձեռքով» թատրոնը «Գորկա»  զբոսայգում գտնվող մեծ ու հարմարավետ շենքից տեղափոխվեց Աբովյան փողոցում գտնվող  երբեմնի  «Նաիրի»   ռեստորանին պատկանող գարեջրատան շենք ու «մնաց այնտեղ»: Մնաց՝ փորձելով հարմարվել շենքի անհարմարավետությանն ու  բազմաթիվ խնդիրներին, որոնք մինչև օրս փորձում են լուծել թատրոնի ղեկավարները՝ գեղարվեստական ղեկավար  և տնօրեն  Լևոն Բաղդասարյանի գլխավորությամբ: Culture.AM-ի հետ զրույցում պարոն Բաղդասարյանը նշեց, որ  կարևորագույն խնդիրներից մեկը կապված է վերանորոգման հետ.

Քաղաքապետարանի և մեր ջանքերով վերանորոգել ենք տանիքը, պատերը, ահակին աշխատաք արվել է, առայժմ փորձում ենք նաև կատարել ներքին հարդարման աշխատանքներ, դուռը փոխել, հետո արդեն կտեսնենք։ Մենք կողքից եկամուտներ չունենք․ մեր վճարները հիմնված են տոմսերի վաճառքից ստացած գումարների  վրա։

Բայց և այնպես, Լևոն Բաղդասարյանի խոսքով, առաջնային խնդիրը թատրոնի տեղի հարցն է: Տնօրենի խոսքով,  քաղաքապետարանի հետ փոխադարձ առաջարկություններով   փորձում են նոր տեղ գտնել, բայց դեռ հարմար տեղ չեն գտնում.
- Շատ կցանկանայինք վերադարձնել մեր նախկին շենքը, այգու միջի շենքը։ Դա հսկայական տարածք է, իսկական թատրոնի շենք, նախկին դրամատիկականի շենքն է։ Այնտեղ կարելի էր հեքիաթների աշխարհ ստեղծել, կայարաններ՝ կայարան-թատրոն, կայարան-կարուսել, մի խոսքով «Գյումրի լենդ»։ Բայց «Թումո» կենտրոնը «ձեռքը դրեց» թատրոնի շենքի վրա, որը նրան, կարծում եմ, երբեք էլ պետք չի գա․ շենքը վերցրել են, բայց արած գործը դեռ չենք տեսնում։

Առայժմ ուզենք-չուզենք, սա ունենք, բայց տարբերակներ ենք քննարկում՝ ուր կարելի է տեղափոխվել։

Տիկնիկային թատրոնի մյուս խնդիրը նվազագույն աշխատավարձն է, աշխատողները ստանում են 55.000 դրամ աշխատավարձ ու սա է պատճառը, որ տղա դերասանների խնդիր ունի թատրոնը:
 55000 դրամ աշխատավարձով ո՞վ կհամաձայնվի աշխատել, գոնե Երևանում զուգահեռ հնարավոր է ֆիլմերում, սերիալներում ասենք նկարահանվել, էստեղ չունենք նկարահանումներ։ Մարդ են, ընտանիք ունեն, կամ ուզում են ամուսնանալ: Գումարած այս ամենին, մեր  տիկնիկները մեծ են, առավել հեշտ կլիներ խաղալ ավելի փոքր տիկիներով նաև նրա համար, որ տեղն է փոքր: Սա էլ մի դժվարություն աշխատողների համար:

Մեր այն ակնարկին, թե փաստորեն  թատրոնի մարդը առանց երկրորդ աշխատանքի չի կարող գոյատևել, պարոն Բաղդասարյանը պատասխանեց այսպես.
Իհարկե, ոչ։ Չի կարող․․․ Ես ինքս միջնորդում եմ, որպեսզի երկրորդ աշխատանքի անցնեն՝ համատեղեն․ մեկը պար է դասավանդում, մյուսը երգ է սովորեցնում․ ինքնադրսևորվել է պետք ի վերջո։

Իսկ լուծումը բարելավելու թատրոնի գործունեությունը Լևոն Բաղդասարյանը կապում է բացառապես երկրի առաջընթացի հետ

– Լոկալ չեմ պատկերացնում լուծումը։ Պայմանավորում եմ երկրի առաջընթացով․ երկրի վիճակը կլավանա, Գյումրիի տիկնիկայինն էլ կբարելավվի։ Լավից լավը միշտ էլ կա։
Բայց այս ամենի մեջ մի առավելություն կա. Գյումրիի տիկնիկային թատրոնն ունի իր մշտական հանդիսատեսը.
– Դպրոցներում ինչքան երեխա կա, մանավանդ առաջինից երրորդ դասարան, մեր հանդիսատեսն է։ Հանդիսատեսին գրավելու խնդիր չունենք․ սա կարծես դպրոցական ծրագիր է,առարկա, դիդակտիկ ուսուցման ճանապարհ։

Դե իսկ առաջիկա ծրագրերից թատրոնի ղեկավարն առանձնացնում է «Տիկնիկային համերգ»-ը.
Ունենք մեծ ծրագիր, որը կոչվում է «Տիկնիկային համերգ»։ Այստեղ լեզվի իմացություն պետք չի․ ներկայացնում է տարբեր ազգերի երգերը, պարերը, մշակույթն առհասարակ։

Այժմ բանակցում ենք դեսպանատների հետ, որպեսզի կարողանանք ծրագիրը ներկայացնել արտասահմանում։ Ծրագիրն այնքանով է ճկուն, որ եթե գնանք Լեհաստան, կարող ենք ներկայացնել իրենց մշակույթը, Ամերիկա՝ իրենցը։ Եթե ծրագիրը գործի, շատ լավ եկամուտ կլինի թատրոնի համար։

 

Սյուզաննա Գարեգինյան (Culture.AM)
Լուսանկարը՝ Սփյուռ տեղեկատուի

 

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0