a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սովետում խոսել չէիր կարող, որովհետև բոլորը լսում էին, հիմա` ինչքան ուզում ես հաչա, լսող չկա». Նարեկ Դուրյան

Narek Duryan

«Փառք Աստծո, չսիրողներ էլ կան, այնպես որ վիճակս էդքան էլ ծանր չէ»,- այսպես արձագանքեց Նարեկ Դուրյանը, երբ երեկ «Լոֆթ» ինքնազարգարգացման կենտրոնում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հաղորդավարուհին նրան ներկայացրեց որպես սիրված դերասանի և ռեժիսորի:

Խոսակցության, երիտասարդներին հուզող շատ թեմաներ ու հարցեր կային: Նարեկ Դուրյանը ժամանակի, երիտասարդների ու կարգերի մասին իր տեսակետն ունի. ճիշտ է, համոզված է, որ շատ տաղանդավոր երիտասարդներ ունենք, բայցև գտնում է, որ ընդհանուր առմամբ կրթվածության մակարդակը ցածր է:

«Թատերական ինստիտուտում սովորող աղջիկը գալիս է իմ տուն, որը նաև իմ գրասենյակն է, որպեսզի փորձ անենք, տեսնում է իմ գրապահարանը, որտեղ տեղակայված են խորհրդային տարիներին տպագրված համաշխարհային գրականության հատորները` շուրջ 200 գիրք, որոնց կազմերը տարբեր գույների են, և ոգևորված ասում է` «վա~յ, էս ինչ սիրուն ա, Դո՞ւք եք ներկել: Հինգ րոպե ուզում էի հասկանալ` հումո՞ր է անում, թե՞ լուրջ է ասում: Չեմ հասկանում` դպրոցում ի՞նչ են սովորում: Ուսանողներիս ոգևորված պատմում եմ Հռոմի, Սպարտակի մասին, պարզվում է` նույնիսկ չգիտեն, թե ով է Սպարտակը: Կամ գալիս են Թատերական ինստիտուտ ընդունվելու, ասում են` «մեծ հայ նավանկարիչ Այվազովսկին»,- թվարկեց Ն. Դուրյանը` հավելելով, որ մյուս կողմից էլ հասկանում է, որ երիտասարդների համար բարդ ժամանականեր են. «Այստեղ ուրիշ խնդիր էլ կա, մեղադրելը շատ հեշտ է. էրեխեքն աշխատում են սովորելուն զուգահեռ, որվհետև 600 հազար դրամ ուսման վարձ պետք է տան: Հիմա ես ո՞նց այդ էրեխուն ասեմ` սառնարանդ դատարկ, գնա Շեքսպիր կարդա: Կռված ազատամարտիկի էրեխուն մեծ լավություն են արել` 600 հազար դրամից վարձն իջեցրել են 450 հազարի: Բա չեք ամաչո՞ւմ: Ես չեմ բանբասում, ես իրանց էլ եմ ասում»:

Դերասանը հիշում է, որ խորհրդային տարիներին իրենց կուրսում 7 հոգի էին սովորում, մինչդեռ այսօր միայն դերասանական բաժնի մի կուրսում 150 ուսանող կա. «Ռուսը լավ խոսք ունի` «էս փոքր երկրի ինչի՞ն է պետք էդքան մեծ բժբախտությունը». այդքան դերասան ի՞նչ ենք անում: Դրա համար էլ, որ մեկը գնում է սերիալում 10 հազար դրամով նկարվելու, ասում են` ձեռ ես առնո՞ւմ, 5 հազարով լիքը նկարվող կա»,- ասաց նա:

Հարցրեցի Ն. Դուրյանին, թե ինչ է մտածում թատրոնի ապագայի մասին, կգա՞ մի օր, որ հեռուստատեսությունը, ինտերնետն ամբողջովին «կուլ կտան» այն.  «Երիտասարդ տարիքում ականատես եղա, թե ինչպես կինոն սպանեց թատրոնին, հեռուստատեսությունը սպանեց կինոն, հետո ինտերնետը` հեռուստատեսությանը: Մի բան պատմեմ` մի տղա մոտենում է մի սիրուն աղջկա, հարցնում է` «Դուք ինտերնետ ունե՞ք», աղջիկը պատասխանում է` «չէ, իսկ ինչո՞ւ», տղան բա թե` «ափսոս, կարող էինք ծանոթանալ». նա պետք է սմայլիկ-բան ուղարկի, այլ կերպ չի կարող: Եթե տեսնեք` կինոթատրոնները Ֆրանսիայում ինչեր են անում հանդիսատեսին գրավելու համար, անգամ պետությանը խնդրեցին, որ կինոյի օր սահմանի և պետությունը գնաց այդ քայլին: Դրա պատճառը նաև ծուլությունն է. մեկը տանը նստած ալիքներն է փոխում և ոչ ուզում է տանից դուրս գալ, ոչ էլ այլ գործով զբաղվել: Նույն «ֆաստն» է, ինչպես Մագդոնալդսը սպանեց ընտիր ռեստորաններին: Ամեն ինչ «ֆաստ» է դարձել` արվեստը, քաղաքականությունը, կյանքը, դրա համար էլ ես չգիտեմ` քանի տարի տալ թատրոնին, բայց ես ուզում եմ հավատալ, որ կմնան թատրոնը սիրողներ»:

Փարիզաբնակ դերասանի ներկայացմամբ, այսօր Փարիզում օրական 380 ներկայացում է ցուցադրվում, բայց դրանց 20 տոկոսն ապրում է միայն մեկ օր, իսկ հաջորդ օրն այդ 20 տոկոսի բացն արդեն լցվում է. «Տարեկան 10 միլիոնանոց Փարիզը թատրոնի` 46 հազար մշտական այցելուներ ունի, այդ թվին գումարվում են նաև պատահական այցելուները, տուրիստները: Ես չգիտեմ` ինչքան կտևի այդ իրավիճակը, բայց մի բան հաստատ է` կորցնելով թատրոնը` մենք կկորցնենք էմոցիաներ, կենդանի հաղորդակցություն. կինոյում ձեզ ցույց են տալիս, թատրոնում դուք տեսնում եք: Ես թատրոնում նահանջի տեղ չունեմ. կա´մ ես ձեզ հաղթում եմ, կա´մ դուք ինձ ուտում եք: Թատրոնից էլ հրաշալի բան… Ամեն դեպքում, թատրոնը չի կորի, բայց երևի կդառնա դասական երաժշտության նման մի բան` «ընտրյալները» կգնան թատրոն դիտելու, բայց նրանց 80 տոկոսը չի հասկանա, թե դա ինչ է»:

Ներկայացումն ապրեցնելն էլ այսօր հեշտ բան չէ: Ն. Դուրյանի խոսքով, պետք է այնպիսի մի բան բեմադրել, խաղալ, որ հետաքրքիր լինի հանդիսատեսին. «Պիես գրելիս մենք նույնիսկ ստիպված ենք լինում մտածել, թե դա ինչքան է նստելու մեր վրա: Ես հիմա ուզում եմ «Մորաքույրը Փարիզից – 2»-ը բեմադրել, բայց անհրաժեշտ 7 հոգուն չեմ կարողանում հավաքել (մեկն ավել է ուզում, մյուսը` պակաս), ես չունեմ տեղ, որտեղ փորձեր կանեմ, ես ամեն ինչ վարձում եմ: Սա է պատճառը, որ կոմերցիոն ներկայացումների տոմսերը թանկ արժեն. դա ոչ թե նրանից է, որ բկլիկ ենք, այլ պարզապես շատ ենք ծախս անում: Շատ կարևոր է խոսել բաների մասին, որ մարդկանց հետաքրքրում են, ինչպես նաև ինձ համար առաջնային է անկեղծությունը»,- նշեց նա և, անդրադռնալով իր` որպես կատակերգու հանդես գալու մասին հարցին, ասաց, որ ամեն մարդ ընտրում է այն, ինչ ուզում է և կարող է անել. «Ինձ համար ավելի դյուրին է մարդկանց զվարճացնել, քան լացացնել: Ոչ մի կատարկերգու հատուկ ջանք չպետք է գործադրի ծիծաղեցնելու համար, դա ինքնըստինքյան է ստացվում: Լաց առանց այդ էլ այնքան շատ կա կյանքում, որ մարդիկ ուզում են ծիծաղել, բայց ծիծաղեցնելու էլ երկու տարբերակ կա` մակարդակով կամ անմակարդակ: Թե ես դա ինչպես եմ անում, արդեն պետք է հանդիսատեսը ասի»:

Դառնալով ժամանակին (20 տարեկանում) Հայաստանից հեռանալու հարցին` Ն. Դուրյանն ընդգծեց, որ ինքը Սովետական Հայաստանից է հեռացել, ոչ թե Հայաստանից, իսկ դրանք շատ տարբեր բաներ են. «Առաջ դու չէիր կարող անել ինչ ուզում ես, ասենք` նստել ինքնաթիռ, գնալ Լուվր, Մոնա Լիզային նայել, հետ գալ, հիմա արդեն կարող ես դա անել, բայց դրամ չունես. այդ էլ դիկտատուրայի մի ուրիշ տեսակ է: Սովետում խոսել չէիր կարող, որովհետև բոլորը լսում էին, հիմա` ինչքան ուզում ես հաչա, լսող չկա: Առաջ չէին թողնում, հիմա փող չունես, նույն բանտն է: Ես գնացի Փարիզ և ասացի` այստեղ կլինեմ բոմժ, բայց Սովետական Հայաստան չեմ վերադառնա, քանի որ ուզում եմ ազատ լինել: Ես չեմ գնացել, որովհետև սոված եմ եղել, բայց սովածության պատճառով գնացողներին էլ չեմ մեղադրում, մարդիկ սոված են, գնում են, որ հաց ուտեն, իսկ ես գնացել եմ այ սրա համար (Ա.Ռ. – ցույց է տալիս գլուխը): Ինձ այսօր այստեղ ոչ ոք դա չի արգելում, կարող եմ բեմադրել այն, ինչ ուզում եմ, կարող եմ ասել` ես կառավարության հետ համաձայն չեմ, ախմամխ կառավարություն է. ուրիշ հարց է արդեն, որ իրանք թքած ունեն, որ ես դա ասում եմ»:

Ն. Դուրյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ շատերն իրենց մեղադրում են, թե «դուք` քաղքենիներդ, ռուսերեն շատ էիք խոսում». «Այո, ռուսերեն էինք խոսում, բայց մեր խանութների անունները Անի ու Վան էին, իսկ Կիլիկիա, Մալաթիա, Սեբաստիա թաղամասերի անունները նոր չեն դրվել, այո, ռուսերեն էինք խոսում, բայց Թումանյանի հեքիաթներով էինք մեծանում, ռուսերեն էինք խոսում, բայց Թուրքիայի հետ բիզնես չէինք անում ու չէինք գնում այնտեղ հանգստանալու, ռուսերեն խոսելով` մետրո սարքեցինք, Ծիծեռնակաբերդը կառուցեցինք: Հիմա ի՞նչ, մեր ռուսերեն խոսելն ի վնաս հայերի՞ է եղել»,- եզրափակեց նա:

 

Անի Ռափյան (Culture.AM)

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0