
26/07/2016
|
ԽՍՀՄ-ում «Գտնված երազ» մուլտֆիլմի ստեղծման թույլտվությունը մեծ անակնկալ էր․Հովիկ Դիլաքյան

Դիլաքյան եղբայրները, որոնք 1976 թ-ին ստեղծված հայկական «Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակներն այսօր ապրում են Նյու-Յորքում: Մուլտի ստեղծումից 40 տարի անց Հովիկ Դիլաքյանը հարցազրույց է տվել Նյու-Յորքի կինոյի միջազգային ինստիտուտի կայքին և պատմել մուլտֆիլմի մասին։
«Դիսնեյի աշխատանքներից հատկապես «Սպիտակաձյունիկն» է ամենամեծ ազդեցությունը թողել մեզ վրա: Երեխա ժամանակ այդ մուլտֆիլմը նայել ենք ամենաքիչը 55 անգամ: Դիսնեյը շատ ռեժիսորների համար ճանապարհ է հարթել, և մենք էլ ոգեշնչվել ենք նրա աշխատանքներից»,- նշել է Հովիկ Դիլաքյանը:
Դիլաքյանը պատմել է, որ Խորհրդային ժամանակաշրջանում գրաքննությունը չափազանց շատ էր։ Ղեկավարները չէին ցանկանում, որ լինեին այնպիսի ֆիլմեր, որոնք խորհրդային գաղափարախոսությանը հակադարձող որեւէ բան կունենային: «Երբ մենք այս մուլտֆիլմը նկարահանելու թույլտվությունը ստացանք, դա իսկապես մեծ անակնկալ էր։ մուլտֆիլմն առեղծվածային, կախարդական տարրեր ուներայնինչ ֆիլմերը պիտի իրատեսական լինեին»,- ասել է նա:
«Ֆիլմը բավական շատ սիրվեց և սկսեց ցուցադրվել ողջ հանրապետությունով մեկ։ Մարդիկ արագորեն սովորեցին ֆիլմի երգերը, որոնք շատ հայտնի դարձան։ Համացանցի հասանելիությամբ մուլտֆիլմի դիտումներն անցան մեկ միլիոնի սահմանը և դա մեծ ցուցանիշ է»։
Ըստ հեղինակի, մուլտֆիլմի գլխավոր ուղերձն այն է, որ իրականությունը բազմակողմանի է և յուրաքանչյուր կողմի ուշադիր ուսումնասիրության դեպքում միայն մարդը կարող է հասնել իսական երջանկության։