a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Մեզ շատ հարցեր են տալիս, որոնց պատասխանները գիտեր միայն Դովլաթովը». Ելենա Դովլաթովա

58238

«Հայրս միշտ ասում էր, որ կինը պետք է գործ ունենա: Շատ էր վախենում, որ 30 տարեկանում ես փոքրիկ երեխաներ կունենամ, ամուսինս կլքի ինձ և ես կմնամ մենակ ու առանց գործի»,- Culture.AM-ի հետ  զրույցում նշեց հայ-հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովի դուստրը` Եկատերինա Դովլաթովան:

Սերգեյ Դովլաթովի կինն ու դուստրն արդեն մի քանի օր է` Երևանում են. նրանք եկել են Հայաստան` մասնակցելու նշանավոր գրողի մահվան 25-րդ տարելիցին նվիրված «Դովլաթովի հինգ անկյունները» վավերագրական ֆիլմի պրեմիերային, որը կայացավ երեկ «Մոսկվա» կինոթատրոնում: ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված հայ-ռուսական համատեղ արտադրության ֆիլմի հեղինակներն են Ազա Բաբյանն  ու Վադիմ Դուբնովը: Գրեթե 60 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմը հագեցած է նաև գեղարվեստական տարրերով, ներկայացնում է Ս. Դովլաթովի կյանքն ու գործունեությունը, նրա ստեղծագործական տեղն ու նշանակությունը ռուսական մշակույթի խճանկարում:

Շարունակելով մեր զրույցը` Ե. Դովլաթովան նշեց, որ իր հայրիկի համար գործ ունենալուց ավելի կարևոր էր կարգապահությունը. «Նա գտնում էր, որ անկախ քո հնարավորություններից և տաղանդից, միշտ պետք է աշխատես ինքդ քեզ վրա և նա անում էր դա»,- հիշեց Եկատերինան:

Այն հարցիս, թե իր տեսակի կայացման վրա ինչ ազդեցություն է ունեցել Ս. Դովլաոթվը, Եկատերինան պատասխանեց. «Նա միակ հայրն է, որին ճանաչել եմ և կարծում եմ, որ հրաշալի հայրիկ եմ ունեցել: Օրինակ` Հայաստանում գտնվելիս ես և մայրս որոշակի չափով մեր վրա ենք ընդունում այն ողջ սերը, որն ուղղված է Դովլաթովին. այստեղ նրան լավ ճանաչում են և շատ են սիրում: Քանի որ նա չկա, մենք ենք դառնում մարդկանց «թիրախը»: Չգիտեմ` դա ինչքանով է օգնում կյանքում, բայց դա հաճելի է ու պատասխանատու: Իհարկե երբեմն նաև անհարմար է լինում, քանի որ շատ ավելի լավ կլիներ, որ հայրս ապրեր և ինքն այդ ամենը ստանար»,- նշեց նա և, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իրեն գենետիկորեն փոխանցվել է հոր տաղանդը, ասաց, որ անգլերեն է թարգմանել հոր ստեղծագործություններից «Заповедник»-ը, որը մեծ ճանաչում է գտել. «Նույնիսկ երկու մրցանակի հավակնորդ էի: Իհարկե չհաղթեցի ոչինչ, բայց շատ հայտնի մարդկանց հետ նույն ցուցակում էի»:

Ս. Դովլաթովի կինը՝ Ելենա Դովլաթովան, մեր զրույցում նշեց, որ հիմա շատ մեծ պատասխանատվություն է դրված իրենց ուսերին և դա մեծ լարվածություն է. «Մեզ շատ հարցեր են տալիս, որոնց պատասխանները գիտեր միայն Դովլաթովը: Ես բավականին փակ կյանքով եմ ապրում Նյու Յորքում և փորձում եմ ամեն կերպ խուսափել հանրայնությունից: Այնտեղ դա հաջողվում է, բայց ես հիշողությամբ շրջապատված եմ ապրում և դա է ամենակարևորը»,- ասաց նա՝ հավելելով, որ ամուսինն ավելի շուտ ազդել է ոչ թե իր աշխարհընկալման, այլ գրականության ընկալման վրա:

Ինչ վերաբերում է Սերգեյ Դովլաթովի հայկական գեներին (մայրը հայ էր), Ելենա Դովլաթովան նշեց, որ նա թե՛ արտաքնապես էր նման հայի և թե՛ իր կովկասյան խառնվածքով. «Եթե ձեզ դուր են գալիս նրա գրքերը և եթե պատկերացնում եք նրան իր ստեղծագործությունների միջոցով, ուրեմն նա արդեն ձերն է. գոնե ինձ համար մարդկային հատկություններն ավելի կարևոր են, քան ազգայինը»,- հավելեց նա:

Անի Ռափյան (Culture.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0