a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Յուրաքանչյուր ֆիլմի հաջողությունն իր ասելիքի մեջ է». Ջիվան Ավետիսյանի «Թևանիկը» շարունակում է մրցանակներ նվաճել

Jivan Avetisyan

Հայ նորաթուխ պատմության փառահեղ էջերից է Արցախյան ազատամարտը: Եզակի ժամանակաշրջան, երբ հայի ոգին միասնական էր, մի ժամանակաշրջան, երբ հաղթանակների ծարավ ժողովուրդն իր հերոսներով իսկական սխրանք գործեց՝ ազատագրելով Արցախն ու  նրա հարակից հայկական շրջանները՝ անառիկ պահելով սեփականը: Այս փառահեղ շրջանի մասին են  պատմում ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի կերտած ֆիլմերը: Ու չնայած նրան, որ ռեժիսորն արդեն նկարահանել է իր երրորդ ֆիլմը, որը գտնվում է հետարտադրական փուլում («Վերջին Բնակիչը»), բայց և այնպես, նախորդի՝ «Թևանիկ»-ի հաղթանակները շարունակվում են, որոնցից վերջինը Romania Internatioanl Film Festival Ro-IFF 2015-ի շրջանակներում  «Լավագույն ֆիլմ»  անվանակարգում տոնած հաղթանակն է:  Culture.AM-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն անկեղծորեն նշում է, որ «Թևանիկ» ֆիլմը «սիրում» է ճանապարհորդել և մասնակցել տարբեր փառատոնների: Այս անգամ էլ հանգրվան գտավ Ռումինիայում:
- Ինչպես նախորդ անգամները, այս անգամ ևս ես ֆիլմն ուղարկեցի փառատոնի մրցութային ծրագիր և սպասեցի նրանց արձագանքին: Ի ուրախություն մեզ՝ ֆիլմը սիրվեց, գնահատվեց ու նաև արժանացավ «Լավագույն ֆիլմ» մրցանակին: Սա մեծ ձեռքբերում է մեզ համար, ինչի համար  անչափ ուրախ և շնորհակալ եմ թե՛ ռումինացի հանդիսատեսին, թե՛ ֆիլմը գնահատողներին և թե իմ`« Թևանիկ»-ի թիմին, որ միասնական ուժով կյանքի ենք կոչել այս ֆիլմը:

TevanikԱյս հաղթանակը «Թևանիկ»-ի թվով 8-րդ նվաճումն է  «Ոսկե  Ծիրան»-ից  ( «Լավագույն  խաղարկային  ֆիլմ»),  Չինաստանի «First Silk Road International Film Festival»-ից («Հանդիսատեսի  համակրանք»), Լոս  Անջելեսի « Arpa International Film Festival» – ից («Լավագույն  սցենար»),  Հռոմի «Overlook CinemAvvenire» միջազգային կինոփառատոնից  («Լավագույն  ինքնատիպ  աշխատանք»),ԱՄՆ -ում կայացած «2-nd Annual World Entertainment Awards»-ից  («Լավագույն  հայկական  ֆիլմ»), «Հայկյան» մրցանակաբաշխությունից (Ջիվան Ավետիսյանին շնորհվել է հատուկ մրցանակ), ինչպես նաև Հունաստանում ֆիլմի ցուցադրությունից հետո  Նեա Զմիռնայի  քաղաքապետի  կողմից Ջիվան Ավետիսյանի ստացած  ոսկե   մեդալից հետո:  Տիտղոսակիր ֆիլմը, վստահ, դեռ կհասցնի իր հաղթական ավարին ավելացնել նոր նվաճումներ: Մեր այն հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված «Թևանիկ»-ի հաջողությունները, պարոն Ավետիսյանը պատասխանեց այսպես.
Կարծում եմ` յուրաքանչյուր ֆիլմի հաջողությունն իր ասելիքի մեջ է: «Թևանիկ»-ն էլ բացառություն չէ, նրա ասելիքը, ի ուրախություն մեզ, հասանելի և գնագատելի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս:

Իսկ ֆիլմ նկարահանելու գաղափարը  Ջիվան Ավետիսյանի մոտ «ծնվում է  ակամա».
Երբ հոգիդ, սիրտդ ասելիք ունեն, ու ցանկանում ես կիսվել համայն ժողովրդի հետ:

Մեր ֆիլմադարանին  հենց որակյալ ֆիլմեր են պետք, որի ջատագովներից մեկն էլ հենց ռեժիոր Ջիվան Ավետիսյանն է: Իսկ ապացույցն էլ իր նկարահանած ֆիլմերի ստացած մրցանակներն են: Չմոռանանք նշել նաև «Ընդհատված մանկությունը», որը նույնպես հասցրել է երջանկացնել ռեժիսորին իր ստացած մրցանակներով: Հաջորդ՝ «Վերջին բնակիչն» էլ  խոստանում է լինել Ջիվան Ավետիսյանի ֆիլմերի արժանի իրավահաջորդն ու  հայկական մերօրյա  ֆիլմարտադրության  նոր արժեքավոր աշխատանքը:
- Գարնանը, եթե ոչինչ չխանգարի, հանդիսատեսի դատին կհանձնվի «Վերջին Բնակիչը»,- իր խոսքը եզրափակեց ռեժիսորը:

Սյուզաննա Գարեգինյան (Culture.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0