a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
24/10/2015

«Անունս Յասին է, Սասունի Կոմեկ գյուղից եմ, իսլամի դասին չեմ մասնակցելու պարոն տնօրեն, հարցեր կա՞ն »

86
arevelk.am-ը գրում է. Սփյուռքի տարբեր գաղթօջախներում մշտապես համառ ջանքեր են գործադրվում հայ մանուկներին հայեցի կրթելու, հայկական համայնքների դպրոցները կանգուն պահելու և ամեն ինչով ապահովելու համար: Հայապահպանությունը և հետևաբար նաև հայկական րթոջախների հարցը ամենախրթինն ու կարևորն է եղել Ցեղասպանության հետևանքով հայկական Սփյուռքի ձևավորման տարիներից մինչ այսօր:

Իսկ դեռևս մեր պատմական հայրենիքում գոյատևող հայության համար, (ովքեր Սփյուռք չպիտի համարվեն, քանի որ այդ տարածքները մեզ համար ոչ թե գաղթօջախ,այլ մայր հող են անկախ նրանից, որ դա Թուրքիայի Հանրապետության տարածքն է այսօր) կրթական խնդիրները ոչ թե օրինակ ֆինանսական կամ նմանատիպ այլ բնույթների են, այլ այնպիսին,որ դրանք կարելի է համարել բառի բուն իմաստով կյանքի ու մահվան կռիվ:


Այսօր Թուրքիայում հայկական դպրոցներ գործում են միայն Կ.Պոլսում: Ստամբուլում գործում է 17 հայական վարժարան (այդքան հայկական վարժարան անգամ Բեյրութում կամ Փարիզում չկա), որոնք սակայն կիսադատարկ են: Աշակերտների օրեցօր նվազող թվի պատճառները մի քանիսն են, ամենագլխավորը` չափազանց թանկ վարձը:
Իր ֆինանսական խնդիրները ինքնուրույն լուծել ստիպված համայնքը գուցե և այլ ելք չունի:
Այս համատեքստում  Կ.Պոլսի հայ համայնքում անփոխարինելի և անուրանալի է հանգուցյալ Շնորք Գալուստյան պատրիարքի դերը, որը 1980-ական թթ.-ին մոտ 8000-ից ավելի հայ երեխա տեղափոխեց Արևմտյան Հայաստանի տարբեր գյուղերից դեպի Կ.Պոլիս և մի շարք նվիրյալների հետ անձամբ կազմակերպեց նրանց մկրտության ու հայերեն սովորելու գործընթացը: Այդ երեխաների թվում էին Հրանտ Դինքը, նրա կին Ռաքելն ու էլի շատ շատերը,ովքեր հետագայում Կ.Պոլսի հայ համայնքի ներսում կարևոր տեղ զբաղեցրին: Բնականաբար, թուրքական կառավարությունը այդ գործողությունները անպատիժ չթողեց , սակայն ավեորդ է նշել, թե ինչ որոշիչ դեր խաղաց պատրիարքի այդ անձնվեր գործն ու քանի հայ ընտանիքի փրկեց ամբողջական իսլամացումից:

Սակայն ետևում մնացածների համար այդպես էլ ոչինչ չփոխվեց: Մինչ օրս Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող հայության համար չկան ոչ հայերենի ուսուցիչներ, ոչ վարդապետեր, ոչ համայնքային առաջնորդներ:
Վերջին տարիներին Տիգրանակերտում, Մուշում և Դերսիմում բացաված հայերենի կարճատև դասընթացները միակ դրական տեղաշարժն էին:
Ինչ են անում, ինչ կրթություն են ստանում մեր հայրենակիցներն այսօր թուրքական պետական դպրոցներում: Որոշեցի անդրադառնալ ամենախուլ գյուղերում ու ամենաբարդ պայմաններում կրթություն ստացող հայ աշակերտների խնդիրներին,որոնց մասին դժվար թե մտորում են Հայաստանում կամ Սփյուռքում…

Ժամանակին 127 հայկական դպրոց ունեցող Սասունն այսօր մի վայր է, որտեղ 30 տարեկանից բարձր անձիք գրաճանաչ չեն: Ցեղասպանությունից հետո բոլոր հայկական դպրոցներն ավերած պետությունը հետագա տարիներին էլ չէր շտապում թուրքական պետական դպրոցներ կառուցել և կրթել ժողովրդին այդ շրջանում:
Մոտ 20 տարի առաջ լեռնային Սասուն վերջապես էլէկտրականություն հասավ, նաև սկսեցին կառուցվել ճանապարհներ: Այդ ընթացքում, ուրբանիզացիայի հետևանքով ակտիվացած քաղաք-գավառ կապը նաև նպաստեց, որ Սասունում որոշ ընտանիքներ սկսեցին իրենց երեխաներին գրաճանաչ դարձնելու մասին մտածել: Անշուշտ, բոլորն իրենց դա թույլ տալ չէի կարող. սովորաբար երեխաները օգնում էին իրենց ընտանիքներին տնտեսությունը վարելու գործերում և հաճախ, ընտանիքից մեկ երկուսին ուղարկում էին դպրոց,իսկ մյուսները հանձն էին առնում այծերին և գառներին արածեցնելու կարևոր պարտականությունը,որն ապահովում էր նրանց հիմնական ապրուստը:
Հայերը, որոնք Ցեղասպանության շրջանից ծպտվել էին Սասունի ամենաբարձրադիր գյուղերում, սկզբում որոշակի զգուշավորությամբ էին մոտենում հարցին. ուղարկել երեխաներին դպրոց, թե ոչ, չէ, որ տասնամյակներ շարունակ մեկուսի կյանք վարելով այժմ պիտի ավելի լայն շփում հաստատեին օտարների հետ: Այս հատվածը երկար ժամանակ փոձել է մաքսիմալ հեռու մնալ պետական որևէ հաստատության հետ կապերից, ոմանք անգամ իրենց երեխաների համար ծննդյան վկայական չէին հանում: Դե իսկ չվախենալով փասթաթուղթ պահանջողների պատմություններն էլ հայտնի են. հայկական անունների աղավաղում, կրոնի բաժնում ‘քրիստոնյա’’ բառի գրանցման շուրջ վեճեր  այլն:

1970թթ.-ին Սասունում Վեյսին առաջիններից էր, ում ծնողները դպրոց ուղարկեցին.
‘’ Առաջին ծեծս կերա թուրքերեն չիմանալու համար: Դե մեր մեծերը հայերեն էին խոսում,իսկ մենք` արաբերեն: Երկրորդ ծեծս նամազ անել չկարողանալու համար ստացա: Ուսուցիչը աշակերտների մոտ բղավում էր, թե ‘’ Դու հո հայ չես, որ նամազ չգիտես” : Բայց շատ լավ գիտեր,որ հայ եմ: Ես էլ չէի ուզում, որ ինձ ընկերներիս մոտ անպատվի, հայ բառը հայհոյանք էր: Այդպես սովորեցի աբդեստ անել (նամազից առաջ կատարվող լվացումը) “:

Այսօր Սասունում գործող երեք ավագ և մի քանի միջին դպրոցներում սովորում են ինը հայ աշակերտ`Սասունի վերջին չորս քրիստոնյա ընտանիքների զավակները:
Իրականում ` Սասունում հայ երեխաները ոչ թե մի քանի հոգի են,այլ մի քանի հազար: Սակայն իսլամացած ընտանիքների զավակներ լինելով, նրանց` անձը հաստատող փասթաթղթերում ‘’մահմեդական’’ բառի գրությության հետևանքով նրանց որպես հայ չեն հաշվառում: Վերոնշյալ ինը քրիստոնյա աշակերտները այս պահին միակն են,որոնց Սասունի դպրոցներում գրանցում են որպես հայ: Քանի որ, ինչպես հայտնի է, Թուրքիայում հայերը համարվում են կրոնական համայնք (Թուրքիայի բոլոր քաղաքացիները պաշտոապես թուրք են և ‘’ազգային փոքրամասնություններ’’ որպես այդպիսին գրանցված չկան այդ երկրում):

Ինչպիսի՞ն է նրանց դպրոցական առօրյան, որո՞նք են նրանց խնդիրները, ովքե՞ր են նրանց ընկերները:

14-ամյա Յասինը երկու տարի է, ինչ դպրոց է գնում Սասունում: Սկզբում ծնողները զգուշացել և չեն տարել, անցյալ տարի մեծ եղբայրը Ստամբուլից գալով անձամբ է տարել և գրանցել Յասինին Սասունի կենտրոնի դպրոցներից մեկում: Յասինը երկու օր անց հայտնվեց դպրոցի տնօրենի սենյակում, սակայն իր իսկ կամքով. ‘’ Գնացի ասացի պարոն տնօրեն, գիտեք չէ, որ մենք հայ ենք: Անունս Յասին է,Սասունի Կոմեկ գյուցից եմ, իսլամի դասին չեմ մասնակցելու պարոն տնօրեն, հարցեր կա՞ն “ …
Յասինը դասընկերներից չի բողոքում, ընդհակառակը` նրանից շատ են բողոքում. ‘’ Սրան տարեք այս դպրոցից, մեր երեխաներին ծեծում է’’ :

Սոֆյա Հակոբյան
Մանրամասները՝ arevelk.am -ում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0