a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գյուղը վատ չէ, բայց երիտասարդներին քաղաքային կյանքն է ձգում

Halidzor (20)

«Ամբողջ Հայաստանի քարտեզի վրա պետք է Երևան գրել» միտքը, ցավոք, այսօր այնքան հաճախ է հնչում և այնքան արդիական է, որ չես կարող չհամաձայնել դրա հետ, ինչքան էլ ցանկանաս, որ հակառակը լինի: Երևանում բավականին հնարավորություններ են ստեղծված  երեխաների գեղարվեստական կրթության և զարգացման համար, իսկ մարզերի տաղանդավոր երեխաները հաճախ իրենց տաղանդը սպառում եմ իրենց գյուղի քարքարոտ փողոցներում կամ անասուններին հանդրեր տանելու ճանապարհին: Բնականաբար, գյուղական կյանքն ունի իր կանոնները, և ես դեմ չեմ գնում դրանց, պարզապես խնդիրը նրանում է, որ պետք է պայմաններ ստեղծվեն նաև Երևանից դուրս ապրող երեխաների համար»…

Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Հալիձոր գյուղում մշակութային հաստատություններ չկան, ժամանակ առ ժամանակ դպրոցում խմբակների ձևով ինչ-ինչ բաներ կազմակերպվում են, բայց մշտական ոչինչ չկա: Գյուղապետ Մարատ Գերասիմյանն ակնկալում է, որ համայնքների խոշորացման արդյուքնում կստեղծվեն նմանատիպ կառույցներ, բացի այդ հավատացած է, որ իրենց գյուղը կարող է զբոսավայր էլ դառնալ՝ ավելի աշխույժ դարձնելով տեղացիների առօրյան. «Պատմամաշակութային վայրեր ունենք, որ կարող են զբոսաշրջիկներին գրավել, ուղղակի պետք է այդ ամենը բարեկարգել, օրինակ՝ Հարանց անապատը 1612թ. կառույց է, խաչքարեր ունենք, Հին Հալիձորն ինքն իրենով տեսարժան վայր է, հին տները թեկուզև կիսաքանդ են, բայց գրավիչ են, կարել է դրանք մի փոքր վերականգնել և օգտագործել որպես հյուրատներ»,- մեր զրույցում նշեց գյուղապետը:

Ինժիներ ծրագրավորող Արտյոմ Օրդյանը Գորիսի շրջանի Հալիձոր և Շինուհայր գյուղերում ծրագրավորում է դասավանդում գյուղերի այն երեխաներին, որոնք ցանկանում են տիրապետել համակարգչային հմտություններին:  Ինֆորմատիկայի արտադպրոցական անվճար ծրագիրն իրականացնում է UITE (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) ընկերությունը ՀՀ 58 գյուղերում, նախատեսված է 6-12-րդ դասարանների համար:

Նման դասընթացների անցկացման համար սովորաբար անհրաժեշտ է գոնե տեխնիկապես հագեցած լսարան, սակայն տեխնիկական միջոցների անբավարարության պատճառով դասընթացը  կիսատ չթողնելու և փոքրիկ հալիձորցիներին հուսախաբ չանելու համար Ա. Օրդյանը դպրոցի երեք համակարգիչներն է հնարավորիս «խելքի բերել», ինչպես նաև օգտագործում է և իր սեփական համակարգիչը:

«Մինչ այս ծրագրով դասավանդելը մտածում էի, որ գյուղերում բնագիտական  ուղղվածության առարկաների իմացությունն այնքան էլ լավ չէ, բայց հիմա արդեն համոզվել եմ, որ բավականին ուժեղ երեխաներ կան, որոնք սովորելու մեծ ցանկություն ունեն, իսկ դա այն է, ինչ ամենաառաջին հերթին է անհրաժեշտ մեզ»,- մեր զրույցում ընդգծեց Ա. Օրդյանը՝ հավելելով, որ փորձում են երկրում զարգացնել ինֆորմացիոն տեխնոլոգիաները և չկենտրոնանալ միայն Երևանի վրա. «Ես Գորիսից եմ, ուսումս ավարտելուց հետո մնացել էի Երևանում՝ աշխատելու, բայց հետագայում հասկացա, որ պետք է տեղափոխվեմ հայրենի եզերք և ինչ-որ բանով նպաստեմ իմ մարզի զարգացմանը: Ինչ «Ինստիգեյթը» եկավ Գորիս, ես էլ տեղափոխվեցի այստեղ»:

Հալիձորում դասընթացին մասնակցում է 22 աշկերտ, Շինուհայրում՝ 15, շաբաթական երկու անգամ են դասեր լինում՝ երկու ժամով, բայց անհրաժեշտության դեպքում Ա. Օրդյանն ավելի երկար ժամանակ է մնում դպրոցում՝ փորձելով հնարավորինս շատ բան սովորացնել երեխաներին: Դասընթացը տևելու է մինչև դեկտեմբեր, որի ընթացքում աշակերտները տիրապետելու են «Աղվես» ծրագրին, որը զարգացնում է ծրագրավորման մտածողությունը և ալգորիթմական մտածելակերպը:

9-րդ դասարանում սովորող Գոհար Փարսյանը հենց իմացել է, որ նման դասընթաց է անցկացվելու, անմիջապես ցանկություն է հայտնել մասնակցել դրան. «Մեզ տրամաբանական հարցեր տվեցին, ստուգեցին մեր գիտելիքները, հետո վերցրեցին: Շատ ուրախացա, որովհետև հատկապես ամռանը, երբ դասեր չկան, չգիտենք՝ ինչով զբաղվենք»,- պատմեց Գոհարը՝ հավելելով, որ ոչ ամառային սեզոնին իրենց մոտ ավելի հետաքրքիր է՝ դպրոցում խմբակներ են գործում, կիրակնօրյա դասեր են անցկացվում. «Տաթևից հոգևորական է գալիս, մեզ Հին ու Նոր կտակարաններին է ծանոթացնում: Դպրոցի և գյուղապետարանի շենքերում գործող գրրադարաններից գրքեր ենք վերցնում, կարդում ենք: Իսկ հիմնականում ժամանակս անցնում է ընկերներիս հետ խաղալով և ծնողներիս օգնելով»:

Գորիսի տարածաշրջանի Խոտ գյուղի գյուղապետ Մարտիրոս Գրիգորյանի համար մտահոգիչ էր, որ այս տարի 4 շրջանավարտ ունեցան (երբևէ գյուղում նման բան չի եղել), բայց մխիթարականն այն է, որ այս տարի 18 հոգի հաճախել է առաջին դասարան, ամեն տարի էլ սովորաբար 4-5 հոգի ընդունվում է բարձրագույն ուսումնական հաստատություն:

Գյուղը ծրագիր է շահել, շուտով կվերանորոգվի Մշակույթի տունը, ինչը հնարավորություն կտա, որ մշտական խմբակներ գործեն երեխաների համար, իսկ եթե կարողանան նաև սպորտայն դահլիճը վերանորոգել և կահավորել, արդեն վստահ կլինեն, որ երեխաները բավականին զբաղմունք ունեն:

Շինուհայր համայնքի ղեկավար Սմբատ Երեմյանի խոսքով, իրենք շատ են կարևորում գեղարվեստական կրթությունը և հնարավորինս ապահովում են մշակութային կյանքը գյուղում. «Պարբերաբար միջոցառումներ ենք անցկացնում, որ կյանքը գոնե մի քիչ աշխուժացնենք: Ամեն տարի մայիսին մեր համայնքում զոհված ազատամարտիկների ֆուտբոլի հուշամրցաշար ենք անցկացնում, որին համայնքի ութ թիմեր են մասնակցում.  մրցաշարի 10-12 օրերին համայնքը կարծես մասնակցում է մեկ մարդու նման»,- ներկայացրեց համայնքապետը՝ հավելելով, որ 10 տարուց ավել է համագործակցում են «Վորլդ Վիժն» կազմակերպության հետ՝ ապահովելով երեխաների ակտիվ հանգիստը ճամբարներում. «Դպրոցում էլ բասկետբոլի, վոլեյբոլի խմբակներ են գործում, որոնց,  բացի դպրոցականներից, նաև գյուղի որոշ երիտասարդներ են մասնակցում»:

Շինուհայրն ունի երաժշտական դպրոց, որտեղ 53 երեխա է ուսանում դաշնամուրի, ակորդեոնի, կիթառի դասարաններում. «Մեր Մշակույթի տունը կիսավեր վիճակում  է, հետագայում հիմնանորոգելու ցանկություն ունենք, որից հետո կկարողանանք խմբակներ բացել` քանդակագործության, պարարվեստի և այլն: Մեր գրադարանը բավականին լավ վիճակում է գտնվում, բավականին շատ գրքեր ունենք: Այդ հարցում մեզ օգնում է մեր համագյուղացի է ԵՊՀ ռեկտորը Արամ Սիմոնյանը»,- նշեց Ս. Երեմյանը:

Այս համայնքի դպրոցը բավականին մեծ է, ունի նորմալ պայմաններ, 456 աշակերտ կա, այս տարի 43 շրջանավարտ են ունեցել. «2006-2007թթ. դպրոցը գրեթե ամբողջությամբ հիմնանորոգվեց բացի մեկից: Եթե դա էլ հիմնանորոգվի, նախակրթարանը կտեղափոխենք այնտեղ, իսկ այսօրվա նախակրթարանի շենքն այլ նպատակներով կօգտագործենք: Մանկապարտեզում շուրջ 85 երեխա ունենք, բայց ցանկացողներն ավելի շատ են. եթե նորոգված մանկապարտեզի շենք ունենանք, 4-րդ խումբն էլ կավելացնենք»,- նշեց գյուղապետը:

«Աղջիկս այս տարի ավարտեց դպրոցը և ընդունվեց բուհ Երևանում: Չեմ կարծում, որ հետ կգա այստեղ. ափսոս է, գնա կրթություն ստանա, հետո մնա առանց աշխատանքի: Գորիսում էլ ծանոթ չունենք, իսկ գործի ընդունվելու  համար հիմա մեջք է պետք ունենաս»,- մեր զրույցում նշեց շինուհայրցի Զարիկ Հակոբյանը՝ ընդգծելով, որ թեև մեծ գյուղում են ապրում, բայց խաղադաշտ, կառուսել չունեն. «Շատ տաղանդավոր, խելոք էրեխեք ունենք, բայց մշակութային խմբակներ չկան: Մյուս՝ փոքր աղջիկս էլ կիթառ նվագել է սովորում արդեն 5 տարի: Ես հնարավորություն ունեմ, նրա համար կիթառ եմ առել, բայց հո՞ բոլորը չեն կարող անել դա: Է, չեմ ասում, որ գյուղը վատ է, բայց երիտասրադներին քաղաքի կյանքն է ձգում»:

 

Անի Ռափյան (Culture.AM)

  • Halidzor (1)
  • Halidzor (2)
  • Halidzor (3)
  • Halidzor (5)
  • Halidzor (6)
  • Halidzor (4)
  • Halidzor (7)
  • Halidzor (8)
  • Halidzor (9)
  • Halidzor (10)
  • Halidzor (11)
  • Halidzor (12)
  • Halidzor (13)
  • Halidzor (14)
  • Halidzor (15)
  • Halidzor (16)
  • Halidzor (17)
  • Halidzor (18)
  • Halidzor (19)
  • Halidzor (20)
  • Halidzor (21)
  • Halidzor (22)
  • Halidzor (23)
  • Halidzor (25)
  • Halidzor (24)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0