a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Եղունգ ունես, գլուխդ քորի» սկզբունքով մենք փորձում ենք ինքներս ինչ-որ կերպ միջոցներ տնտեսել. ԱրՊՀ պրոռեկտոր

Vitya Yaramishyan

Արցախի Պետական Համալսարանը շուրջ կես դար է, ինչ իր կայուն տեղն է զբաղեցնում հայկական կրթական համակարգում: Ճիշտ է, այն ի սկզբանե հիմնվել է որպես «Բաքվի Վ.Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ», բայց և այնպես, 4 տարի անց այն ձեռք բերեց ինքնուրույն կարգավիճակ ու վերանվանվեց Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտ: 1988թ. փետրվարին բուհում սկզբնավորված ուսանողական շարժումները նպաստեցին, որպեսզի մայր Հայաստանի հետ արցախահայության վերամիավորման արդարացի պահանջը վերաճի համազգային գաղափարի: Արդյունքը եղավ այն, որ ժամանակավորապես դադարեցվեցին ուսումնական պարապմունքները Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտում, և բուհի հայկական ու ռուսական բաժինները նույն թվականի նոյեմբեր ամսին տեղափոխվեցին ՀՀ ք.Վանաձոր` տեղի մանկավարժական ինստիտուտում ուսումը շարունակելու համար: Դե իսկ 1992թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց միավորել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը Երևանի ճարտարագիտական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի հետ` միավորված նորաստեղծ բուհն անվանելով Արցախի պետական համալսարան` ԱրՊՀ:

Համալսարանի 9 ֆակուլտետներում սովորում է շուրջ 3000 ուսանող, որոնցից 474-ը ընդունվել են այս տարի: Culture.AM-ի հետ զրույցում  ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիտյա  Յարամիշյանը նշեց, որ դիմորդները հիմնականում  նախապատվություն են տալիս սովորելու տնտեսագիտական  և  իրավաբանական ֆակուլտետներում:

Մենք հետաքրքրվեցինք առաջին հերթին խնդիրների մասին, ի՞նչ խնդիրներ ունի համալսարանը: Ի պատասխան մեր հարցի՝ պարոն Յարամիշյանն առնձնացրեց շենքային պայմանները, ինչպես նաև լաբորատոր  և ժամանակակից այլ  սարքավորումների ձեռքբերման խնդիրը:

- «Եղունգ ունես, գլուխդ քորի» սկզբունքով մենք փորձում ենք ինքներս ինչ-որ կերպ միջոցներ տնտեսել և ձեռք բերել, քանի որ հիմա դժվար է հովանավոր, մեկենաս գտնել․ իրենք հիմնականում մանկապարտեզներ, դպրոցներ, նախնական կրթությունն են զարգացնում․ չգիտեմ ինչու բուհական կրթությանը էդպես մեծ ուշադրություն չեն դարձնում։ Պետական աջակցություն կա, իհարկե, կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում, այո, անում է․ ամեն տարի վերանորոգում են, թարմացնում են, բայց որպեսզի դառնա ժամանակակից գիտակրթական կենտրոն, դեռ անելիքներ ունենք։

Զրուցեցինք նաև համալսարանն ավարտած շրջանավարտների մասին. կարողանո՞ւմ են արդյոք ավարտելուց հետո ապահովվել աշխատանքով․․․
-Արցախի պետական համալսարանի դիպլոմը որոշակի իրենց տալիս է մրցունակություն, մեր Արցախում հատկապես․ մյուս բուհերի հետ համեմատած՝ առավել բարձր դիրքում են, էլի։ Բայց դե, ինչպես ողջ հայկական դաշտը, իհարկե, որոշակի դժվարություններ կան։

Պարոն Յարամիշյանը, խոսելով ապագա ծրագրերից, նշեց, որ ցանկանում են զարգացնել  համագործակցությունը Արևմտյան Եվրոպայի առաջնակարգ բուհերի հետ.
- Փորձեր ունենք․ օրինակ Լորենի համալսարանի հետ փոխանակման և այլ կապեր ենք հաստատել․ այդ կապով ենք ուզում բարձրացնել մեր համալսարանի ճանաչվածությունը, -իր խոսքը եզրափակեց Վիտյա Յարամիշյանը:

Սյուզաննա Գարեգինյան (Culture.AM)

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0