a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երախտագիտության կրթաթոշակ ստացած 10 ուսանողներ սեպտեմբերին իրենց ուսումը կսկսեն United World Colleges ցանցի դպրոցներում

idea

Երախտագիտության կրթաթոշակ ստացած 10 ուսանողներ՝ Սիրիայից, Պաղեստինից, Իսրայելից, Հորդանանից, Պաղեստինյան տարածքներից և Լիբանանից, սեպտեմբերին իրենց ուսումը կսկսեն United World Colleges (Աշխարհի միացյալ քոլեջներ,UWC) ցանցի դպրոցներում աշխարհով մեկ։ Այդ մասիյն հաղորդում է IDeA հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Այս ուսանողներն ընտրվել են ցուցաբերած ուսումնական բարձր առաջադիմության հիման վրա։ Նրանք կամ փախստականներ են, կամ տեղահանված, ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում կամ առանց ծնողի (խնամակալի)։ Ուսանողներից յոթը կսովորեն Հայաստանի UWC Dilijan միջազգային քոլեջում, որն ուսանողներ ունի աշխարհի ավելի քան 60 երկրներից։

Երախտագիտության կրթաթոշակները, որի ընդհանուր ֆոնդը 7 միլիոն դոլար է, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Մերձավոր Արևելքի հիմնադրամի համատեղ ձեռնարկումն է։ Ծրագրի տևողության ընթացքում Մերձավոր Արևելքի երկրներում հակամարտություններից, տեղահանություններից և աղքատությունից տուժած 100 երեխայի բացառիկ հնարավորություն կտրվի կրթությունը շարունակելու UWC միջազգային ցանցի քոլեջներում։ Ծրագիրը հիմնադրվել է իբրև երախտագիտության դրսևորում՝ ուղղված Մերձավոր Արևելքի ժողովուրդներին, որոնք հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, օթևան և սնունդ տվեցին հայ գաղթականներին։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտարարել են նաև Ամալ Քլունիի անվան կրթաթոշակի շարունակության մասին։ Արդեն երկրորդ տարին է այս կրթաթոշակը հնարավորություն է տալիս լիբանանցի մի ուսանողուհու անվճար սովորել  UWC Dilijan քոլեջի երկամյա Միջազգային Բակալավրիատում։ Կրթաթոշակը տրվում  է այն ուսանողուհուն, որը լավ է սովորում է և հետաքրքրված է մարդու իրավունքներով ու միջազգային հիմնահարցերով։ Կրթաթոշակը հիմնվել է մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ամալ Քլունիի պատվին՝ նպատակ ունենալով ամրապնդելու միջմշակութային կրթությունն ու փոխըմբռնումը։

«Մենք հպարտ ենք, որ կարող ենք ուսում և միջազգային փորձառության հնարավորություն ընձեռնել Մերձավոր Արևելքի արժանի աշակերտներին, քանի որ Մերձավոր Արևելքը ժամանակին դարձել է նաև մեծ թվով հայերի տունը»,– ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ «Աշխարհի տարբեր կողմերից երիտասարդներին համախմբելով՝ մենք փորձում ենք նրանց մոտ վաղ տարիքից միջազգային երկխոսության ու փոխըմբռնման մշակույթ ստեղծել, երբ նոր-նոր են ձևավորվում փոխհարաբերությունները և մարդու արժեքային համակարգը։ Հուսով ենք, այսպիսով մենք նրանց դրդում ենք փոխըմբռնման, միմյանց հասկանալու՝ նույնիսկ դժվարին պահերին»։

Ամալ Քլունիի կրթաթոշակառուն ընտրվել է ավելի քան 43 հոգանոց վերջնացուցակից՝ հատկապես գնահատվել է նրա բացառիկ առաջադիմությունը, լավատեսությունն ու սոցիալական պատասխանատվությունը, որը նա պլանավորում է լավագույնս դրսևորել իրավաբանական ուսման տարիներին:

«Հպարտ ենք, որ կարող ենք աջակցել գալիք սերնդի կին առաջնորդների կայացմանը,- հավելել է Ռուբեն Վարդանյանը,- մենք անչափ ուրախ ենք այն հնարավորությունների համար, որ այս կրթաթոշակը տալիս է Լիբանանի և տարածաշրջանի մյուս երկրների ուսանողուհիների առջև»։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իրականացնում և մասնակցում է մարդասիրական և սոցիալական նախագծերի աշխարհի հայերի անունից։ Նախաձեռնության կարևոր նախագծերից է «Ավրորա» մրցանակը՝ 1 միլիոն դոլարի համաշխարհային մարդասիրական մրցանակ, որը ճանաչման է  արժանացնում նրանց, ովքեր վտանգի են ենթարկում իրենց՝ ուրիշների կյանքը փրկելու համար։ 2016 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին անդրանիկ մրցանակը հանձնեց Մարգարիտ Բարանկիցեին։

2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի թեկնածուների առաջադրումներ կարելի է անել մինչև 2016թ. սեպտեմբերի 9-ը։ Յուրաքանչյուրը կարող է  առաջադրել այն մարդասերներին, որոնք աշխարհի տարբեր կողմերում ջանք չեն խնայում մարդկային կյանք փրկելու և մարդասիրությունն առաջ մղելու գործում։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0