a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԿԳ նախարարը Լոռու և Տավուշի մարզերում մասնակցել է դպրոցների տնօրենների և մանկավարժների խորհրդակցություններին

Levon_Mkrtchyan_regional_visits

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Լոռու և Տավուշի մարզերի հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցություններին: Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մեկնարկին նվիրված աշխատանքային խորհրդակցության սկզբում Լոռու մարզպետարանի կրթության, երիտասարդության և սպորտի վարչության պետ Մ. Սայադյանը ներկայացրել է 2015-2016 ուսումնական տարում մարզի կրթության ոլորտում իրականացված աշխատանքերի հաշվետվությունը:

Նախորդ տարվա ընթացքում Լոռու մարզում գործել է 150 դպրոց՝ այդ թվում 80 միջնակարգ, 69 հիմնական դպրոց և 1 վարժարան: Մարզում սովորել են մոտ 26100 աշակերտ, դասավանդել 3539 ուսուցիչ: Մեկ մանկավարժին բաժին է հասել 8,3 սովորող: Մարզի դպրոցներից առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել են 115 աշակերտներ, որոնցից 34-ը ստացել են պատվոգրեր, իսկ 20-ը՝ 1-3-րդ կարգի դիպլոմներ: Աշխատանքներ են տարվել պարտադիր ուսումնական գործընթացից սոցիալական պատճառներով դուրս մնացած երեխաների հետ, որի արդյունքում ուսումնական տարվա ընթացքում ավելի քան 150 երեխա կանոնավոր կերպով դպրոց են հաճախել: Նախորդ տարվա ընթացքում մարզում գործել է 2 հատուկ դպրոց, ներառական կրթություն իրականացվել է մարզի 16 դպրոցներում: Նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների թիվը կազմել է 5386, ովքեր մարզի նախադպրոցական հաստատություններում ապահովել են մոտ 86 տոկոս ծանրաբեռնվածություն: Միաժամանակ մարզի 21 դպրոցներում գործել են նախակրթարաններ:

Նախարարը տեղեկացրել է, որ փոփոխություն է կատարվելու գիտելիքների ստուգման գործընթացում. «Գոնե հիմնական դպրոցում բանավոր քննությունները պետք է անպայման վերականգնվեն: Չորրորդ և իններորդ դասարանում գրավոր կլինի միայն մաթեմատիկայի քննությունը, իսկ հայերենինը կլինի բանավոր և գրավոր, բայց շարադրության կամ փոխադրության տեսքով, հայտարարել է նախարարը և շարունակել,- սա ոչ թե վերադարձ է դեպի խորհրդային ժամանակները, այլ իրականում նորաձև և ժամանակակից մոտեցում է: Աշխարհի բոլոր առաջատար համալսարաններում՝ Օքսֆորդ, Քեմբրիջ, դիմորդներից պահանջվում է էսսե գրել, հիմնավորել իրենց մասնագիտության ընտրությունը: Սա ինքնանպատակ չէ, շատ կարևոր է հասկանալ սովորողի անհատականությունը և ստեղծագործական կարողությունը: Մենք պարտավոր ենք երեխային դպրոցում սովորեցնել միտք ձևակերպել: Եթե մենք դա չանենք դպրոցում, հավատացե՛ք՝ համալսարանում չենք կարողանալու այդ խնդիրը լուծել»:
Խորհրդակցությանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Տավուշի մարզում գործում է 81 հանրակրթական դպրոց, որից 4-ը` ավագ: 2015-2016 ուսումնական տարվա սեպտեմբերին առաջին դասարանցիների թիվը կազմել է 1737, իսկ նոր ուսումնական տարում կանխատեսվում է 1792: Մարզում գործում են 48 նախադպրոցական հիմնարկներ, և աշխատանքներ են տարվում մանկապարտեզների, այդ թվում նաև նախակրթարանների և մանկապարտեզ հաճախող երեխաների թվի ավելացման ուղղությամբ: 2016թ. նախակրթարաններ կբացվեն մանկապարտեզ չունեցող ևս 8 համայնքում: Մարզի 77 հանրակրթական դպրոցներից 32-ը ունեն լոկալ ջեռուցում, 2 դպրոց ջեռուցվում են էլեկտրական սալիկներով, 41 դպրոց՝ գազի, 2 դպրոց՝ դիզելային վառելիքի վառարաններով : 2015թ. ընթացքում պետբյուջեի միջոցներով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Կողբի թիվ 1, Ներքին Ծաղկավանի, Իջևանի թիվ 5, Գանձաքարի, Արճիսի դպրոցներում:

Մարզի դպրոցներում աշխատում են շուրջ 2120 ուսուցիչ, որոնց մեծ մասն ունի բարձրագույն կրթություն: Յուրաքանչյուր տարի ատեստավորվում է ուսուցիչների թվաքանակի 1/5-ը: 2013-2016 թվականների ընթացքում տարակարգի ստացման համար մարզից 12 ուսուցիչ դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն և ստացել որակավորման առաջին աստիճանի տարակարգ: ՀՀ կառավարության ծրագրով և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ 2015-2016 ուստարում զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 220 դպրոցականներ իրենց ամառային հանգիստն անցկացրել են Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում: ՄԱԿ-ի «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի դպրոցների 1-4-րդ դասարանցիները ևս ապահովվում են անվճար սնունդով:

Լևոն Մկրտչյանն անդրադարձել է կրթության ոլորտի փոփոխություններին, հիմնական ուղղություններին ու խնդիրներին: Նա կարևորել է կրթության որակի բարձրացմանը, դասագրքերին, ուսուցման կազմակերպման ձևերին ու միջազգային չափանիշներով ազգային կրթահամակարգ ունենալուն վերաբերող հարցերը: Նախարարը ներկայացրել է նաև 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում երեք պարտադիր ուսումնական առարկա ընտրելու փոփոխությանը, ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրմանը, դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների վերանայմանը, ներառական կրթությանն առնչվող հարցեր:

Ներառական կրթության հիմնախնդիրներին անդրադարձել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը, ելույթներով հանդես են եկել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը և լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:

Խորհրդակցության ավարտին կրթության ոլորտում ունեցած ավանդի համար Տավուշի փոխմարզպետ Կարեն Ադամյանը մի խումբ մանկավարժների Տավուշի մարզպետի անունից պատվոգրեր է հանձնել:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0