a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկել է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը

minedu
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր մեկնարկել է Համահայկական կրթական 7-րդ   խորհրդաժողովը, որը ՀՀ կրթության և  գիտության նախարարությունը կազմակերպում է երկամյա պարբերականությամբ՝ սկսած 2004 թվականից: Այս տարվա խորհրդաժողովին  մասնակցության հայտ են ներկայացրել  19 երկրներում գործող հայկական կրթական  կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ՝ այդ թվում կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ, կրթության ոլորտի մասնագետներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Խորհրդաժողովի մասնակցներին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որը  ներկաների համար ընթերցել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը:

Ուղերձում մասնավորապես նշվում է. «Ջերմորեն ողջունում եմ Համահայկական կրթական 7-րդ   խորհրդաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին: Պարբերաբար հրավիրվող այս խորհրդաժողովները կարևոր խթան են սփյուռքում կրթական գործի կազմակերպման, կատարելագործման և զարգացման համար: Եթե նախկինում խոսում էինք Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման մասին, ապա այսօր գործ ունենք համատեղ իրականցվող լուրջ ծրագրերի հետ: Այս ծրագրերի թարմացումը, արդիականացումը պետք  է համահունչ լինեն նորագույն պահանջներին և մեր բարդ ժամանակաշրջանում արագ փոփոխվող մարտահրավերներին: Նոր ժամանակները բերում են ոչ միայն նոր խնդիրներ, այլև բացում են նոր տեխնիկական և կազմակերպական հնարավորություններ, որոնք պետք է լիարժեք օգտագործվեն համայն հայության առջև ծագած խնդիրների լուծման գործում: Ուսումնամեթոդական աջակցության, կրթական  չափորոշիչների, արտերկրում հայագիտական ամբիոնների գործունեության հետ կապված հարցերը պետք է քննարկվեն համակողմանիորեն և ստանան լուծումներ: Հայաստանի Հանրապետության աջակցությունը բոլոր դեպքերում պետք է լինի առավել առարկայական և նպատակային: Խորհրդաժողովի մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք՝ հանուն հայապահպանության շնորհակալ և նվիրական գործի»:

Խորհրդաժողովի բացման խոսքում ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը կարևորել է մայր հայրենիքի և Սփյուռքում գործող հայկական գաղթօջախների հորիզոնական կապերի զարգացումը, հայեցի կրթության ամրապնդումն ու շարունակականությունը՝ այս գործում ընդգծելով հատկապես հայ  ընտանիքի և համայնքի  դերակատարումը:
Խորհրդաժողովի մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել նաև ԱԺ նախագահ Գ. Սահակյանը: Խորհրդաժողովի բացմանը ներկա են եղել և  մասնակցներին ողջույնի խոսք են հղել  ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի տնօրեն  Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Խորհրդաժողովի աշխատանքները կամփոփվեն օգոստոսի 5-ին՝ Աղվերանում:
Այս տարի խորհրդաժողովը նպատակ ունի անդրադառնալ ուսումնական ավանդական խնդիրներին, ինչպիսիք են՝ դասագրքերի բովանդակությունը, դրանց բազմազանությունը, ուսուցչական կադրերի որակը, ուսումնամեթոդական աջակցությունը Հայաստանի կողմից: Առաջին անգամ խորհրդաժողովում քննարկվելու են արտասահմանյան համալսարաններում հայագիտական ամբիոնների գործունեության հետ կապված խնդիրները: Խորհրդաժողովում, որպես աշխատանքի հիմնական ձև, սահմանված են բաց քննարկումները:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0