a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեր երկրի համար շատ կարևոր ուղղվածություն է միջին մասնագիտական կրթությունը. ԿԳ նախարար

Levon_Mkrtchyan
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հանդիպել է հանրապետության նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարը գոհունակություն է հայտնել, որ օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը տրվում է հենց նախնական և միջին մասնագիտական ոլորտի հիմնահարցերից, քանի որ, ըստ Լևոն Մկրտչյանի, կրթական համակարգն ամբողջության մեջ է դիտարկվում:

«Մեր երկրի համար շատ կարևոր ուղղվածություն է միջին մասնագիտական կրթությունը. եթե երկիրը չի հենվում այս ոլորտի շրջանավարտ մասնագետներով  ձևավորված շերտի վրա, ապա այդ երկիրը բավականին թույլ է: Իհարկե, խորհրդային տարիներից հետո ոլորտը մեծ անկում էր ապրել, սակայն վերջին տարիներին բավականին մեծ թվով հիմնահարցեր են լուծվել՝ կառավարման ավելի ճկուն մեխանիզմ է  մշակված:  Ձևավորվել են կառավարման խորհուրդներ, որում ընդգրկված են, բացի մանկավարժական և ուսանողական համակազմից, նաև սոցիալական գործընկերներները, մասնավորապես գործատուների և արհմիությունների ներկայացուցիչները»- նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև ոլորտի մի շարք հիմնախնդիրներին:

 «Մեր հասարակության մեջ չկա այն գիտակցումը, որ կրթությունն իր յուրաքանչյուր աստիճանի վրա պետք է ունենա ելք դեպի կյանք և վերադարձ: Կա այն գիտակցումը, որ կրթությունը պետք լինի անընդհատ և արագացված՝ դպրոցից մինչև ասպիրանտուրա: Ուսանողը դեռևս չի գիտակցում, որ կրթական մի աստիճանն ավարտելուց հետո պետք է դեռ աշխատի, ստանա կրթական արդյունքի անդրադարձն աշխատաշուկայում, նոր ընտրի իր հետագա ճանապարհը: Եթե, օրինակ,  միջին մասնագիտական կրթական հաստատությունը ծառայի միայն մյուս փուլի՝ բակալավրի համար ուսանողների մատակարարմանը, այն իր հիմնական առաքելությունը չի կատարի, քանի որ սա այն կարևոր օղակն է, որը պետք է ապահովի ելք դեպի աշխատաշուկա: Ոլորտի մյուս խնդիրը՝ մասնագիտությունների և չափորոշիչների կապն է կյանքի հետ. եթե մասնագիտությունը չի արձագանքում կյանքի դժվարություններին, ընտրված չափորոշիչները չեն հաղթահարում մարտահրավերները, ապա ոլորտը կանգնում է լուրջ խնդիրների առջև: Հետևաբար, կարևոր է այսօրվա աշխատաշուկային համարժեք քայլելը: Իհարկե, նախ աշխատաշուկան պետք է  իր պահանջները ամփոփի, որ կրթական հաստատությունն այդ պատվերը կարողանա ընդունել: Մյուս խնդիրը. մեր երկրի սոցիալական վիճակը ստիպում է, որ կրթությունն իր վրա վերցնի նաև սոցիալական պատվեր: Հատկապես մարզում առկա  կրթական հաստատությունը կատարում է նաև սոցիալական մեծ առաքելություն: Հետևաբար,  առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մարզերի ուսումնական հաստատությունները»,-ավելացրել է Լևոն Մկրտչյանը՝ ընդգծելով նաև չափորոշիչների և մասնագիտությունների վերանայման հնարավորությունը, հատկապես բժշկական և գյուղատնտեսական ուղղվածություններով:
Լևոն Մկրտչյանի խոսքով՝ հաջորդ խնդիրն այն է, որ բուհերի կազմում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրի  նպատակը չպետք է լինի միայն բուհերի համար ուսանողներ ապահովելը. պարտադիր չէ, որ բոլորը ստանան բակալավրի կրթական աստիճան:  Նախարարն անդրադարձել է նաև բժշկական մասնագիտությունների խնդրին՝ ընդգծելով, որ պետք է հստակեցվեն և խստացվեն դաշտը կարգավորող  լիցենզիայի պայմանները: Նախարարը խոսել է նաև տնօրենների հավաստագրման և ընտրության կարգի պարզեցման հնարավորության մասին:  Անդրադառնալով միջազգային գործընկերների աջակցությամբ վերազինված ուսհաստատություններին՝ պարոն Մկրտչյանը  նշել է, որ դրանք պետք է շոգեքարշի դեր կատարեն մյուսների համար,  ծառայեն ուսումնական և վերապատրաստման բազա և համակարգը տանեն իրենց հետևից:
Ելույթից հետո տնօրենները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք վերաբերել են անվճար տեղերի համար ընդունելության քննությունների վերանայմանը, ռոտացիայի կարգի փոփոխությանը, շինարարական մասնագիտությունների կարևորությանը և մասնավորապես մարզային հաստատություններում ռազամարդյունաբերական ոլորտին սպասարկող մասնագիտությունների ներդրմանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել ամփոփել ոլորտային հարցերը և դրանք առավել մանրամասն քննարկել հետագա հանդիպումների ընթացքում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0