a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հովհաննես Թոքմաջյանը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր

Shushii_hamalsaran

Հուլիսի 29-ին հրավիրվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը` վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:  Այդ մասին հաղորդում է ԱՀ ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը նիստում ներկայացրել է համալսարանի ռազմավարական ծրագիրը առաջիկա տարիների համար: Անդրադառնալով կրթօջախի զարգացման հիմնական նպատակներին, խնդիրներին և դրանց իրականացման ուղղություններին՝ Հ. Թոքմաջյանը կարևորել է որակյալ ուսուցման ապահովման, հետազոտական աշխատանքի իրականացման, միջազգային ճանաչման, կրթական մեթոդների բազմակողմանիության և ազատականացման հարցերը: Ըստ նրա՝ շուրջ 400 ուսանող ունեցող համալսարանի հիմնական առաքելությունը միջազգային չափանիշներին համապատասխան և Արցախի տնտեսական պահանջները բավարարող մասնագետների պատրաստումն է:

Ծրագիրը հավանության արժանացնելուց հետո` խորհրդի անդամներն անցան օրակարգային երկրորդ՝ ռեկտորի ընտրության հարցին: Փակ գաղտնի քվեարկությամբ` 15 կողմ ձայնով Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր է ընտրվել Հովհաննես Թոքմաջյանը: Շնորհավորելով նորընտիր ռեկտորին՝ նիստի մասնակիցները նրան մաղթել են հաջողություններ ստանձնած պարտականությունների կատարման ընթացքում:
Իր խոսքում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետ Արայիկ Հարությունյանը մեծապես կարևորել է համալսարանի դերը Արցախի տնտեսության և կրթական համակարգի հետագա զարգացման գործում: Նա խորհուրդ է տվել կրթօջախի ղեկավարությանը չհրապուրվել ուսանողների քանակով, այլ ցանկացած ձեռնարկման հիմքում դնել որակը, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ստանալ ակնկալվող արդյունքը:
Նիստում հաստատվել է համալսարանի կառուցվածքը. այն կունենա երկու պրոռեկտոր և կգործի 8 ամբիոնով: Խոհրդի անդամների կողմից համալսարանի նախահաշիվն ընդունվել է ի գիտություն և հաստատվել հաստիքացուցակը: Տեղեկատվություն է հաղորդվել նաև պրոֆեսորադասախոսական կազմի ամսական բազային աշխատավարձի տեսակարար ցուցանիշների մասին: Խորհուրդը հաստատել է Երևան քաղաքում համալսարանի ներկայացուցչության կանոնադրությունը:

Նիստի ավարտին քննարկվել են նաև կրթօջախի հետագա գործունեության արդյունավետության հետ կապված այլ հարցեր:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0