a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Քոլեջն ունի լուրջ վերանորոգման խնդիր: Սանհանգույց կա, բայց «չեղածի հաշիվ» է». Կապանի արվեստի քոլեջի տնօրեն

Varan Qocharyan

Culture.AM-ը շարունակում է  իր կարևոր  առաքելություններից մեկը՝ անդրադառնալով  ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում գործող  ուսումնական հաստատությունների գործունեությանը՝  լուսաբանելով նաև կրթական օջախներում առկա խնդիրները, առօրյա հոգսերը,զարգացման հնարավոր հեռանկարները:

Առհասարակ, շատ կարևոր է  այս ոլորտի պատասխանատուների ուշադրությունը  հրավիրել  այն խնդիրներին, որոնք խոչընդոտում  են  ուսումնական գործունեությունը: Առանց այդ էլ՝ սոցիալական վատ պայմանների պատճառով առաջացած ահռելի արտագաղթ, որի հետևանքով երկիրը լքում են մեծ թվով աշակերտներ և ուսանողներ  մյուս կողմից՝որակյալ կրթություն ապահովելու  ոչ բավարար պայմաններն էլ ավելի են նոսրացնում մեր կրթության դրոշակակիրների շարքը:

Գաղտնիք չէ, որ կրթական հաստատությունների մեծ մասը  հիշեցնում են խորհրդային ժամանակները, իսկ  անբարեկարգ ու անմխիթար վիճակում գտնվող կրթօջախներում սովորելը  մեղմ ասած անհրապույր է: Այդ «անմխիթարների»  առաջնային գծերում ու թիրախում են մարզերի հաստատությունները:

Կապանի արվեստի պետական քոլեջը կեսդարյա պատմություն ունի: Ու չնայած որ ժամանակին եղել է երաժշտական ուսումնարան, այդուհանդերձ,  առաջվա պես իր հյուրընկալ դռները բաց է  յուրաքանչյուր արվեստասեր աշակերտի համար: Քոլեջի  նորանշանակ տնօրենի՝ Վարդան Քոչարյանի հետ զրույցում պարզեցինք, որ քոլեջը նախատեսված է մոտ 200 աշակերտի համար, սակայն, ցավոք սրտի՝ այսօր սովորում են 93-ը, որոնց մեծամասնությունը նախընտրում է ոչ  վաղ անցյալում հիմնադրված դիզայներական բաժինը:  Քոլեջում աշխատում է 36 դասատու, որոնցից 17-ը՝ համատեղության սկզբունքով: Ասել է, թե լավ օրից չէ, որ մարդիկ համատեղում են մի քանի աշխատանք:

Ուրախալին այն է, սակայն, որ քոլեջում ուսանում են բացառապես անվճար, սակայն եթե աշակերտը ցանկանում է ուսումը շարունակել այստեղ՝ տեղափոխվելով այլ հաստատությունից կամ զորացրվելուց հետո, ապա ստիպված է լինում սովորել վճարովի համակարգում:

Մեր  հարցին՝ բավարարու՞մ է քոլեջի  ֆինանսական  միջոցները հաստատության լիարժեք գործունեության և կրթական բարձր որակ ապահովելու  համար, տնօրենը նշեց, որ դպրոցը պատկանում է  ՀՀ ԿԳՆ-ին, կողմնակի աջակցություն չունեն: Անկեղծանում է՝ մի քանի անգամ դիմել են տեղի գործարարների, սակայն «սայլը տեղից չի շարժվում»:

- Խնդիրների առաջացման դեպքում փորձում ենք ինչ-որ կերպ սեփական միջոցներով լուծել դրանք,եղել են խնդիրներ,ավելի հստակ՝ վերանորոգման հետ կապված հարցեր,որոնք կիսատ են մնացել ֆինանսական բացակայության պատճառով,-նշում է տնօրենը:

Երկու ամիս է, ինչ Վարդան Քոչարյանը ստանձնել է այդքան բարդ  ու պատասխանատու աշխատանքը, սակայն առկա խնդիրներն իրեն մեծ մտահոգության տեղիք են տալիս.
-  Քոլեջն ունի լուրջ  վերանորոգման խնդիր: Գլխավորապես՝ սանհանգույցները շատ վատ վիճակում են. սանհանգույց կա, բայց «չեղածի հաշիվ» է:

Կոնսերվատորիայի դիրիժորության բաժնի  շրջանավարտ Վարդան Քոչարյանի խոսքով՝ անում են ամեն բան՝ քոլեջը  բարեկարգելու  և աշակերտների բարձր կրթական մակարադակն ապահովելու համար:

Անում են ամեն բան, սակայն, առհասարակ  կրթական համակարգի զարգացումն ու պահպանումը  յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում պետական մշակութային քաղաքականություն է, առաջնայիններից մեկը պետության ռազմավարական գործընթացում,  այլ ոչ թե սեփական եկամուտների հաշվին, որոնք դժվար թե այս դեպքում Կապանում  մեծ լինեն ու հնարավորություն տան նույնիսկ մեծ սրտացավության ու ցանկության դեպքում ավելին անել ի շահ սովորել ցանկացող ու մշակույթ սիրող երեխաների:

Պարզ է՝ ոլորտի պատասխանատուներին դիմելու դեպքում կստանանք նույն պատասխանը՝ մենք էլ ամեն բան անում ենք:
Յուրաքանչյուր դպրոցում առկա են խնդիրներ, սակայն երբ դպրոցը /հաստատությունը/ զրկված է տարրական ու ամենահասարակ զուգարան ունենալու հնարավորությունից, ապա այստեղից կարելի է ենթադրել,որ աշակերտների ծնողները չեն  ցանկանա իրենց երեխաներին թույլատրել հաճախել այդքան անբարեկարգ վիճակում գտնվող  դպրոցներ՝ գերադասելով երեխային  պահել կամ տանը, կամ՝ ուղարկել Երևան՝  դրանով ակամայից մարզերին զրկելով մշակութային զարգացումից ու արվեստի այնքան կարևոր ներկայությունից: Իսկ երկիրը հարուստ ու հզոր  է ոչ միայն իր մայրաքաղաքով, այլև իր մարզերով, իր գյուղաքաղաքներով, անգամ իր մի թիզ հողի նկատմամբ ցուցաբերած տաք վերաբերմունքով, որտեղ կարող է ծնվել, մեծանալ, կրթվել  ապագա նոր Արամ Խաչատրյանը, Վիկտոր Համբարձումյանը, Շառլ Ազնավուրը…

 

Զրույցը՝  Անի Հովհաննիսյանի (Culture.AM)
Լուսանկարը՝  ww.sosi-tv.com-ի

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0