a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստան-Ֆրանսիա. համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրեր

Logo_AUF
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս նախարար Լևոն Մկրտչյանի, և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը՝ ի դեմս ռեկտոր Ժան-Փոլ դե Գոդեմարի, Փարիզում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին: Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը, փոխըմբռնման հուշագրի նպատակն է` զարգացնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գիտահետազոտական լաբորատորիաների հետազոտական և տեխնոլոգիական գերազանցության կապերը Հայաստանի հետ՝ նպաստելով  երիտասարդ հետազոտողների շարժունությանը, ինչպես նաև  գիտության և տեխնիկայի զարգացման ոլորտում նոր համագործակցային ծրագրերի իրականացմանը:

Համագործակցությունը կիրականացվի գիտահետազոտական նախագծերի իրականացման համար անցկացվելիք մրցույթների շրջանակներում: Մրցույթին կարող են մասնակցել ՖՀԳ անդամ հայաստանյան համալսարաններում, ինչպես նաև այլ բուհերում և գիտահետազոտական հաստատություններում գրանցված ֆրանկոֆոն կամ մասամբ ֆրանկոֆոն հայ երիտասարդ հետազոտողները: Նախագծերի իրականացման տևողությունը մեկից մինչև առավելագույնը վեց ամիս է: Յուրաքանչյուր մրցույթի համար նախատեսվող բյուջեն կսահմանվի` ելնելով  տվյալ տարվա համար նախատեսված բյուջետային  հնարավորություններից։

Հուշագրի ստորագրումից հետո ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական հարաբերությունները խորը պատմական արմատներ ու ավանդույթներ ունեն, և այսօր մենք շարունակում ենք զարգացնել այդ ավանդույթները և համագործակցության նոր եզրեր  փնտրել: Ֆրանկոֆոնիայի բազմամակարդակ գործունեության կարևոր հարթակներից մեկն է՝ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը, որը բացառիկ է իր հնարավորություններով և իր ծրագրերով նպաստում է ֆրանսալեզու գիտական տարածքի ստեղծմանը, խթանում է գիտական համագործակցությունը, աջակցում է գիտահետազոտական աշխատանքների կազմակերպմանը, իրականացմանը և փորձի փոխանակմանը։ Հայաստանը, խորապես հետաքրքրված լինելով հանրապետության գիտական կազմակերպություններում և համալսարաններում գործող  գիտական խմբերի՝ եվրոպական տարածք ինտեգրվելու. համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալու հարցում, ուղիղ երկու ամիս առաջ միացավ Եվրամիության հետազոտության և նորարարության ֆինանսավորման  «Հորիզոն 2020» ծրագրին:  Այս փոխըմբռնման Հուշագիրը բնագիտական, հումանիտար, քաղաքաշինության և այլ ոլորտներում  Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Հայաստանի համար համագործակցության նոր հեռանկարներ կբացի, կնպաստի  երիտասարդ հետազոտողների շարժունությանը»։ Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ երկուստեք  համագործակցությունը կկրի շարունակական բնույթ և կհամալրվի նոր գաղափարներով ու բովանդակությամբ։
Նշենք, որ այցի ընթացքում Նախարար Լևոն Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել ՖՄԿ կառավարիչ Ադամա Ուանի հետ, ինչպես նաև ռեկտոր Ժան Պոլ դը Գոդմարի ուղեկցությամբ այցելել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գրասենյակներ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0