a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գլոբալացումը քաղցկեղի էֆֆեկտ ունի. հոգևորական

Social network concept. Hi-res digitally generated image.

Վերջին տարիներին «գլոբալացումը» դարձել է ամենամոդայիկ և հաճախ օգտագործվող տերմիններից մեկը, և դրա պատճառն ակնհայտ է` գլոբալացումը մի շարժում է, որը համակել է գրեթե ողջ երկրագունդը: Գլոբալացումը ենթադրում է ինչպես համամարդկային արժեքների տարածում ողջ աշխարհում, այնպես էլ հեռացում աշխարհից: Տեսաբանների մի մասը համառորեն փորձում է ապացուցել, որ դա աշխարհափրկիչ շարժում է, մյուս մասը` ընդհակառակը` պնդում է, որ դա միատարրացման տանող ուժ է, որը ձգտում է վերացնել ինդիվիդուալիզմը, ազգայինը, տարբերվողը. գլոբալացումը ձգտում է հասնել միակ համամարդկային քաղաքակրթության: Գլոբալացմանը կարելի է մոտենալ երկու տեսանկյունից` որպես բնական, ինքնաբուխ, անկառավարելի, և` որպես կառավարելի, կազմակերպված, արհեստական գործընթացի:

Գլոբալացումը, ԱՀԹ Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանի մեկնաբանմամբ, քաղցկեղի էֆֆեկտ ունի. «Ի՞նչ է քաղցկեղը: Չարորակ գոյացություն, որը, օրինակ, եթե թոքում է տեղակայվում, շարքից հանում է այն, իսկ հետո, մետաստազներ տարածելով, փորձում է իր նման դարձնել ողջ օրգանիզմը: Բայց չէ՞ որ օրգանիզմն ամբողջական է նրանով, որ սիրտը սիրտ է, թոքը` թոք, աչքը` աչք, ականջը` ականջ: Երբ որ մի օրգանն ուզում է մյուսին էլ իր նման դարձնել, դա մահ է օրգանիզմի համար»,- գլոբալացման և դրա հետևանքների մասին մեր զրույցում պատկերավոր կերպով ներկայացրեց հոգևորականը` ընդգծելով, որ նույնը կատարվում է, երբ գլոբալ շարժումները ներթափանցում են ազգային պետություններ. «Այն շարժումները, որ Հայաստան են գալիս, տնտեսական, քաղաքական, կրթական, մշակութային և հոգևոր հողի վրա են: Դրսի հովանավորությամբ այստեղ գործող աղանդավորական շարժումները դրա մի` հոգևոր, շերտն են ընդամենը»:

Տեր Նշանը վստահ է, այս ամենն ուղղված է մի բանի՝ տեսակը վերացնելուն, որպեսզի ազգ՝ որպես այդպիսին չլինի: Նրա խոսքով, 80-ականների վերջերից Հայաստանում այնքան տարածվեցին կրոնական խմբակները, որ մարդկանց մեջ ենթագիտակցական վախ ձևավորվեց` երբ Աստծո մասին են խոսում, մարդը միանգամից փորձում է հակառակվել՝ հասկանալու համար` ով է խոսողը, որտեղից է, ինչքանով է վնասակար. «Այս պայմաններում անգամ ամենաազնիվ մղումներ ունեցող մարդը կարող է սվինների հանդիպել, որովհետև նա, ով տարիներ առաջ բաց էր նմանատիպ խոսակցությունների համար, հիմա ստիպված է զգուշանալ, որովհետև տեսել է Քրիստոսի եկեղեցին բաժանող շարժման վնասները, և կապ չունի` այդ շարժման անունն ինչ է. եթե իմ ընտանիքը բաժանում են, դա հաստատ բարի մղումներով չեն անում, և ես ու իմ ընտանիքի անդամներն իրավունք ունենք զգուշանալու»,- նշեց նա:

Այն հարցիս, թե, եկեղեցական մոտեցմամբ, գլոբալացումը միայն բացասակա՞ն հետևանքներ է ունենում, հոգևորականը պատասխանեց, որ գլոբալացման մեծագույն օրինակներից է քրիստոնեությունը, այդ տեսանկյունից գլոբալացման հեղինակ կարելի է համարել Քրիստոսին, ով իր աշակերտներին ասաց` գնացե՛ք և ազգերի մեջ քարոզե՛ք այն, ինչ տեսաք և Հոր, Որդու և Սուրբ հոգու անունով մկրտե՛ք մարդկանց. «Այս տեսանկյունից գեղեցիկ երևույթ է, բայց այսօր գլոբալացումը տեսակի վերացման, ամեն ինչը մեկ անվամբ կոչելու խնդիր է դնում, որպեսզի բոլորը համընդհանուրի մաս դառնան, և սա գլոբալացման վատ տեսակն է: Բայց դա չի նշանակում, որ եկեղեցին կարծիք ունի, թե գլոբալացումը միայն վատ հետևանքներ է ունենում: Օրինակ՝ Աֆրիկայում խմելու ջրի, էլեկտրկանության, կրթության և շատ այլ խնդիրներ լուծվում են հենց այդ շարժման հետևանքով, բայց մենք դրան ավելի շուտ «քաղաքակրթական քայլ» անունն ենք տալիս»,- ասաց հոգևորականը:

Գլոբալացման վատ և լավ կողմերը զանազանելու, առաջինները վանելու, մյուսները՝ վերցնելու համար ընտանիքին հայր է պետք, ժողովուրդներին՝ առաջնորդներ. «Երբ Մակեդոնացին գրավեց պարսկական տերությունը, սիրահարվեց այն ըկալմանը, որ պարսից արքան դիտվում էր որպես հայր, և հայրը հոգ էր տանում իր զավակների մասին՝ պատրաստ լինելով անգամ իր կյանքը տալ նրանց համար»,- օրինակ բերեց Տեր Նշանը՝ ընդգծելով, որ պատահական չէ, որ մենք Աստծուն «հայր» ենք կոչում և տերունական աղոթքը «Հայր մեր»-ով ենք սկսում. «Հայրության խնդիր կա, որտեղ մենք որդի լինելու նախանձախնդրություն պիտի ունենանք, որովհետև հայրը տեր է կանգնում որդուն այնքան ժամանակ, քանի դեռ որդին ուզում է հորը ճանաչել և մնալ որդիության մեջ: Բայց Աստված հարգում է մեր ազատ կամքը և ասում է՝ եթե չես ուզում ինձ հայր ասել, ես խնդիր չունեմ, հարգում եմ քո ազատ կամքը, անգամ եթե դրա պատճառով քեզ վնասելու ես, ես չեմ բռնանա»:

Եկեղեցին, հոգևորականի խոսքով, մեր պատմության ընթացքում ստիպված է եղել հաճախ ինչ-ինչ պարտականություններ վերցնել իր վրա՝ կատարելով պետության գործառույթը, բայց «այսօր արդեն, փառք Աստծո, պետություն ունենք, և եկեղեցին հետ է քաշվում շատ ոլորտներից»:

«Այո, պետություն ունենք, բայց կատարո՞ւմ են արդյոք պետական կառույցներն իրենց վերապահված պարտականությունները»,- հարցիս Տեր Նշանը պատասխանեց, որ մենք արժանի ենք նրան, ինչ ունենք. «Բոլորն ուզում են աշխարհը փոխել, բայց ոչ ոք չի հասկանում, որ այդ փոփոխությունը պետք է սկսի իրենից: Մենք ենք անտարբեր, մենք ենք կաշառքով ինչ-ինչ բաներ անում, մենք ենք մեր ապրելաձևով անբարոյականություն քարոզում, սրբի կեցվածքով քննադատում մյուսներին, իսկ մեր սխալների դեպքում շարժվում ենք «մեզ ներելի է» տրամաբանությամբ: Այդպես չի լինում: Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ հանդիպում էր Արթուր Մեսչյանի հետ, և նա ասաց հավաքված երիտասարդներին՝ եթե ձեր մեջ 10 նախանձախնդիր մարդ լինի, այս երկիրը կարող է փոխվել, որովհետև եթե 12 հոգի աշխարհը փոխեցին, ապա 10 հոգի հաստատ կարող են այս փոքրիկ երկիրը փոխել, եթե ապրեն ճիշտ ձևով: Զենքը, հեղաշրջումը շատ հաճախ նույն աթոռին նստած մի գայլին փոխարինում են մեկ ուրիշով, որովհետև քանի դեռ չկա այն մտածողությունը, որ ղեկավարի աթոռում հայր պետք է լինի, ոչինչ չի փոխվի, իսկ իսկական հայրը միշտ տեր կկանգնի իր որդուն»,- մեկնաբանեց նա:

Տեր հայրն անդրադարձավ գլոբալացման ևս մեկ ասպեկտի՝ ֆեմինիզմին՝ մեջբերելով մի կնոջից լսած, իր բնութագրմամբ, հանճարեղ մի միտք՝ ֆեմինիզմն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իսկական տղամարդը. «Ֆեմինիզմը իսկական տղամարդու ճգնաժամի արդյունք է, որովհետև տղամարդկանց այսօր կանացիակերպ են սարքում: Իրականում, քրիստոնեությունը վաղուց է բերել կնոջ և տղամարդու հավասարությունը, և «տեր» ու «հնազանդ» արտահայտությունները ստրկատեր-ստրուկ հարաբերություն չեն ենթադրում: Քրիստոն ասում է՝ ես տեր եմ, բայց ձեր ոտքերը լվացրեցի: Մենք մեր հորը ճանաչում ենք որպես տան գլխավոր և հնազանդ ենք նրան, ինչպես որ ես եմ հնազանդ իմ Աստծո առաջ, բայց ես ազատ կամք ունեմ, և երբ հայրս մի որոշում է կայացնում, ես իմ տարբերակն առաջարկելու իրավունքն ունեմ: Ի վերջո, քրիստոնեական եկեղեցիների ամենսարբազան կետերում Աստվածամայրն է իր որդու հետ»,- ընդգծեց նա:

Անի Ռափյան (Cultrue.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0