a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վիրահայոց թեմը Թբիլիսիում մասնակցել է «Միջկրոնական երկխոսություն՝ հանուն խաղաղության» կոնֆերանսին

hamajoghov_kronakan_harcerov

Կրոնի հարցերով Վրաստանի պետական գործակալության նախաձեռնությամբ, Թբիլիսիում կայացել է կոնֆերանս «Միջկրոնական երկխոսություն՝ հանուն խաղաղության» թեմայով:Ինչպես հայտնում է Վրաստանի հայ համայնքի հասարակայնության հետ կապերի բաժինը, կոնֆերանսին մասնակցել են Վրաստանում գործող տասը կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, Վրաստանի խորհրդարանի, Վրաստանի կառավարության անդամները, դիվանագիտական կորպուսի, Կրոնի գործակալության գործընկեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ կոնֆերանսին մասնակցել են Թեմակալ Առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ուղեկցությամբ՝ Թեմի իրավական և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանի և Վրաստանում հայկական հոգևոր արժեքների ուսումնասիրության բաժնի ղեկավար Դիանա Տեր Բաղդասարովայի:

Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր ելույթում մասնավորապես ասել է. «Մենք պարտավոր ենք, հանուն ավելի լավ Վրաստանի և հանուն ավելի լավ աշխարհի, ոչ թե մերժել ու ստորադասել այլ ազգի կամ այլ կրոնի ներկայացուցիչներին ու փոքրամասնություններին՝ նրանց տարբեր լինելու պատճառով, այլ պարտավոր ենք նրանց ընդունել ու հարգել, ինչպես որ կան: Մեր տարբերությունները և միատեսակ չլինելը ոչ թե բաժանում են մեզ, այլ գեղեցկացնում են: Սուրբ Գիրքն ասում է. «Սիրեցէք զմիմեանս»՝ չի ասում սիրեք հրեային, քրիստոնյային, իսլամին կամ այլ կրոնի և ազգի ներկայացուցչի, այլ ասում է՝ սիրեցեք զմիմեանս, այսինքն՝ բոլորին: Մեր գեղեցկությունը մեր բազմազանության մեջ է»:

Հոգեշնորհ Հայր Սուրբն իր խոսքը եզրափակել է, անդրադառնալով Վրաստանում զանգվածային լրատվամիջոցներին և ասել.

«Վրաստանի այսօրվա իրականության մեջ մեծ բաց ենք համարում այն, որ հեռուստաալիքները հաճախ զլանում են լուսաբանել փոքրամասնությունների կարևոր և նշանակալի տոները և միջոցառումները, որի պատճառով վրաց հասարակությունը հաճախ անտեղյակ է լինում իր կողքին ապրող փոքրամասնությունների մասին: Հաշվի առնելով այլ երկրների օրինակը, վստահ ենք, որ հեռուստաալիքների կողմից փոքրամասնություններին ավելի շատ հարթակ և ժամանակ տրամադրելը կնպաստի, որ Վրաստանում ապրողներս իրար ավելի լավ ճանաչենք, ավելի լավ հասկանանք և ընդունենք:

Հայոց Կաթողիկոս Ներսես Շնորհալին (12-րդ դար) իր «Գիր հաւատոյ խոստովանուեան» գրության մեջ ասում է. «Միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս եւ սէր յամենայնի»: Ութ հարյուր տարի առաջ արտահայտված այս իմաստուն միտքը այսօր ևս արդիական է: Թող Աստված օրհնի Վրաստանը և Վրաստանում ապրող բազմազգ ժողովուրդներին»:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0