a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռում

mayr_ator01

Օգոստոսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ շուքով նշեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այդ մասին հաղորդում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:

Այս բերկրառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

«Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այսօր տոնախմբում է հիշատակությունը հարյուրամյակներ առաջ տեղի ունեցած մի դեպքի, որ կապված է մեր Տիրոջ մոր և Ընդհանրական Եկեղեցու մեծագույն բարեխոս սրբերից մեկի` Աստվածամայր Ս. Կույսի` դեպի երկինք վերափոխաման հիշատակության հետ: Հայ Եկեղեցին դարերի ընթացքում մշտապես անդրադարձել է Աստվածամորը`իբրև մարդկային ցեղի, իբրև մայրության, իբրև Աստուծո խոսքի հնազանդության գերագույն և կատարյալ մի օրինակի: Աստվածամորն են ընծայվել բազմաթիվ ստեղծագործություններ, տաղեր, գանձեր, հոգևոր երգեր ու շարականներ և բազմատեսակ աղոթքներ: Հայ ժողովուրդը մշտապես անդրադարձել է Աստվածամոր կերպարին ու Նրա արժանավորությանը: Նա մանուկ հասակից սպասավորության համար ընծայվել էր Աստուծո Տաճարին, հոգևոր կյանքի իմացականության հույսով սնվել ու հասակ էր առել այնտեղից և Իր արժանավորությամբ ու մաքրությամբ մարդկային կերպարի տասնվեցերորդ տարում այցելության էր արժանացել Տիրոջ հրեշտակի կողմից: Ավետման դրվագում Ավետարանիչը պատմում է` ինչպես է երկխոսություն տեղի ունենում հրեշտակապետի ու Ս. Կույսի միջև: Գիտենք, որ Աստուծո պատագամաբեր հրեշտակը Նրան բարի ավետիսն էր բերել` թե Նա պետք է ծնի համայն մարդկության Փրկչին` մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Այս երկխոսության ավարտին Ս. Կույսը խոնարհ, հնազանդ, հեզ, մաքուր և սուրբ իր կերպարի մեջ շատ կարևոր մի արտահայտություն է անում` ասելով. «ահավասիկ, ես Տիրոջ աղախինը կամ և պիտի մնամ»: Եթե առաջին կնոջով` նախամայր Եվայով, մեղքը և դատապարտությունը մտան մարդկային կյանք, ապա Աստվածամոր կերպարով` երկրորդ Եվայի` միևնույն մարդկային կերպարով, եղավ մարդկային ազգի փրկության ճամփան: Աստվածամոր մեծությունը ոչ միայն այն կարևոր դրվագի մեջ է, որ Աստվածածինն աշխարհ բերեց, Իր մարմնի հետ միախառնեց Աստուծո Ս. Հոգու այցելությունը և դարձավ այն ոսկի տապանակը, որտեղից հայտնվեց համայն մարդկության բանականության ճշմարիտ Լույսը: Աստվածածինն իր մոր օրինակելի խոնարհությամբ և կանացիությամբ հետևեց Տիրոջը` ընկալելով և հասկանալով Տիրոջ բերած զոհողության, խաչի, փրկության և սիրո Ավետիսը: Աստվածամայրը, սիրելինե՛ր, մշտապես ներշնշեց մեր ազգին ու բարեխոսեց մեզ համար: Հայ Եկեղեցին յոթ տոներ ունի` Աստվածամորը նվիրված, իսկ այս մեկը` որպես մեծագույնը, առանձնացվել է հինգ Տաղավար տոների մեջ:

Այսօր ամենքս Վերափոխման տոնին ուխտով եկել ենք այս Կաթողիկեն` Մայր Տաճարը` Հայ Եկեղեցու Մայր Աթոռը, որպեսզի մեր խոնարհությունը բերենք Աստվածածնի անունով կնքված այս Կաթողիկեի խորանին, որտեղից Ս. Պատարագի խորհրդով դարձյալ պիտի կենդանանա այսօրվա հիշատակությունը և մեր Տերը պետք է ծնվի ու առատորեն բաշխվի ամենքիս կյանքում Հաղորդության Ս. Խորհուրդով` սիրո ճաշակումով. այն սիրո, որ մեր կյանքը պետք է ամբողջությամբ վերափոխի, մեր անձը պետք է աղոթքով սրբագործի և միությունը հաստատի մեր ու Աստծո միջև:

Ինչպես Եվայի մեղքի ճանապարհով խզում և զատում եղավ մեր` մարդկության և Աստուծո անմերձենալիության ճանապարհին, այնպես էլ Աստվածամոր կերպարով, Նրա միջնորդական և բարեխոսական շարունակական առաքելությամբ մենք շնորհն ենք ստանում դառնալու Աստուծո ճշմարիտ Տաճարներ: Մեր անձնական կյանքը կերպարանափոխելով և վերափոխելով Աստվածամայրն իր մարդկային կերպարով ապականություն չտեսավ մահվանից հետո, Նրա Միածին Որդին իջավ երկնքից և Նրան երկրից երկինք վերափոխեց: Ուրեմն` Աստվածամայրը մեզ ամենքիս Իր կյանքի կարևորագույն պատգամներից մեկն է փոխանցում` Աստուծո խոսքին, ավետարանական պատգամին կատարյալ հնազանդությամբ կյանք ունենալ: Այս է կարևոր պատգամը` վերափոխում ունենալ մեր կյանքում: Սա է քրիստոնյայի կյանքի ճամփան` անհատական փոփոխություն: Եվ այսօր, որ մենք եկել ենք այս սրբազան Տաճար մեր ուխտը նորոգելու Ս. Պատարագի մասնակցությամբ, որի ավարտին Հայ Եկեղեցու դարավոր ավանդույթի համաձայն պետք է կատարենք մեր երկրի առաջին հասունացող պտուղի` խաղողի օրհնությունը, որպեսզի խաղողի հյութով պատրաստված գինով մեր Տերն իջնի Հաղորդության Ս. Խորհուրդի մեջ, սրբագործի այդ գինին և առատորեն բաշխվի քրիստոնյաներիս կայքնում` որպես կատարյալ փրկություն: Օրհնվելու է այս խաղողը և խաղողի միջոցով նաև` հայոց հողը, որպեսզի բերրի լինի, ապահովության մեջ լինեն մեր հայրենիքի սահմանները, մեր կյանքը, որպեսզի հանապազ բարգավաճող լինի, որպեսզի մեր կյանքում քրիստոնեական գիտակցությամբ հանդիպեն ողորմությունն ու ճշմարտությունը, ինչպես Դավիթ մարգարեն է ասում իր սաղմոսում: Եկե՛ք աղոթենք, որ Աստվածամայրը դառնա մեր բարեխոս և միջնորդ մայրը, որպեսզի այդ միջնորդության և բարեխոսության արդյունքում մեր Տեր և Փրկիչը թագավորի մեր կյանքում, և այն դառնա Տիրոջ փառաբանության ճշմարիտ ընթացք: Աստվածամոր մշտամրմունջ բարեխոսությունը թո՛ղ ամենքիս պարգևի շնորհք, սեր և խաղաղություն»,-ասաց Վարդան Սրբազանն իր քարոզում:

Հավարտ Ս. Պատարագի, հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, Ս. Տրդատի բաց խորանի վրա կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունը:
Վերջում օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0