
25/07/2016
|
Թբիլիսի քաղաքի հայկական եկեղեցիների վիճակը շարունակում է մնալ օրհասական

Վրաստանի մայրաքաղաքում հայերի թողած ժառանգության մասին գրեթե բոլորը գիտեն. բնակելի շենքեր, հանրային նշանակության կառույցներ, եկեղեցիներ: Ներկայում, ամենախոցելին եկեղեցիներն են: Մեծ թվով հայկական եկեղեցիներ ոչնչացվեցին 1930-ական թվականներին՝ դառնալով ստալինյան գաղափարախոսության զոհ: Որոշները «վրացականացվեցին», մյուսներն էլ հայտարարվեցին «վիճելի»: Մինչ խորհրդային կարգերի հաստատումը, Թբիլիսիում գործել է շուրջ 3 տասնյակի հասնող հայկական եկեղեցի։
Այսօր Թբիլիսիում Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի ենթակայությամբ գործում է ընդամենը երկու եկեղեցի՝ Հավլաբարի Սուրբ Էջմիածինը և Առաջնորդանիստ Սուրբ Գևորգը: Վերջինս 2015 թվականին վերանորոգվեց և վերաօծվեց բարերար Ռուբեն Վարդանյանի միջոցներով: Մնացած չգործող եկեղեցիներն ուշադրության առանձնահատուկ կարիք ունեն, քանի որ ֆիզիկական ոչնչացման եզրին են: Վերջին «զոհերից» մեկը Սուրբ Նշան եկեղեցին էր:
Culture.AM-ը փորձեց ՀՀ մշակույթի նախարարությունից հնարավորինս թարմ տեղեկություններ ստանալ Սուրբ Նշան եկեղեցու վերաբերյալ, իսկ Վիահայոց թեմից՝ նաև մյուս հուշարձանների վերաբերյալ:
Culture.AM-ի գրավոր հարցմանը, թե մինչ օրս ի՞նչ գործողություններ են իրականացվել եկեղեցու պահպանության և վերականգնման համար, նախարարությունից պատասխանել են. «Տեղեկացնում ենք, որ վրացական կողմը ՀՀ մշակույթի նախարարությանն է տրամադրել հուշարձանի վերականգնման նախագիծը (նախահաշվային արժեքը` ըստ ներկայացված փաստաթղթի կազմում է շուրջ 1 400 000 լարի)»: Տրամադրվել է արդյոք այդ գումարը թե ոչ՝ պատասխանի մեջ նշված չէ։
«2012 թվականից մինչ օրս հուշարձանի տարածքից հեռացվել է կիսաայրված թղթի զանգվածը, մաքրվել հուշարձանի տանիքին ժամանակի ընթացքում առատորեն աճած բուսականությունը (ծառեր, թփեր, խոտեր), հուշարձանի բուն տարածք ներթափանցումը կանխելու նպատակով փակվել են եկեղեցու պատուհաններն ու դռները: Մետաղական կոնստրուկցիաների վրա հենվող փայտե կաղապարամածերով ամրացվել են Սբ. Նշան եկեղեցու և զանգակատան կրող կոնստրուկցիաները (սյուներ, գմբեթակիր և թաղակիր կամարներ), ինչպես նաև հիմքերի մի մասը»:
Հայ առաքելական եկեղեցու Վրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատուրյանը ներկայացնելով մեզ եկեղեցու վիճակը, նշեց, որ 2002 թվականի հոկտեմբերի 20-ին Սուրբ Նշան եկեղեցում գիշերը հրդեհ էր ծագել, որը հաջողվել էր հանգցնել 9 հրշեջ մեքենաների շնորհիվ: Հրդեհի հետևանքով վնասվել էին որմնանկարները, ջուրը վնասել էր ներքին հարդարանքը, գերեզմանասալիկները: Հրդեհից հետո եկեղեցու վիճակը էլ ավելի էր վատացել՝ վերածվելով շների և թափառաշրջիկների ապաստարանի: «Ցավոք սրտի, անհայտ պատճառներով իրար հետևից հրդեհներ ծագեցին նաև 2012 թվականին: Նախկինի նման, այս անգամ էլ հրդեհը մարվել է միայն ջրով, որն ավերել է եկեղեցու շինությունը: Տաք ջերմությունից և այնուհետև ջրից պատերին և հատակին ճեղքեր առաջացան, որոնք դարձան շատ վտանգավոր: Ներկայումս այստեղ վերանորոգման աշխատանքներ չեն ընթանում»:
Անհայտ ժամանակով հետաձգված են նաև Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքները, այնինչ եկեղեցու վիճակն այսօր օրհասական է: Իր անունը եկեղեցին ստացել է Աշտարակ քաղաքից ոչ հեռու գտնվող համանուն գյուղից, որտեղից Թբիլիսի էին տեղափոխել Սուրբ Գևորգի մասունքները: Որոշ աղբյուրներ նշում են՝ այդ մասունքները բերվում էին վրաց թագաժառանգին բուժելու նպատակով, սակայն արքայորդին մահանում է, երբ դրանք դեռ ճանապարհին էին: Մասունքներն իրենց տեղն են գտնում նորակառույց եկեղեցում: Այսօր արհեստականորեն անձեռնմխելի դարձած և հետևաբար խնամքից զրկված եկեղեցին օր օրի քանդվում է: Թեմի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ վերջերս կատարվել են միայն աղբի մաքրման աշխատանքներ:
Համեմատաբար լավ վիճակ է Սուրբ Նորաշեն եկեղեցին, որը գտնվում է Թբիլիսիի տուրիստական ամենաբանուկ փողոցներից մեկի՝ Լեսելիձեյի վրա: Այն մեկ անգամ հրաշքով փրկվել էր 1925 թվականին, երբ Խորհրդային կարգերի հաստատումից հետո 1924-25թթ. «Արմյանսկի բազար» փողոցի վերակառուցման կապակցությամբ կազմված մասնագետների խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշել էր այն քանդել: Ճարտարապետ Նիկոլայ Սևերովի (հետագայում Վրաստանի ՍՍՀ Ճարտարապետների միության նախագահ) համառ պայքարի արդյունքում եկեղեցին չի քանդվում: Մինչև 1931թ. Նորաշենի Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվել է թեմական խորհրդի իրավասության ներքո:
Սուսաննա Խաչատուրյանը խոսքով՝ «Ավարտվել են Սուրբ Նորաշեն եկեղեցու հիմքի և պատերի ամրապնդման և եկեղեցու արտաքին տեսքի բարեկարգման աշխատանքները: Այժմ աշխատանք է ընթանում եկեղեցու հատակի նորոգման նախագծի կազմման ուղղությամբ: Որմնանկարների վերականգնում նախատեսված չէ»:
Սոնա Խաչատրյան (Culture.AM)
Լուսանկարները՝ Վիրահայոց թեմի