a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կարևորը ստեղծագործության շունչը գտնելն է. Լևոն Աբովյան

13816761_1049018525188172_895046604_n

«Ուսանողական տարիներից սկսած միշտ ունեցել եմ ցանկություն ստեղծելու, ծնունդ տալու մի աշխատանքի, որից և՛ ինքս կստանայի հաճույք, և՛ իմ համագյուղացիները»:

Քանդակագործ Լևոն Աբովյանը, ում նոր աշխատանքը տեղադրվել է հայրենի Կողբ գյուղում, Culture. AM-ի հետ զրույցում նշում է, որ շուրջ տաս տարի լինելով արվեստի մեջ՝ սովորելով քանդկագործություն տարբեր ուսումնարաններում (Մոնումենտի պրոֆտեխնիկում ուսումնարանի, փայտի և քարի բաժնում,  մեկ տարի, այնուհետ՝  Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի քանդակի բաժնում չորս և վեց տարի` Գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնում), չի աշխատել մասնագիտությամբ.
- Կյանքս այնպես դասավորվեց, որ չկարողացա աշխատել իմ մասնագիտությամբ: Շուրջ երեսուն տարի ես բանարկել եմ իմ մեջ արվեստագետ մարդու իմ ապրումները: Դե սովորելուց հետո եկա գյուղ, ընտանիք կազմեցի, այնուհետ ընտանեկան հոգսեր, առօրյա

Մտքերի մեջ ընկնելով ավելացնում է. «Աշխատել, և ներկայումս էլ աշխատում եմ իմ սեփական քարի արտադրամասում, կատարում եմ պատվերներ, ստեղծում գերեզմանաքարեր, բայց դե դա հո չես համարի «ապրել»: Էդպես է չէ՞, մարդ քանի մեծանում, մի տեսակ մտածկոտ է դառնում: Մի օր ինքս ինձ հետ զրույցի ընթացում ասացի. «Ի՞նչ պետք է թողնես քեզնից հետո»Միևնույն է միշտ էլ կլինեն խնդիրները: Եվ որոշեցի «ծնունդ տալ մեկին»:

Քիչ լռելուց հետո ավելացնում է. «Անկեղծ` սկզբնական շրջանում, երբ արդեն ունեի անհրաժեշտ հումքը, նախնական էսքիզն արդեն արել էի և եկավ քարի հետ կռիվ տալու պահը, վախեցա, շուրջ տաս օր ոչինչ չարեցի: Վախեցա, որովհետև լռությունս երկար էր տևելՈրոշ ժամանակ անց ծնվեց գաղափարս, առաջին ու միակ անփոփոխ հենքը սյունն էր, ընտանիքը, պետականությունը»:

Մանրամասն անդրադառնալով քանդակի յուրաքանչյուր մասնիկին՝ ավելացնում է. «Քանդակը դիտվում է չորս կողմից: Մի կողմում հայ տղամարդու կերպարն է՝ մյուսում, հայ կնոջ, որոնց կարող ենք դիտել և՛ որպես թագավոր ու թագուհի, և՛  որպես հավաքական կերպար, որ և՛ կարող է զենք բռնել, և՛ սեղան գցել»:
Պատվանդանի ներքևի հատվածը ընդգրկում է չորս թեմա․ առաջինը՝ Տիգրան մեծն է, որ հենց իմաստավորումն է պաշտպանության,  նռան վրա ներկայացվում է այդ ժամանակաշրջանի քարտեզը, Ուրմիա և Վանա լճերը: Մյուս Կողմում, ներկայացված է Արցախի ներկայիս քարտեզը: Երրորդ կողմում ներկայացված է հյուրասիրություն, չորրորդում՝ մշակույթը՝ մեջտեղում աղավնին, խաղաղության խորհրդանիշ, կերպարվեստը վարագույրի տեսքով, գիրքը, որ խորհրդանիշն է կրթության և Սուրբ Տիրամայրը՝ մայրության:

Ընդհանուր առմամբ կոթողը կազմված է սյունից և քանդակից, որը հեղինակը կարողացել է  համադրել և ստանալ վերջնական արդյունքը, իր խոսքով՝ մեր ազգի ընդհանուր բնութագիրը։

Մի ընդհանուր հայացք նետելով քանդակին,  նկատում ենք՝  ընդհանուր կերպի մեջ մեծ տեղ է գրավում նուռը։ Մեր հետաքրքրությանն ի պատասխան պարոն Աբովյանը մի քիչ երկար լռելուց հետո պատասխանում է․ «Նուռ, որովհետև մի տեսակ հոգեհարազատ բան կա, հավաքական ուժ, ամբողջականություն, մարդկային կյանք: Չգիտեմ, ամեն դեպքում ես այդպես եմ ցանկացել ներկայացնել: Եթե ուշադիր նայեք, կնկատեք, որ ներքևում քանդակը պարսպող նռներ կան և մեկ մեծ նուռ՝ ամենավերևում, որ հենց թագադրումն է Աստծո կողմից, որ մեզ հորդորում է միավորվել և դառնալ պետություն,  իսկ ներքևում գտնվող նռները՝ մեր ողջ պատմության ընթացքում մեր պառակտությունն է,  միասնության բացակայությունը»:

Զուգահեռներ անցկացնելով՝ ավելացնում է. «Հիմա էլ, ցավոք, մեր ազգի դժբախտությունը դրանում է, որ չունենք միասնական, ընդհանրական մտածելակերպ…»:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք կա՞ որևէ աջակից, ինչին նա պատասխանեց այսպես. «Սկզբնական շրջանում չի եղել որևէ հովանավոր կամ աջակից: Սկզբում  թե՛ նյութերը, թե՛ հումքը ամբողջապես  գնել եմ ես, իմ սեփական միջոցներով, և նպատակ էլ չեմ ունեցել որևէ մեկին դիմելու կամ օգնություն ակնկալելու: Որոշ ժամանակ  անց Կողբ եկավ ամերիկահայ բարերար Գևորգ Աթենիզյանը, ով տեսնելով քանդակը, անմիջապես  ցանկություն հայտնեց այս գաղափարը  հովանավորելու, ինչն ինչ խոսք, ինձ շատ ուրախացրեց,  որին մեծ սիրով համաձայնեցի»:

Մեր զրուցակցի խոսքով՝ աշխատանքները գրեթե ավարտված են, իսկ բացումը նախատեսվում է սեպտեմբերի 21-ին: Այդպես  ցանկացել է հենց ինքը՝ հովանավորը, որպեսզի կարողանա հարազատների հետ գալ գյուղ՝ մասնակցելու բացման արարողությանը.
 – Անկեղծ ասած՝ ինձ համար հիմա այնքան էլ կարևոր չէ բացումը կլինի համայնքային նշանակության, թե՝ ոչ:

Ընկնելով հիշողությունների գիրկը՝ ավելացնում է. «Ուսանողությանս տարիներին շատ սիրելի դասախոսներիցս մեկն ասում  էր. « Ինչ էլ որ անեք կամ  նախաձեռնեք, կարևորը «շունչը» գտնելն է, եթե չգտաք, ուրեմն ամենափայլուն միտքն էլ ապարդյուն կլինի»:

Զրույցն ամփոփելով՝ նշում է. «Ինձ համար կարևորն այն էր, որ ես ապրեցի որպես մարդ – արվեսստագետ, գտա իմ շունչը  շուրջ մեկ ու կես տարվա ընթացքում, Կողբիս շնչին ավելացրի նաև իմ ստեղծագործության շունչը»:

 

Ռուզաննա Աղաբաբյան (Culture.AM)

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0