a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վերականգնվել են Կարմրավոր Սբ․ Աստվածածին եկեղեցու որմնանկարները

Karmravor_church

ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան թույլտվությամբ և հուշարձանի սեփականատեր հանդիսացող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համաձայնությամբ՝ 2016 թվականի մայիսին մեկնարկած ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Կարմրավոր Սբ․ Աստվածածին եկեղեցու (7-րդ դ.) որմնանկարների մաքրման, ամրակայման և վերականգնման աշխատանքներն ավարտվել են: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, աշխատանքներն իրականացվել են Իտալիայում բնակվող վերականգնող ճարտարապետ Արա Զարյանի և որմնանկարների վերականգնման մասնագետ Քրիստին Լամուղէի անմիջական մասնակցությամբ և միջոցներով: Կատարված աշխատանքների արդյունքում այսօր Կարմրավոր Սբ․ Աստվածածին եկեղեցու ներսում տեսանելի են տասը սրբապատկերներ, որոնք վկայում են 7-րդ դարի հայկական որմնանկարչության բարձր արվեստի մասին: Եկեղեցու արևմտյան թաղակապի հյուսիսային հատվածում՝ խաչթևին պատկերված է Սբ․ Գևորգ զորավարը՝ ձիու վրա նստած, թուրը պատրաստ հարվածին, իսկ արևմտյան թևի հարավային կողմում պատկերված է ձիուն նստած Սբ․ Սարգիս զորավարը՝ մանուկը գրկին և նետը ձեռքին: Ավագ խորանի որմնանկարների շարքը երկրաչափական է, որը որմնագիր նախշի միջոցով նկարազարդ քիվը բաժանում է երկու մասի: Քիվից ներքև՝ ավագ խորանի լուսամուտի աջ կողմում, հայտնաբերվել են երեք սրբապատկերներ, իսկ ձախում՝ երկուսը: Գմբեթարդի կենտրոնական հատվածում «Քրիստոսը փառքի մեջ» տեսարանն է, որի երկու կողմերում մեկական քառաթև քերովբեներ են պատկերված: Գմբեթարդի հյուսիսային կամարակապին պատկերված են Մարիամ Աստվածածնի, իսկ հարավային կամարակապին՝ Սբ․ Հովհաննես Մկրտչի նրբագեղ որմնապատկերները:

Սվաղի քայքայման և թափման հետևանքով բոլոր որմնապատկերների դեմքերի և ձեռքերի հատվածները ժամանակի ընթացքում կորցրել են նրբերանգները և ներկայումս մեծամասամբ սև ու սպիտակ երանգներով են: Այսուհետ, Կարմրավոր Սբ․ Աստվածածին եկեղեցի այցելած բոլոր հավատացյալները, ուխտավորները և զբոսաշրջիկները հնարավորություն կունենան վայելել ոչ միայն հայկական ճարտարապետության խոյակերտ գոհարներից մեկը, այլ նաև հիանալ վաղ միջնադարի հայկական որմնանկարչության վառ օրինակներից մեկով: Որմնանկարների հետագա պահպանման ապահովության համար մոմավառությունը նախատեսվում է կազմակերպել եկեղեցուց դուրս:

ՀՀ մշակույթի նախարարությունը «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» պետական բյուջեի ծրագրով առաջիկայում կիրականացվեն նաև ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ծիրանավոր եկեղեցու ամրակայման և նորոգման գիտանախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները։

 

Լուսանկարը՝ Արա Զարյանի

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0