
23/08/2016
|
Թուրքիայի տարածքում հաշվառվել է հայկական 4600 հուշարձան

Թուրքիայի տարածքում գտնվող 10000 պատմամշակութային հուշարձաններից 4600-ը հայկական են, 4100-ը՝ հունական, 650-ը՝ ասորական, 300-ը՝ հրեական: Այս տվյալները հրապարակել է Հրանտ Դինք հիմնադրամը՝ «Անատոլիայի մշակութային ժառանգությունը» նախագծի շրջանակներում: «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ հիմնադրամի աշխատակիցներն ուսումնասիրել են երկրում ազգային փոքրամասնությունների թողած մշակութային ժառանգությունը:
Նախագծի շրջանակներում հետազոտողները շուրջ երկու տարի ուսումնասիրել են Թուրքիայի, Հունաստանի և Շվեյցարիայի արխիվները: Համաձայն հետազոտության՝ պատմական հուշարձանների զգալի մասը մատնված է անուշադրության և պահպանության խիստ կարիք ունի:
Ըստ հետազոտության՝ հայկական պատմական շինությունների ամենամեծ թիվը Մուշում է՝ 401 պատմական կառույց, երկրորդը Բիթլիսում է՝ 325 շինություն, Խարբերդում՝ 323 շինություն: Տասնյակը եզրափակում է Վանը՝ 185 շինություն:
Նախագծի շրջանակներում հրապարակել է հատուկ քարտեզ, որտեղ նշված են պատմական կոթողների վայրերը՝ եկեղեցիները, գերեզմանոցները, դպրոցների ու որբանոցների շենքերը: