a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Չայնիի ոլորանների» «գեղեցկուհին» օր-օրի ավելի է այլանդակվում ու թալանվում

ardzaganq  (1)

Ամենացավագին ու  պահանջատիրական հոդվածներով, բողոքներով ու ելույթներով ենք հանդես գալիս ամեն անգամ, երբ տեսնում ենք, որ հարևան երկրներում հայկական ծագում ունեցող հուշարձաններն ավերվում ու ենթարկվում են վանդալիզմի, բայց ներսից նեխած մի  փոքր հատված այդ ժամանակ նվազագույն դրամների կամ էլ անհասկացողությունից ելնելով, կոտրում ու ավերում է արձանները: Նորաձև էր դարձել ժամանակին իրենց ու իրենց ընտանիքների ծագումնաբանությունը գրել արձանների վրա, կոտրել կամ այլանդակել: Իսկ հիմա էլ ականատեսն ենք լինում բրոնզաձույլ  արձանի դաժան վերացմանը: Դաժանն էլ է մեղմ ասված: Երևան-Սևան մայրուղու «Չայնիի ոլորաններ» հատվածում տեղադրված «Արձագանք» անունը կրող արձանը գրավել էր «գանձեր որոնողներին»՝  դառնալով թալանի  ու ոչնչացման կենտրոն՝ հանուն մի երկու կտոր պղնձի: Անամոթաբար օր օրի քերել ու պղծել են  1980 թվականին տեղադրված արձանը: Այս ամենը դեռ մարտ ամսին էր նկատվել, բարձրաձայնվել.իհարկե, արդյունքն էլ իրեն սպասեցնել չտվեց (վատ իմաստով): Արձանը  չվերականգնվեց, իսկ փոխարեն դրա, այն ավելի քանդվեց ու թալանվեց: Օրերս անցնելով դրա կողքով՝ «անտարբեր չմնացինք», քանզի «Արձագանքի» վիճակն ավելի էր վատացել ու արձագանք այդպես էլ չէր եղել:

Այս դեպքի առնչությամբ Culture.AM-ը կապվեց ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն՝ իմանալու «Արձագանքի» ճակատագիրը: Մեզ հետ զրույցում գործակալության պետ Արմեն Աբրոյանը տեղեկացրեց, որ իրենք փորձում են այդ հարցը լուծել։ Հատկապես վերջերս շատ անդրադարձ է կատարվել այդ արձանի հետ կապված։ Մեր այն դիտարկմանը՝ չէ որ այդքան ժամանակ է անցել,  ու լուծում չի տրվել, պարոն Աբրոյանը պատասխանեց այսպես.
-  Ամեն ինչ  կախված է ֆինանսից, պետական մարմինների աջակցությունից։ Բազմիցս ասվել է, որ նման երևույթներ նախապես կանխել հնարավոր չէ։ Բոլորը պետք է այդ ուղղությամբ աշխատեն։
Պետական մարմնի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նշեց, որ շուրջ  24 000 հուշարձանի են հետևում, որը նույնիսկ եվրոպական երկրները չեն կարող իրենց թույլ տալ բոլորը հասցնել:

Իսկ ճակատագի՞րը: Միգուցե հանել , վերանորոգել ու տեղադրել, կամ այլ քայլեր ձեռնարկել այն տեսքի բերելու.
- Գեղեցիկ չէ, ինքս էլ գիտեմ, բայց հանել էլ չի լինի։ Դուք պատկերացնում եք՝ ինչ կլինի։ Եթե հանվի, ստացվում է «Չկա հայ, չկա հայկական հարց», իսկ վերանորոգելու նպատակով հանել պետք չի, որովհետև հիմա կան ծրագրեր, որոնց միջոցով հանգիստ կարելի է վերանորոգել առանց տեղեհանելու, պարզապես պետք է հերթը հասնի։

Իսկ թե երբ հերթը կհասնի, Աստված ու երևի թե Նախարարության «հերթագրողը» գիտի: Հուսանք, դեպի Սևան գնացող տուրիստներին շատ կարճ ժամանակահատվածում կողջունի ոչ թե այլանդակված, թալանված ու պղծված արձանը, որի հատվածում նաև տեղակայված է  հանգստյան փոքրիկ գոտի, այլ երբեմնի գրավչություն ու հմայք ունեցող «գեղեցկուհին»…

Սյուզաննա Գարեգինյան (Culture.AM)
Ֆոտոշարքը՝ Արման Աբրահամյանի (Culture.AM)
  • ardzaganq  (3)
  • ardzaganq  (2)
  • ardzaganq  (4)
  • ardzaganq  (5)
  • ardzaganq  (6)
  • ardzaganq  (7)
  • ardzaganq  (8)
  • ardzaganq  (9)
  • ardzaganq  (10)
  • ardzaganq  (11)
  • ardzaganq  (12)
  • ardzaganq  (1)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0