
21/07/2016
|
Ջավախքում հայկական եկեղեցի է վերականգնվում

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում սկսվել են Սուրբ Համբարձում եկեղեցու վերականգնման աշխատանքները: Ինչպես հայտնում է «Ջավախք-նյուզ»-ը, այժմ եկեղեցու տարածքում ընթանում են մաքրման աշխատանքներ, հողային աշխատանքների ժամանակ մարդկային ոսկորներ են հայտնաբերվել:
Գումբուրդո (վրաց. Կումուրդո) գյուղի Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում և կիսավեր վիճակում է գտնվում: Եկեղեցու տարածքում ընթանում են մաքրման, ինչպես նաև եկեղեցու տարածքի տապանաքարերի, խաչքարերի, հիմնաքարերի դասակարգման աշխատանքներ:
«Հիմա մաքրման աշխատանքներ են իրականացվում, քարերը արդեն դասավորել ենք, հողը պետք է հավասարեցնել: Այս աշխատանքներից հետո հնագիտական պեղումներ կիրականացվեն, որից հետո կսկսվեն վերականգնման աշխատանքները», – ասել է հնագետ, վերականգնող Բեսիկ Կոլբայան:
Գումբուրդոյի 10-րդ դարի եկեղեցու վերականգնման ծրագիրը իրականացնում է Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը: Եկեղեցու հիմնովին վերականգնումը կտևի 3 տարի: Շինության վերականգնման համար Աբուլ գյուղի քարհանքից հատուկ կբերվեն նույն տիպի քարեր:
Անցած տարի Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը թեթևակի պեղումներ էր իրականացրել, որի արդյունքում գյուղացիների շրջանում դժգոհոթյուններ էին առաջացել: Հնագետ Բեսիկ Կոլբայայի խոսքով՝ մի քանի օրից Թբիլիսիից կժամանեն հնագետները՝ պեղումներ կատարելու նպատակով:
Գումբուրդոյի հայկական եկեղեցին Վրաստանի իշխանությունները վիճահարույց են համարում: