a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սանկտ Պետերբուրգում տեղադրվել է Կոմիտասի հուշարձանը

komitas

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում տեղադրվել է  հայ ժողովրդի մեծանուն զավակ Կոմիտասի հուշարձանը, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սանկտ Պետերբուրգի  նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, ինչպես նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ պետերբուրգցիներ:

Իր ողջույնի խոսքում Գեորգի Պոլտավչենկոն կարևորել է  հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու փաստել, որ  Սանկտ Պետերբուրգում հուշարձանի կանգնեցումը երկու ժողովուրդների անխախտ բարեկամության ևս մեկ վկայությունն է:

-Ամենևին էլ պատահական չէ, որ Կոմիտաս վարդապետի հուշարձանը կանգնեցվում է հենց Վասիլեօստրովսկի վարչական շրջանում, քանի որ հենց այս շրջանում են ի սկզբանե բնակություն հաստատել ու այսօր էլ մեծ թվով հայեր են ապրում: Մշակութային կենտրոն համարվող Սանկտ Պետերբուրգում աշխարհահռչակ երգահանի հուշարձանի տեղադրումը նաև օրինաչափ է: Կոմիտասը հայ ժողովրդի հանճարեղ զավակն է՝ մարդ, ով աշխարհի բազմաթիվ երկրներում քարոզել և փառքով է պսակել հայկական երաժշտությունը: Նրա մշակույթը գերել էր աշխարհի շատ ու շատ երաժիշտների,- Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նշել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետը:

Արձանը տեղադրվել է  Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական Կամսկի այգում: Կոմիտաս վարդապետի՝ 3,3 մետր բարձրությամբ և 1,7 մետր պատվանդանով գրանիտե հուշարձանի հեղինակը Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի դոցենտ Լևոն Բեյբությանն է, ճարտարապետը՝ Մաքսիմ Աթայանցը:

Երևանի և Սանկտ Պետերբուրգի համագործակցության շրջանակում կանգնեցված հուշարձանի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, որն ուղեկցվել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի կենդանի նվագակցությամբ: Այնուհետ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների սպասավորները համատեղ կատարել են Կոմիտաս վարդապետի հուշարձանի օրհնության կարգ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0