a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամբողջ Հայաստանն ու Արցախը՝ Հյուսիսային պողոտայում

1

Սեպտեմբերի 29-ին ամբողջ Հայաստանն ու Արցախը կարելի էր տեսնել մի վայրում՝ Հյուսիսային պողոտայում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված զբոսաշրջային էքսպոյի ընթացքում 12 տաղավարներում ներկայացված էին բոլոր 10 մարզերի, Երևանի և Արցախի մշակութային առանձնահատկությունները։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ցուցահանդեսը Երիտասարդական հիմնադրամի ավանդական միջոցառումներից է։ Ըստ պարոն Ավագայանի՝ նախաձեռնության նպատակն է երիտասարդների ուժերով ներկայացնել, թե ինչ առանձնահատկություններ, ավանդույթներ, սովորություններ կան մարզերում։ Նման միջոցառումները նաև նպաստում են ներքին տուրիզմը զարգացնելուն։ «Մեզ թվում է, թե ամեն ինչ գիտենք Հայաստանի մասին, սակայն մեր մշակույթն ու ավանդույթներն այնքան հարուստ են, որ ամեն անգամ նորանոր բաներ ենք բացահայտում»,- նշեց Կարեն Ավագյանը՝ հավելելով, որ ցուցահանդեսը կյանքի են կոչել Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։

Տավուշցի երիտասարդներն իրենց մարզը ներկայացնելու էին եկել զինվորական հագուստով։ Հայաստանի երիտասարդական կենտրոնի Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը շեշտում է, որ այդպիսով ցանկանում են ցույց տալ, որ տավուշցին միշտ ամուր կանգնած է իր հողին՝ պաշտպանելով հայրենիքը։

Երիտասարդական հիմնադրամի Արմավիրի մարզային կենտրոնի համակարգող Արգամ Արշակյանը նկատում է, որ իրենց մարզը հարուստ է բերքով, բարիքով, տեսարժան վայրերով։ Նա հատկապես շեշտում է, որ Արմավիրում է գտնվում Հայաստանի հոգևոր մայրաքաղաքը՝ սուրբ Էջմիածինը։ «Ունենք արհեստավորներ, արվեստագետներ, որոնք մարզի տարբեր համայնքներում ստեղծագործում են՝ ներկայացնելով հայի արարող ուժը»,- ասաց Արգամ Արշակյանը։ Նա, սակայն, նկատեց, որ մարզում հենց տեղի բնակիչների կողմից իրենց մարզը ճանաչելու խնդիր կա։ Շատերը տեղյակ չեն իրենց մարզի ներուժին, Հայաստանի այլ տարածաշրջանների մշակույթին, հուշարձաններին, և նման միջոցառումները լրացնում են այս բացը։

Արմավիրի մարզի տաղավարում իր գործերն էր ներկայացնում քանդակագործ Գևորգ Գրիգորյանը՝ Հայկավան համայնքից։ Վարպես Գևորգը Երևան է բերել իր փայտե քանդակները։ Պատմում է, որ արմատներն Արևմտյան Հայաստանից են, մանուկ հասակից երազել է գնալ Էրգիր։ Ու իր երազանքներն ու պապերի պատմություններն այսօր հանձնում է քանդակներին։ Վարպետ Գևորգն ասում է, որ ինքն այնքան է կապված իր գործերի հետ, որ դրանք վաճառքի չի հանում։

Նշենք, որ զբոսաշրջային ցուցահանդեսն ուղեկցվում էր մշակութային տարբեր ծրագրերով։ Ներկայացվում էին ազգային երգն ու պարը, մարզերի բերքն ու բարիքը, տարբեր տարածաշրջանների խոհանոցը, տարազները։

  • DSC_0784
  • DSC_0800
  • 2
  • DSC_0781
  • DSC_0782
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0