a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Այն մասին,թե ՀՀ Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինն ինչքան անպիտան է, կամ ինչպես ցրել թեման

F0829891-F0CA-45D3-A01F-BBA10435B5CE_cx0_cy1_cw54_mw1024_s_n_r1

Գաղտնիք չէ, որ ՀՀ Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը երբևէ չի փայլել իր արագ արձագանքելու և մեկնաբանելու կարողությամբ: Քա’վ լիցի,  եթե պատասխան կա՝ թեկուզ ուշացած, փորձում ես կամա-ակամա աչք  փակել ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի վրա` մտածելով, որ, դե լավ, մարդիկ առավոտից մինչ երեկո լարված աշխատում են, թեկուզ մեզնից քիչ ու պարտադիր ընդմիջման ժամով: Երբեմն տեղեկատվությունը ստանում ենք՝ ավելի ճիշտ մի կերպ կորզում ենք այնքան ուշացած, որ արդեն տվյալ իրադարձությունն է «հնանում» ու դառնում ոչ պիտանի: Ի՞նչ կատարվեց այս անգամ:

Մշակույթ-երգարվեստ տրամաբանական կապերի և այդ ոլորտին վերաբերող մի քանի հարցեր Մշակույթի նախարարությանն ուղղելու նպատակով զանգահարում  ենք ՀՀ Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին: Իսկ թեման ՀՀ վաստակավոր արտիստների կոչում շնորհելու սկզբունքները ճշտելն էր, ավելի ճիշտ` ի՞նչ սկզբունքով են կոչում տալիս, ինչու՞ է վերջին տարիներին նժարը թեքվել դեպի շոու բիզնես և արդյո՞ք ճիշտ է մի հարթության մեջ դնել բարձր պրոֆեսիոնալիզմ, մեծ ավանդ ունեցող ու խրթին ճանապարհ անցած մարդուն ռեստորանային  երգիչ-երգչուհիների հետ՝ մեր հարցադրման հիմքում ունենալով նախորդ օրը Արմենչիկին ՀՀ Վաստակավոր արտիստի կոչմանն արժանացնելու թեման:

Նորմալ է, երբ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կետով (հատուկ թիվը չենք նշում՝ ո՛ր կետով) լրագրողն իրավունք ունի հարցադրումներ անել, նորմալ է: Գրետա անունով ոմն աշխատակցուհի, որ անգամ մեր՝ ներկայանալու խնդրանքին ի պատասխան  ասաց՝ պարզապես Գրետա,  նախ  հարցրեց՝ ի՛նչ թեմայի մասին է մեր հարցադրումը լինելու, հետո՝ ասեք հարցերը, փորձեմ ես պատասխանել, չնայած, որ մենք խնդրել էինք փոխանցել հեռախոսը Ալվարդ Սերոբյանին՝ բաժնի ղեկավարին:  Մենք չզլացանք և բարեհամբույր, դանդաղ թելադրեցինք հարցերը: Հարցադրումները լսելուց հետո «պարզապես Գրետան» խնդրեց ժամանակ` պատճառաբանելով, որ սրանք բլից պատասխանների ենթակա հարցեր չեն և որ կմտածեն ու ավելի ուշ կպատասխանեն: Մենք չմերժեցինք, և մեր՝ չուշացնելու և մինչև օրվա ավարտը մեզ պատասխանելու խնդրանքը, կարծես, «պարզապես Գրետան» ինքն էլ չմերժեց:

Արդեն սկսում էինք հավատալ, որ «հրաշքներ» լինում են: Սակայն  մինչև աշխատանքային օրվա ավարտը (դե, իրենց մոտ ենթադրաբար 17:00) մենք մնացինք հեռախոսի կողքին՝ «ամուր նստած»: Որոշեցինք զանգել: Զանգին պատասխանողը մեզ հայտնեց, որ Գրետան արդեն դուրս է եկել, բայց մեր զանգի մասին նրան կտեղեկացնեն: Հաջորդ առավոտ մեր զանգը կիսատ մնաց. մեր ներկայանալուց հետո «ալո» ասողն անմիջապես կախեց լսափողը, ու լսափողի շխկոցն իմ ականջներում ստիպեց սթափվել ու գիտակցել, որ հենց նոր զանգին պատասխանած  այլ հեռախոսավարուհին կամ բաժնի ղեկավարի օգնականի քարտուղարուհին իրոք չի պատկերացնում՝ ո՛րտեղ է աշխատում, որ մենք ոչ թե բնակարան էինք զանգել, որ ով ոնց ուզի, վարվի  (չնայած՝ շատ քիչ է նման արհամարհանքով լսափող վերցնող լինում), այլ պետական կազմակերպության տեղեկատվության բաժին, որտեղ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ լինել բարեհամբույր և հանդուրժող: Ու մի մեծ հիմնարկության հեռախոսը նորից մեկ օր մնաց լուռ,ասել է թե կախ էին դրել` ամեն 10 րոպեն մեկ մեր համառ զանգերը թողնելով օդում. անընդհատ՝ զբաղվա՜ծ-զբաղվա՜ծ…

Անցավ ևս մեկ օր: Արմենչիկի թեման դարձավ ոչ ակտուալ, իսկ նախարարությունը լուռ էր: Մենք էլի զանգեցինք, իսկ մեզ էլի արհամարհեցին, ավելի ուշ մի կին վերցրեց («պարզապես Գրետայի» ձայնին այնքա՜ն նման) ու «ինչա պետք,ասեք, կփոխանցեմ» հարևանական տարբերակով դիմեց մեզ, (կարծես  մենք քյաբաբի առաքում էինք պատվիրել, որն ուշանում էր), մենք էլ  խնդրեցինք, որ փոխանցեն Գրետային, որ դեռ սպասում ենք…իսկ «պարզապես Գրետան» …

Իսկ  «պարզապես Գրետան» ու այդ բաժնի մյուս աշխատակիցներն իմ ու քո հարկերի շնորհիվ են փող ստանում, ու հենց այդ բաժնի իմաստն էլ այն է, որ հասարակայնության հետ պետք է առնչվել բացառապես պրոֆեսիոնալ կերպով, օրենքով սահմանված կարգով պատասխանել լրագրողի հարցերին, ոչ թե արհամարհել, որի իրավունքը «պարզապես գրետաներին» հաստատ տրված չէ (տրված չէ  մեզ անտեսել , արհամարհել, հեռախոս շխկացնել մեզ վրա):  Մանկապարտեզային մակարդակի հարց ցրելու մեթոդն էլ վաղուց անցել է: Ու հույս ունենալու, որ «լավ  դե,կհոգնեն չեն զանգի» գաղափարն  էլ է անցել ու չի լինելու էլ:

Եթե մարդը պրոֆեսիոնալ չէ իր  գործում, ուրեմն՝ ցտեսությու՛ն, ես ու ինձ պես բազմաթիվ լրագրողներ պարտավոր չենք ոչ  պրոֆեսիոնալ մարդկանց հետ առնչվել ու նյարդեր, ժամանակ, առողջություն փչացնել ու ժաաաա՜մերով սպասել: Հեշտ են սովորել. հեռախոս չվերցնելով անարգել ու անտեսել լրագրողի լարված ու հագեցած աշխատանքը:

Եթե կոչում պետք է տաք ու հետո «թաքնվեք» Ձեր «կախ լսափողի հետևում»՝ չունենալով պատասխան, այդ դեպքում ու՞մ են պետք Ձեր կոչումները, բա  չե՞ք մտածում, որ կզանգեն, կհետաքրքրվեն, այդքան վստահ կոչում եք տվել, հաստատել, է բա նաև վստահ պատասխանեք (եթե Դուք էլ չեք տվել, ապա  Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Թաթա Սիմոնյանը առաջադրվել ու ստացել են այդ կոչումը որպես մշակութային գործիչ, ու եթե մշակութային գործիչները չեն առնչվում Ձեր նախարարության հետ, ապա բա էլ ու՞մ, միգուցե «տաքսիստների ասոցացիայի՞»), իսկ օրենքը լրագրողին լրիվ թույլ է տալիս դա անել, մանավանդ կոչում են տալիս ռաբիս երգչի, բա բնական է, կհետաքրքրվեն: Թե՞ հասարակայնության հետ կապերի բաժնի հեռախոսահամարը միայն «մանուշակագույն թիթեռնիկներով» պարուրված հսրցերի համար է, ասենք՝ ցուցահանդեսը մինչև ե՞րբ է լինելու, ապրի նախարարությունը, ի~նչ լավ համերգի աջակից է, հաջորդը ե՞րբ է… բա եթե ոչ Մշակույթի նախարարությունը, էլ ո՞վ է առաջինը պատասխանատու մեր մշակույթի ներկայի, ապագայի և նրա զարգացման հարցում: Իսկ երբ զանգում էլ ես նախարարության տարբեր բաժիններ (Կա նախարար, նախարարի 3 տեղակալ, նախարարի 2 խորհրդական, նախարարի 2 օգնական, նախարարության աշխատակազմի ղեկավար, նախարարության աշխատակազմի ղեկավարի օգնական, 7 վարչություններ՝ իրենց ղեկավարներով ու աշխատակիցներով, 5 բաժիններ՝ իրենց ղեկավարներով և աշխատակիցներով, 5 առանձնացված ստորաբաժանումներ՝ իրենց ղեկավարներով ու աշխատակիցներով. այսքան մարդ է աշխատում մեր նախարարությունում. սա՝ ի գիտություն), լսում ես միևնույն պատասխանը. «զանգեք հասարակայնության հետ կապերի բաժին»: Բաժին, որն այդպես էլ 5 օրվա մեջ չկարողացավ պատասխանել երեք հարցի, կամ որ նույնն է, հուշենք, գոնե ասեին, որ նախարարը չի մեկնաբանում այս ամենը, այսինքն, տային թեկուզ ոչ սպառիչ , բայց գոնե պատասխան, այլ ոչ թե վիրավորել, անտեսել, անարգել, խոսափել, անջատել,  խաբել և որ ամենակարևորն է՝ լինել ոչ պրոֆեսիոնալ:

Մի ամբողջ բաժին իմ ու քո հարկերի շնորհիվ փող է աշխատում, մի ամբողջ բաժին, որն այդպես էլ 5 օրվա ընթացքում չցուցաբերեց բարձր պրոֆեսիոնալիզմ սեփական աշխատանքի նկատմամբ: Իսկ ես դա չեմ ուզում, չեմ ուզում մի պարզ պատճառով, որ երկրի մշակութային գլխավոր պետական կազմակերպությունում չպետք է լինեն ոչ պրոֆեսիոնալներ, չպետք է լինեն իրենց գործից գլուխ չհանող, մարդկանց հետ վարվել չկարողացող մարդիկ:

Հ.Գ. ՀՀ  Մշակույթի Նախարարության մեր հարգելի՛ կոլեգաներ, ուզում եմ հիշեցնել, որ սահմանադրությունից զատ կա նաև Ձեր կանոնադրությունը, որի III գլխի (Բաժնի գործառույթները) 7-րդ կետի 2-րդ ենթակետում պարզ գրված է. «Նախարարության գործունեության ոլորտին առնչվող, հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ տրամադրվում են տեղեկատվական նյութեր»․ նշանակում է՝ բաժնում անգամ սահմանադրությունն էլ չգիտեն, եթե այդպես է, ուրեմն այնտեղ աշխատելու իրավունք չունեն, իսկ եթե գիտեն, ուրեմն էլի այնտեղ աշխատելու իրավունք չունեն կանոնադրության վրա թքած ունենալու, տարրական էթիկայի կանոններն անտեսելու ու լրագրողների հետ վարվել չիմանալու պարզ պատճառով: Կա նաև երրորդ տարբերակ, այն է՝ ներողություն խնդրել հրապարակայնորեն ու դուրս գալ աշխատանքից: Տարբերակները ինչպես տեսնում եք, շատ են…Ընտրել է պետք:

Սյուզաննա Գարեգինյան (Culture.AM)

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0