a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
20/08/2015

Անդրանիկի միակ կանգուն մնացած տունը թանգարան կդառնա

65537

Հայկական ժամանակ-ը գրում է․ Զորավար Անդրանիկի` Վառնայում գտնվող տունը թերեւս հաջորդ տարի կվերածվի տուն-թանգարանի: Բուլղարիայի կուրորտային այս քաղաքում ֆիդայապետի առանձնատունն, ի դեպ, նրա ունեցած տներից միակն է, որ կանգուն է մնացել: Ամերիկայի Միացյալ Նահանգներինը հրո ճարակ է դարձել, Արեւմտյան Հայաստանինը նույնպես չի պահպանվել: Իսկ Վառնայի տունը 1900-ականների առաջին տասնամյակում Անդրանիկ Օզանյանը կառուցել է իր իսկ ձեռքով, որտեղ ապրել է վեց-յոթ տարի:

2013 թվականին այն գնվել է Բուլղարիայի հայերի միության նախագահ Հարություն Հովսեփյանի երկարատեւ ջանքերի շնորհիվ ու նաեւ նրա անձնական միջոցներով: Մինչ այդ նախատեսվում էր, որ կառույցը պետք է ապամոնտաժվի: Անդրանիկի կնոջ դստեր ժառանգները որոշել էին այն վաճառել, իսկ դրա տեղում պետք է վեր խոյանար բազմաբնակարան մի շենք:

Բուլղարիայի հայերի միության գլխավոր քարտուղար Ներսես Կետիկյանը երեկ մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ նախատեսում էին թանգարանը բացել այս տարի` Զորավարի 150-ամյակին, բայց չհասցրին, քանի որ նախապատրաստական աշխատանքները, պարզվեց, բազմաթիվ են: Նա փոխանցեց, որ ցանկանում են առանձնատունը բերել այն տեսքին, ինչպիսին եղել է հարյուր տարի առաջ` Անդրանիկի ապրած ժամանակ: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում ազգագրագետները, հնագետները: «Արտաքինից ամեն ինչ նույնն է, ինչ որ այն ժամանակ, բայց տանիքը բավական վնասված է, այն պետք է գրեթե ամբողջությամբ փոխվի: Նաեւ ցանկանում ենք, որ վերականգնողական աշխատանքները լավագույն ձեւով կատարվեն: Դրա համար հիմա ամեն ինչ դանդաղ է ընթանում: Եւ երբ որ տունը վերջնական տեսքի բերվի, ամեն բան ավարտվի, անմիջապես դրանից հետո այն ներկայացվելու է պետական պատկան մարմիններին, որ գրանցվի պատմական հուշարձանների ռեգիստրում, որպեսզի այլեւս դրանից հետո, կապ չունի` ով կլինի սեփականատերը, ընդհանրապես որեւէ մեկը չկարողանա այդ տանը ձեռք տալ»,- ասաց Ներսես Կետիկյանը:

Նա կարծում է, որ, չնայած Անդրանիկի տուն-թանգարանը որպես հուշարձան գրանցելու ճանապարհին սպասվող դժվարություններին, իրենք կկարողանան հասնել նպատակին: «Այո, դժվարություններ կան անշուշտ, բայց ամեն ինչ անելու ենք, որ որեւէ դժվարություն մեզ հետ չկանգնեցնի, այլ մինչեւ վերջ մենք մեր նպատակներին հասնենք, եւ այդ տունը ոչ միայն դառնա տուն-թանգարան, լինի պարզապես շենք, այլ ուխտատեղի մեր ժողովրդի համար: Եւ ընդհանրապես… Շատ ծրագրեր կան, բայց հիմա դեռ վաղ է դրանց մասին խոսելը»,- շարունակեց Բուլղարիայի հայերի միության գլխավոր քարտուղարը:

Իսկ այս ընթացքում, ըստ նրա, կարգի է բերվել Զորավարի տան բակը, որը բավական անմխիթար վիճակում էր ու կարծես անտառի էր վերածվել: «Միաժամանակ նաեւ մենք հայտարարել ենք եւ հավաքագրում ենք թանգարանային նմուշներ, իրեր, որոնք որ պատկանել են Անդրանիկին կամ որեւէ ձեւով կապ են ունեցել իր հետ, որպեսզի երբ որ թանգարանը բացվի, այդ բոլոր իրերը, որոնք ամենայն խստապահանջությամբ գրանցվում են մեզ մոտ, դրված լինեն թանգարանում` ի ցուցադրություն այցելուների համար»,- տեղեկացրեց Կետիկյանը: Ստացված առարկաներից մի քանիսը թվարկելով` նա նշեց, որ իրենց մոտ է հայդուկապետի, օրինակ, մեծադիր հայելին, որը նա անձամբ է գնել եւ տեղադրել այդ տանը: «Հետագայում այդ հայելին անցել էր ուրիշ քաղաքում ապրող մի հայ ընտանիքի ձեռքը: Իրենք դա նվիրեցին տուն-թանգարանին: Բանալին է մեզ մոտ` Վառնայի այս տան առաջին կողպեքի բանալին, որն Անդրանիկը օգտագործել է: Մուշտուկը կա, որը նա իր զինվորներից մեկին է նվիրել: Այստեղ նրա թոռը մեզ վերադարձրեց թանգարանի համար: Բալկանյան պատերազմի ժամանակ իր պապիկը կարծեմ կռվել է հայկական գնդում»,- շարունակեց ներկայացնել մեր զրուցակիցը:

Այս տանը Անդրանիկի ապրած տարիներից նաեւ որոշակի կահույք է պահպանվել: Նրա կնոջ ժառանգները վստահեցրել են, որ դա հենց տվյալ ժամանակաշրջանի է: Մասնագետը եւս հաստատել է այդ պնդումը: Այժմ կահույքը մշակվում ու վերականգնվում է: Նախատեսվում է մասնագետների հետ խորհրդակցելուց հետո նաեւ պարսպապատել Զորավարի տունը այնպես, ինչպես եղել է ժամանակին:

Ավելին՝ Armtimes.com կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0