a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բացվել է Մուշեղ Գալշոյանի թանգարան- հուշահամալիրը

թանգարան

Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ կառուցված արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, պետական և հասարակական տարբեր կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ և Գալշոյանի արձակի հարյուրավոր երկրպագուներ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Մուշեղ Գալշոյանի այրին և զավակները:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, թանգարան-հուշահամալիրի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և արձակագրի դստերը՝ Սիրանուշ Գալշոյանին:   «Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրի նախաձեռնության, կառուցման հեղինակը մեր երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է: Տարիներ առաջ, 2001թ.-ին, ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հայրենի Արեգ գյուղ այցի ժամանակ Կաթնաղբյուրով անցնելիս վարչապետը ցույց տվեց այս լանջն ասելով, որ սա Մուշեղի ամենասիրված վայրերից մեկն է»,- ներկայացնելով թանգարանի ստեղծման նախապատմությունը՝ ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ  Կամո Արեյանն՝  ավելացնելով, որ հենց այդ այցելությանն է հետևել վարչապետի հանձնարարականը՝  սկսելու երկու կարևոր շինարարություն՝ Թալինի բերդի վերականգնումն ու այդ լանջին Մուշեղ Գալշոյանի հուշահամալիրի ստեղծումը:
«Ճիշտ կլինի, որ կառույցների ճարտարապետներից գոնե մեկը սասունցի լինի»,- հորդորել է վարչապետն ու շինարարության սկզբից սկսած ամեն անգամ Իրինդ այցելելիս անպայման նաև շինհրապարակում է եղել, նայել, նաև խորհուրդներ տվել:
«Մեր վարչապետի նպատակը մեկն էր. այս շրջանում ստեղծել հոգևոր մի կենտրոն, որտեղ պետք է ապրի մեր ժողովրդի ոգին, մեր ժողովրդի առնականությունը, մեր ժողովրդի հավատարմությունն իր հայրենիքին»,- նշել է   Կամո Արեյանն ավելացնելով, որ վարչապետի ցանկությունն էր նաև, որ սա լինի ոչ թե մեկ գյուղի, մեկ գրողի թանգարան, այլ լինի համազգային նշանակության հոգևոր մի կենտրոն, որտեղ պիտի ապրի գրականությունը, պիտի ապրեն Մուշեղ Գալշոյանի գրական հերոսների հետնորդները:
Ցավոք վարչապետը չհասցրեց ավարտված տեսնել իր նախաձեռնությունը, և տարիներ անց նրա որդին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գրողի ժառանգների հետ հետևողականորեն շարունակեցին մեծ հայրենասերի գործն ու ավարտին հասցրեցին թե ներքին հարդարման, և թե թանգարանի կահավորման աշխատանքները:
Թանգարան-հուշահամալիրի բացման հանդիսությունը շարունակվել է ազգային ու ազգագրական երգ ու պարով հագեցած համերգային ծրագրով, որն իսկական տոնախմբության է վերածվել:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0