a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
08/12/2015

Համո Սահյանի որդին վաճառում է հոր արխիվը

A961ED53-4CD5-47D2-96B4-FAA69B2781EB_w1000_r1_s

Azatutyun.am-ը գրում է. Նաիրի Սահյանը հոր տուն-թանգարանի կառուցումն ավարտին հասցնելու հարցում իշխանություններից հույսը կտրել է, մինչդեռ, մշակույթի նախարարը հավաստիացնում է՝ աշխատանքներն ընթացքի մեջ են:

20-րդ դարի լավագույն հայ բանաստեղծներից Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը ստիպված է վաճառել հոր անտիպ ձեռագրերն ու նամակները, որպեսզի կարողանա ավարտին հասցնել հայրենի Լոր գյուղում բանաստեղծի տուն-թանգարանի կառուցումն ու մայրաքաղաքում մեծանուն բանաստեղծի արձանը տեղադրել:

«Սրանք տպագրված չեն, ձեռագրեր են, սրանք շատ թանկ բաներ են, որովհետև, իմանալով, որ չի տպագրվելու, անկեղծ գրել են մարդիկ: Փակ տեքստով, բայց տողերի տակ էդ դժգոհությունը կա, որ կերան, ոհմակը կերավ: Էն իսկական գրականությանը խեղդում ա, սպանում ա: Բոլորի մոտ այդ ցավը կա, Գեղամ Սարյանի, Պարույր Սևակի նամակներն են»,- ցույց տալով մասունքները, «Ազատության» հետ զրուցում ասում է Նաիրի Սահյանը։

Համո Սահյանի տուն-թանգարանը, որ իշխանությունները խոստացել էին մեծ շուքով բացել բանաստեղծի հարյուրամյակին՝ 2014 թվականին, մինչ օրս անավարտ է։

«Մինչև հիմա ոչ մի բան արված չի: Գնացի մարզպետի մոտ, ասաց՝ փող եմ ուղարկել մշակույթի նախարարություն, այնտեղ ասեցին քիչ են ուղարկել, չգիտես ում հավատաս: 2014 թվականի ապրիլին պիտի բացվեր՝ պապայի ծննդյան օրը: Մշակույթի նախարարն ինձ համար անհասանելի ա։ ինչքան զանգում եմ, ինքը չի վերցնում հեռախոսը, հերթի եմ գրվում, հերթս չի հասնում»,- շարունակում է բանաստեղծի որդին:

Երևանում Համո Սահյան բանաստեղծի մասին հիշեցնում է միայն նրա նախկին տան մոտ տեղադրված վնասված կիսանդրին և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում գտնվող անկյունը։ Ծանոթների հատկացրած փոքր սենյակում հոր ժառանգությունը խնամքով պահպանող Նաիրի Սահյանը դժվարությամբ է հրաժարվում դրանից։

«Ոչ թե ափսոսանք, այլ սիրտս կտրտվում է։ Սա պետք է լիներ գրականության ինստիտուտում, եթե չլինեին այս պրոբլեմերը, ես կտայի իրենց։ Բայց ես պիտի լուծեմ այս հարցը, ես վերջին ժառանգն եմ ցավոք սրտի։ Ես չանեմ, ո՞վ է անելու»։

Բանաստեղծի որդին ցավով է նշում, որ իշխանությունները ոչ միայն չեն ավարտում թանգարանի կառուցումն ու չեն օժանդակում արձանը տեղադրելու հարցում, այլև չեն պահպանում եղածը։ Ցույց է տալիս Երևանի քաղաքապետարանի պատասխան նամակը, որտեղ ընդամենն ասվում է՝ Սահյանի նախկին տան մոտ տեղադրված կիսանդրին վնասվել է ոչ թե իրենց մեղքով, այլ քամու հետևանքով, և իրենք չեն կարող այն նորոգել։

Բանաստեղծի 70-ամյա որդին հիշում է անցած տարիների նամակագրությունը իշխանության ներկայացուցիչների հետ։ Նամակները մեկը մյուսից հիասթափեցնող են, ասում է նա:

Ավելին՝  Azatutyun.am գործակալության

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0